ԻՊԱՍ-ի (Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների) և քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հայտարարությունը Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ
Վերջին տարիներին Նուբարաշենի աղբավայրը հաճախ է այրվում՝ մթնոլորտային օդ արտանետելով վտանգավոր հիվանդածին նյութեր։ Յուրաքանչյուր անգամ տրվում են ժամանակավոր լուծումներ, հիմնականում վերին շերտը հողով ծածկելու միջոցով՝ մինչև հրդեհի հաջորդ բռնկում։
Ներքոստորագրյալ կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունից և Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք․
✅Կազմակերպել հանրային լսումներ՝ մասնագիտացած և շահագրգիռ կազմակերպությունների և մասնագետների մասնակցությամբ՝ քննարկելու աղբի տեսակավորման, վերամշակման գործարանի և չվերամշակվող թափոնների անվտանգ ուտիլիզացիայի համար պոլիգոնի կառուցման անհրաժեշտության ծրագիրը և նշված խնդիրները լուծելու առավել արդյունավետ մոտեցումները։
Կարդացեք նաև
✅Հնարավորին կարճ ժամանակահատվածում հայտարարել մրցույթ աղբի տեսակավորման, վերամշակման ենթակա թափոնների ընդլայնման և դրա համար ենթակառուցվածքի կառուցման, իսկ չվերամշակվող թափոնների անվտանգ ուտիլիզացիայի համար պոլիգոնի կառուցման նպատակով՝ համագործակցելով միջազգային չափանիշներին համապատասխանող արտասահմանյան կազմակերպությունների հետ փորձի փոխանակման համար,
✅Հնարավորին կարճ ժամանակահատվածում փակել/կոնսերվացնել Նուբարաշենի աղբավայրը՝ ապահովելով շրջակա միջավայրի պաշտպանությունը և թունավոր նյութերի արտահոսքի և արտանետման բացառումը։
✅Իրականացնել հսկողություն երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելքի պահպանման նպատակով։
✅Մինչև Նուբարաշենի աղբավայրը փակելը վերահսկել և կանխել/բացառել աղբավայրում թափոնների հավաքման և տեսակավորման գործունեությունը, իսկ անհնարինության դեպքում ապահովել աղբավայրում կամ տեսակավորման աշխատանքներում ներգրավված անձանց (ներառյալ ոչ ֆորմալ աշխատողներ) անհապաղ պաշտպանիչ միջոցներ, պատվաստումներ և առողջական ստուգումներ։ Իսկ մասնագիտացված ծառայությունների (օրինակ՝ հրշեջ-փրկարարական) աշխատանքներն իրականացնել բացառապես պաշտպանիչ միջոցների ապահովմամբ։
✅Առողջապահության նախարարության և փորձագիտական գիտելիք ունեցող այլ մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ իրականացնել ուսումնասիրություն գնահատելու ներկայիս իրավիճակը, առողջության համար ռիսկերը և արդեն իսկ պատճառված վնասը՝ ներառելով երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց և այլն։
✅Ապահովել օդի, հողի և ջրի աղտոտվածության անկախ, պարբերական և հրապարակային մշտադիտարկում, որպեսզի բնակիչները տեղեկացված լինեն աղտոտման մակարդակի մասին և կարողանան ձեռնարկել պաշտպանիչ քայլեր։