Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ յուրաքանչյուր հանրապետության եւ ԱՄՆ-ի միջեւ առանձին ստորագրված համաձայնագրերը բազմաթիվ կողմեր ունեն։
Հնարավոր է, որ դեռ վաղ է գնահատել այդ համաձայնագրերի նշանակությունը։ Դրանցից որոշները միայն ընդհանուր սկզբունքներ են առաջարկում, մյուսները չունեն բավարար մանրամասներ՝ վերջնական դատողություններ անելու համար։ Այնուամենայնիվ, ստորեւ ներկայացված են նախնական դիտարկումներ, որոնք կարող են օգտակար լինել ընթերցողներին՝ այդ համաձայնագրերի բովանդակությանն ու նշանակությանը գնահատական տալու համար։
Այս պահին իմ նպատակը չէ մանրամասնորեն վերլուծել փաստաթղթերում ներառված բոլոր հարցերը։ Իմ դիտարկումները կկենտրոնանան դրանց նշանակության վրա՝ Հայաստանի համար եւ թե ինչ տեղ կարող են դրանք ունենալ միջազգային հարաբերություններում։
Բացի այդ, այս մեկնաբանությունը կսահմանափակվի Հայաստանի համար այդ փաստաթղթերի նշանակությամբ՝ Ադրբեջանի համար դրանց բովանդակային մեկնությունը թողնելով այլոց։
Կարդացեք նաև
Վերջապես, ընդունելով, որ Հայաստանի Մեղրիի շրջանը՝ տարանցիկ ճանապարհի հանգույցը, կարող է լինել աշխարհի ամենակարեւոր հողակտորներից մեկը, ես այդ հարցի քննարկումը կթողնեմ հետագա մեկնաբանության համար։ Բացի այդ, կան բազմաթիվ գործընկերներ, որոնք ինձանից ավելի գիտակ են եւ կարող են դիտարկել այդ չափումը։
I.Մեթոդաբանություն
1.Անկախ նրանից, թե ով է հովանավորել այս փաստաթղթերի ստորագրումը, հիմնական փաստն այն է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը համապատասխան սկզբունքներին։ Այս երկու երկրները նախկինում էլ հայտարարել են նման սկզբունքներին հետեւելու պատրաստակամության մասին։ Տարբերությունն այստեղ այն է, որ այս անգամ այս քաղաքականությանը նրանք հասել են երկկողմ գործընթացների միջոցով՝ որպես արդյունք այս երկրների ղեկավարությունների իսկ տրամաբանությամբ։
2.Վաշինգտոնում ստորագրված այս փաստաթղթերի բովանդակության ամենակարեւոր եւ ուշագրավ փաստերից մեկն այն է, որ դրանց մեծ մասը համաձայնեցվել էր մինչեւ առաջնորդների այցը ամերիկյան մայրաքաղաք, եւ դա արվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի բանակցությունների միջոցով։ Թեեւ խաղաղության համաձայնագրի նախնական նախագծերի ընթացքում եւրոպացի եւ ամերիկացի դիվանագետները որոշակի ներդրում են ունեցել, սակայն հետագա նախագծերը եւ այլ հարցեր մշակվել են երկու երկրների միջեւ՝ տարբեր մակարդակներում՝ թե՛ բաց, թե՛ գաղտնի բանակցությունների արդյունքում։ Կարելի է պնդել, որ այս երկկողմ հաղորդակցություններն ավելի արդյունավետ էին, քան երկու տասնամյակից ավելի տեւած միջազգային միջնորդավորված ջանքերը։
Այս փաստաթղթերը նշանակալի քայլ են ճիշտ ուղղությամբ՝ թե՛ բովանդակային, թե՛ բանակցային տեխնոլոգիայի առումով։ Այդ կարեւորության աստիճանը հիմնականում կախված է նրանից, թե արդյոք Երեւանն ու Բաքուն կշարունակեն համատեղ աշխատանքը՝ զարգացնելու այն, ինչն արդեն ձեռք է բերվել․ ինչպես ցանկացած հարաբերություններում, միջպետական հարաբերությունները պահանջում են ամենօրյա ուշադրություն, հոգատարություն եւ զգոնություն։
3.Կարեւոր է չմեկուսացնել այս փոխկապակցված եւ միմյանցից կախված փաստաթղթերի որեւէ առանձին կողմ՝ քաղաքական եւ/կամ գաղափարախոսական գնահատականներ տալով, փոխանակ ռազմավարական եւ քննական վերլուծումների։ Այս փաստաթղթերն ընդամենը մի կարեւոր հանգրվան են մի հակամարտության կյանքում, որը բնորոշվում է երկու կարեւոր հատկանիշներով՝ փոփոխությամբ եւ անակնկալներով։ Այս պահի նշանակության մասին բացարձակ վստահությունը միայն աչք է փակում հնարավորությունների առաջ, որոնք այն ընձեռում է, եւ մարտահրավերների առաջ, որոնք այն ստեղծում է։
4.Ցանկալի կլիներ, որ փաստաթղթերի ստորագրումը կատարվեր երկկողմ ձեւաչափով, այլ ոչ թե մի հզոր պետության հովանու ներքո, որը դրա դիմաց իր գինն է պահանջել։ Իհարկե, ԱՄՆ-ն ոչ մի միջոց չուներ կողմերին ստիպելու գալ Վաշինգտոն եւ ընդունել Թրամփի վարչակազմի պահանջած զիջումները։ Ակնհայտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, նրանցից յուրաքանչյուրն իր սեփական պատճառներն ուներ ընդունելու ԱՄՆ նախագահի հրավերը։
5.Հաշվի առնելով, երկկողմ բանակցությունների կենտրոնական դերը այս փաստաթղթերի ստորագրմանը հասնելու գործում, զարմանալի է, թե ինչու երկու երկրները համաձայնեցին այդ պատիվը տալ երրորդ կողմին, եւ առհասարակ՝ ԱՄՆ-ին։ Կողմերը, անշուշտ, գիտակցում էին, որ այդ քայլը նշանակում էր Մոսկվայի ցանկացած դերի ուղղակի մերժում։ Կարծես երկու հանրապետություններից յուրաքանչյուրը, Ադրբեջանը եւ Հայաստանը, մեկ կամ ավելի պատճառներ ունեին այդպես վարվելու համար։ Հայաստանի համար սա հստակ պատասխան էր Ռուսաստանի երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունների չկատարմանը՝ Արցախի եւ Հայաստանի նկատմամբ, սկսած 2020 թ․ պատերազմից։ Ադրբեջանի համար դա, ամենայն հավանականությամբ, միաժամանակ Արեւմուտքի կողմից նախագահ Ալիեւի ու նրա ռեժիմի ընդունման անհրաժեշտությունն էր եւ ԱՄՆ-ի աջակցության կարիքը՝ իր ածխաջրածնային պաշարների արդյունահանման ոլորտում նոր ներդրումների անհրաժեշտությունը։
6.Վաշինգտոնի գագաթնաժողովը, գոնե այս փուլում, խաղաղության գործընթացը վերադարձրեց միջազգային ասպարեզ՝ մեկ կարեւոր բացառությամբ․ Եվրոպան, Ռուսաստանը եւ այլ շահագրգիռ կողմեր դուրս մնացին դրանից։ Սա ԱՄՆ-ի միակողմանի նախաձեռնությունն էր։ Այն հակասում էր նախորդ նմանատիպ գործընթացներին, որոնցում ներգրավված էին նաեւ այլ երկրներ, նույնիսկ եթե համաձայնագրերը առաջ էին մղվում մեկ պետության կողմից։
7.Դժվար է գնահատել՝ սա կդառնա առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտ ապագա քայլերի համար։ ԱՄՆ-ի կողմից Բոսնիական հակամարտության դեպքում պարտադրված Դեյթոնի համաձայնագրերը հուշում են, որ մեկ երկրի ճնշումն ավելի արդյունավետ կարող է լինել, քան բազմակողմ միջնորդությունը։ Սակայն այդ դեպքում ԱՄՆ-ը պատրաստ էր եւ պատրաստակամ՝ օգտագործելու ՆԱՏՕ-ի ուժը՝ ստիպելու կողմերին համաձայնության հասնել։ Հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում նման ուժ չկիրառվեց։
Միջնորդները կարող են օգտակար լինել, բայց նրանք հաճախ անզոր են կամ էլ չեն ցանկանում լուրջ ճնշում գործադրել, իսկ եթե նրանք մեծ տերություններ են, ապա միշտ իրենց միջնորդական կարգավիճակը կօգտագործեն՝ իրենց մրցակիցների կամ հակառակորդների նկատմամբ ռազմավարությունների մեջ, ինչպես նաեւ կփորձեն ինչ-որ բան շահել գործարքից՝ բարդացնելով հետագա քայլերը՝ հեշտացնելու փոխարեն։
8.Օգոստոսի 8-ին տանող գործընթացը հեշտացվեց, եթե ոչ՝ հնարավոր դարձավ, ինչպես նշել է ֆրանսահայ վերլուծաբան Կայծ Մինասյանը, երկու կարեւոր մայրաքաղաքների շնորհիվ․ Անկարան օգտակար եղավ վերջին ամիսներին Բաքվին զսպելու հարցում, իսկ Փարիզը դիվանագիտական աջակցություն տրամադրեց Հայաստանին՝ վճռորոշ պահին։
Նման աջակցության ցուցաբերումը, իրականում, հենց հարեւան եւ մեծ տերությունների դերը պետք է լինի։
9.Այս համաձայնագրերը շրջանցում են բազմաթիվ կարեւոր հարցեր․ օրինակ՝ Բաքվում գտնվող հայ գերիների ճակատագիրը, հայկական մշակութային հուշարձանների ոչնչացումը։ Հուսանք՝ դրանք հնարավոր կլինի քննարկել ավելի ուշ, երբ այս համաձայնագրերը նպաստեն ատելության, կասկածների եւ վախերի նվազմանը, ինչպես նաեւ՝ վստահության եւ հարգանքի ավելացմանը։
II.Հայաստանի շահերը
Փաստաթղթերի ամբողջականությունը գնահատելու միջոցներից մեկն այն է, թե որքանով է դրանց բովանդակությունն արձագանքում Հայաստանի առջեւ ծառացած ամենակարեւոր մարտահրավերներին։
10․Կարծում եմ՝ կարելի է հաստատել, որ այս փաստաթղթերն ամրապնդում են Հայաստանի ինքնիշխանության պահպանումը եւ նրա տարածքային ամբողջականության ապահովումը։ Ադրբեջանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ հարգելու Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այժմ Ադրբեջանը պարտավորվել է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ մի նպատակ, որին Երեւանը վաղուց էր ձգտում, բայց որին Բաքուն դիմադրում էր։
11․Փաստաթղթերը նաեւ նվազեցնում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողության սպառնալիքը Հայաստանի հարավում, որի նպատակը պիտի լիներ միջանցք ապահովելը Մեղրիի տարածքով՝ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի էքսկլավի միջեւ։ Այդ սպառնալիքը երկար ժամանակ կախված էր Հայաստանի գլխին՝ առաջացնելով անհանգստություն եւ անորոշություն բնակչության շրջանում, ինչպես նաեւ հնարավոր ներդրողների մոտ։ Բաքվի համաձայնությունը՝ վերահաստատելու ուժի չկիրառման սկզբունքը Հայաստանի հետ մնացած տարաձայնությունները կարգավորելու համար, տվյալ իրավիճակում չի կարելի ռեֆլեքսիվ կերպով անտեսել։
12․Այս համաձայնագրերի արժեքը գնահատելիս պետք է հաշվի առնել, թե ինչ ընտրանքներ ունի Հայաստանը․ դրանք այնքան էլ շատ չեն։ Նույնիսկ երբ Հայաստանը հաղթանակ էր տարել Ղարաբաղյան առաջին պատերազմում, ընտրությունը «լավի» եւ «վատի» միջեւ չէր, այլ «վատի» եւ «ավելի վատի»։
13․Հայաստանի ժողովուրդն ու նրանք, ովքեր հոգ են տանում նրա մասին, լավ առիթ ունեն փոքր-ինչ հանգիստ շունչ քաշելու, քանի որ այս փաստաթղթերը հեռացնում ու նվազեցնում են անվտանգության հիմնական սպառնալիքը։ Մեր ժողովուրդը նաեւ իրավունք ունի ունենալու ավելի խոստումնալից ապագա՝ ընդհանուր առմամբ ավելի քիչ անորոշությամբ եւ իրենց որդիների ճակատագրի համար ավելի քիչ մտահոգությամբ։ Խաղաղ ապագայի հույսը անհրաժեշտ պայման է հասարակության եւ պետության միջեւ արդյունավետ ու դրական հարաբերությունների, ինչպես նաեւ ժողովրդավարության ու սոցիալական ներդաշնակության համար։
14․Այս փաստաթղթերի ստորագրումը նաեւ փորձություն է Հայաստանի ընդդիմության համար։ Այդ ընդդիմության մեծ մասը պնդում էր, որ Հայաստանը շարժվում է դեպի նոր պատերազմ եւ ինքնաոչնչացում, եւ որ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնելու է այդ հետեւանքներին։ Նրանց սովորական գործելակերպը իրենց քաղաքականությունն ու քայլերը մեկնաբանելու եղանակը գտնելն է՝ պատճառներ ու պատճառաբանություններ՝ արդարացնելու համար իրենց անվերապահ ու բացարձակ հակառակությունը Փաշինյանի կառավարությանը. որոշ դեպքերում դա արդար ընդդիմություն է, բայց հիմնականում սխալ մղումներից ծայր առած։ Դա գուցե նորմալ կլիներ սովորական պայմաններում, ինչն այսօրվա Հայաստանի պարագան չէ։ Տեսնենք՝ արդյո՞ք այս ուժերը կկարողանան գնահատել այն դրական ուղղությունը, որով շարժվում են հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մտասեւեռ նպատակի փոխարեն։
Անհնար է մտահոգություն հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականության եւ անվտանգության համար եւ միաժամանակ չգնահատել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ու Ադրբեջանի՝ հետագայում ուժ չկիրառելու հանձնառության դրական կողմերը՝ Հայաստանի հետ մնացած տարաձայնությունները կարգավորելու համար։
Ոչ մի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ չի տալիս անվտանգության ու խաղաղության անխախտ երաշխիք։ Հնարավոր չէ նաեւ պնդել, որ այս փաստաթղթերը նման երաշխիք են տալիս։ Սակայն նրանք, ովքեր չեն կարողանում գնահատել այդ ուղղությամբ արված դրական քայլերը, անկասկած, նպաստում են ինքնանախանշված կանխատեսումների իրականացմանը։
15․ Անկասկած, այս պայմանավորվածությունը մեծացնում է Հայաստանի ռազմավարական նշանակությունը, որը դուրս էր մնացել Հարավային Կովկասում միջազգային նշանակության տարանցիկ ուղիներից։
III. Չորս հիմնական հարցեր
Ինչ վերաբերում է Բաքվի բարձրացրած՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտ հանդիսացող երկու հարցերին՝ ի տարբերություն Վաշինգտոնում տեղի ունեցած նախաստորագրման, եւ ավելին․
16․Նախ՝ Ադրբեջանի քաղաքացիների եւ բեռների համար Ադրբեջանից դեպի իր Նախիջեւանի էքսկլավ Մեղրիով տարանցիկ ճանապարհի դժվար հարցը․ ընդունվել է նոր բանաձեւ՝ վարձակալություն ամերիկյան կառույցի հետ, որը գործելու է ինքնիշխան Հայաստանի տարածքային իրավունքների եւ վերահսկողության ներքո։ Տարածաշրջանային եւ այլ տերությունների ռազմավարական շահերի համար այս պայմանավորվածության հետեւանքներին կանդրադառնամ ավելի ուշ։
Հիմնական կետն այստեղ այն է, որ պայմանավորվածությունը չունի որեւէ հստակություն․ այս պահին դժվար է իմանալ, թե ինչպես են ընդհանուր սկզբունքները կյանքի կոչվելու։ Դա կախված կլինի այն օրենսդրությունից, որը Հայաստանի Ազգային ժողովը պետք է ընդունի այս հարցի առնչությամբ, ինչպես նաեւ բանակցություններից, որոնք պետք է սկսվեն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ Ադրբեջանի եւ, հնարավոր է, Թուրքիայի որոշակի ներգրավմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Իրանի գործակցությամբ կամ դրա բացակայությամբ։
Կարեւոր է, ինչպես նշել է Կայծ Մինասյանը, որ տեքստում այլեւս հարավային տրանսպորտային խնդիրը չի բնորոշվում որպես «միջանցք», որը առաջացրել էր ավելորդ վախեր եւ մտահոգություններ։
17․Երկրորդ խնդիրը Ադրբեջանի համառ պահանջն է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ բացառելու դրանում ցանկացած տարր, որը Բաքվի կողմից կարող է մեկնաբանվել եւ մեկնաբանվել է որպես Հայաստանի տարածքային պահանջ Ադրբեջանից։
Այս դեպքում մենք գիտենք, որ օգոստոսի 8-ին ընդունված փաստաթղթերից որեւէ մեկը հղում չի անում այս խնդրին։ Այնուամենայնիվ, օգոստոսի 8-ին նախագահ Ալիեւը եւ նրա խորհրդականներից մեկը՝ Էլչին Ամիրբեկովը, կրկին հայտարարեցին նման փոփոխության վերաբերյալ Բաքվի պահանջի մասին՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման եւ Հայաստանի հետ հետագա հարաբերությունների կարգավորման նախապայման։
Ինձ համար պարզ չէ, թե այս հարցը, որը Հայաստանի համար հեշտ լուծելի չէ, որքանով է իրական մտահոգություն Բաքվի համար, եւ որքանով է այն միջոց՝ հետաձգելու ստորագրումը՝ պահպանելով Բաքվի տարբերակները ապագայում։ Բաքուն ուզում է վերացնել ցանկացած սահմանադրական հիմք, որը թույլ կտա որեւէ հայ առաջնորդի ապագայում հանդես գալ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջատիրական քաղաքականությամբ։ Հնարավոր է, որ Բաքվի մտահոգությունը անկեղծ է։ Բայց դա դեռ չի դարձնում այն իրական խնդիր։ Ի վերջո, եթե Փաշինյանը կարողանար Սահմանադրությունը փոխել նույնքան հեշտ, որքան Ալիեւը փոխում է Ադրբեջանի Սահմանադրությունը, ապագայում Հայաստանի որեւէ նոր առաջնորդ, որը չի համաձայնի Փաշինյանի քաղաքականությանը, նույնպես կկարողանա փոխել այդ փոխված Սահմանադրությունը։
Այն, ինչը կկայունացնի խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, վստահության ավելացումն է երկու երկրների միջեւ, նորմալ հարաբերությունների զարգացումը, որն օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին էլ, ինչպես նաեւ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների դադարեցումը Հայաստանի դեմ։ Այդ հռետորաբանությունն ու գործողությունները միայն ուժեղացնում են հայկական ընդդիմության փաստարկները, թե Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, թե Ադրբեջանը վստահելի չէ, եւ երբ Հայաստանը համաձայնում է Բաքվի պայմաններին, Բաքուն նոր պահանջներ է առաջադրում։
Անհնար է իրական մտահոգություն ունենալ Հայաստանի ապագա ղեկավարների վերաբերյալ, որոնք կարող են իշխանության հասնել՝ օգտագործելով Փաշինյանի դեմ ադրբեջանական վարքագիծը, եւ միաժամանակ հենց այդպիսի վարքագծով սնուցել այդ ընդդիմությանը։
18․Վաշինգտոնում ձեռք բերվեց համաձայնություն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կդիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Սա պարզապես իրավական դրույթ էր․ Մինսկի խումբը գործնականում դադարել էր գոյություն ունենալ 2020 թ․ պատերազմից ի վեր եւ երկար ժամանակ մնացել էր կիսամեռ վիճակում։
19․Չնայած թվում է, թե Ադրբեջանը դեռեւս լիովին հանձն չի առել խաղաղության պայմանագրի դրույթները, սակայն Բաքուն, հուսով ենք, կդադարեցնի Արեւմտյան Ադրբեջանի մասին հռետորաբանությունը, որն, ակնհայտորեն, ներառում է Հայաստանը։ Այս քայլը գուցե բավարար չլինի Հայաստանում այս թեմայի շուրջ առկա վախերը մեղմելու համար, բայց կարող է լավ մեկնարկ լինել։
IV.Միջազգային չափումներ
20․ Վերլուծաբանների շրջանում կա մի միտում՝ այս համաձայնագրերի նշանակությունը չափելու դրանց արժեքով՝ աշխարհաքաղաքական բաժանման այս կամ այն կողմի համար։ Ընդհանուր ընկալումն այն է, որ ԱՄՆ-ը կամ Արեւմուտքը շահել է, իսկ Ռուսաստանը՝ պարտվել։ Ավելին, ոմանք պնդում են, որ Ռուսաստանն այս պարտությունը պարզապես չի ընդունի․ նայեք Վրաստանին եւ Ուկրաինային, ասում են նրանք․ Հայաստանը եւ Ադրբեջանը մեծ ռիսկի են դիմում։
Անշուշտ, սա լուրջ փաստարկ է։ Բայց այդ փաստարկը երկու խնդիր է առաջացնում։ Առաջին՝ այն հարցականի տակ չի դնում Ռուսաստանի կոպիտ վարքագիծը, որը դուրս է հարեւան երկրներում Մոսկվայի ունեցած շահերի շրջանակից․ այսինքն՝ այն գինը, որը ստիպված են վճարել այդ տարածքների ժողովուրդները՝ որդեգրելով Ռուսաստանի վրեժխնդրության սպառնալիքի վրա հիմնված քաղաքականություն։
Երկրորդ, Ռուսաստանի վարքագիծը դուրս է գալիս ինքնապաշտպանությունից․ այն նաեւ կայսերական մտածելակերպի մաս է, որի մասին ես խոսել եմ այլ տեղերում։ Կայսրությունները փլուզվում են, բայց կայսերական մտածելակերպը մնում է։ Ինչ արագ ենք մոռանում, որ հենց այդ նույն ժողովուրդներն էին, որ խորտակեցին սովետա-ռուսական կայսրությունը։
Եթե սովետական/ռուսական կայսրությունների եւ հետկայսերական մտածելակերպի արձագանքը արտաքին սպառնալիքներին սահմանափակվեր հարեւանների կողմից սահմանված որոշակի արտաքին եւ անվտանգության քաղաքականության որդեգրմամբ, ապա հասկանալի կլիներ այն սպասումը, որ հարեւանները պետք է պատասխանատու գործեին եւ գործիք չդառնային Ռուսաստանի հակառակորդների կամ թշնամիների ձեռքում։ Բայց ինչպես պատմությունը ցույց է տվել, Ռուսաստանից կարելի է սպասել բիրտ ուժով վրեժխնդրություն այն ամենի հանդեպ, ինչը նա համարում է իր «հետնաբակը» կամ «փորոտիքը», նույն պատմությունը ցույց է տվել նաեւ, որ Ռուսաստանը պահանջում է, որ այդ երկրները ղեկավարվեն Մոսկվայի ընտրած առաջնորդների կողմից՝ այն մոդելով, որ Մոսկվան ստեղծել է իր համար, կամ էլ ենթարկվեն բացահայտ օկուպացիայի եւ բռնակցման։ Հենց այդպես վարվեց Սովետական Միությունը, մինչդեռ ցարական Ռուսաստանը ուղղակիորեն օկուպացրել էր այդ հողերը։ Կայսրությունը որպես բնական երեւույթ ընկալելը՝ ինչպես էլ այն կոչվի, չի համարվում ռազմավարական հակամարտությունների խնդրի լուծում․ հակառակը՝ կայսրությունները իրենք են դառնում նման հակամարտությունների պատճառ։
Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ուկրաինացի երեխաների անընդհատ առեւանգումը, քաղաքացիական օբյեկտների ոչնչացումը եւ հենց քաղաքացիական բնակչության թիրախավորումը, ինչպես նաեւ հարեւաններից տարածքների ուղղակի բռնակցումը կարելի է բացատրել Ռուսաստանի մտահոգություններով՝ Արեւմուտքի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման շատ լուրջ արատավոր քաղաքականությամբ։
21․Կայսրությունները փլուզվում են եւ նահանջում։ Ներկայումս Մոսկվան այնպիսի դիրքում չէ, որ օկուպացնի Ադրբեջանը եւ Հայաստանը։ Մոսկվան տարածաշրջանում գերակայել է՝ մի ժողովրդին մյուսի դեմ հանելով եւ իր կողմնակից էլիտաներին իշխանության բերելով։ Այսինքն՝ օգտագործելով երկրի ներքաղաքական հակասությունները։ Սա չի նշանակում, թե ներքին ընդդիմադիր ուժերի դժգոհությունները օրինակարգ չեն․ այլ պարզապես ցույց է տալիս, որ հաճախ օրինակարգ դժգոհությունները յուրացվում եւ ապա օգտագործվում են մեծ խաղացողների խաղերի մեջ։
Կասկածելի է, որ Ադրբեջանում շատ պրոռուսական տարրեր մնացած լինեն։ Բայց դրանք կան Հայաստանում, եւ նրանք խրախուսվում են դիմելու բռնության՝ երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Այստեղ է, որ ներքին եւ միջազգային քաղաքականությունը համընկնում են․ եւ այսպես կարելի է հասկանալ Փաշինյանի կառավարության դեմ ընդդիմության մեծ մասին՝ օլիգարխներ, նախկին ղեկավարներ, եկեղեցի։
Նրանք, ովքեր իրենց վերլուծություններում կայսրություններին վերագրում են մշտականություն եւ հետկայսերական վարքագիծը համարում անքննարկելի ու անտեսում են նույնիսկ ամենավերջին պատմությունը։
22․Ռուսաստանը Հայաստանին համարել է անքննարկելիորեն իրեն պատկանող պետություն եւ ձախողել է իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր Հայաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերով։ Մոսկվան որեւէ նշան ցույց չի տվել, որ ապագայում այլ կերպ է վարվելու։ Այնուամենայնիվ, Մոսկվան դեռեւս ակնկալում է, որ իրեն կվերաբերվեն որպես Հայաստանի փրկչի։
Սա չի նշանակում, թե ես համաձայն եմ Հայաստանի կառավարության՝ արտաքին եւ անվտանգության քաղաքականության բոլոր ասպեկտների կամ ձեւակերպումների հետ․ բայց ես գնահատում եմ կառավարության հիմնական սկզբունքը՝ երկրի անվտանգությունը փնտրել հակամարտության աղբյուրների եւ տարածքային սպառնալիքների նվազեցման մեջ՝ աշխատելով հարեւանների հետ, միեւնույն ժամանակ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու խաղաղությունը բոլոր մյուս արժեքներից վեր դասելով։
23․Կայսրությունները փլուզվում են եւ նահանջում․ եւ ոչ միայն ռուսականը։ Ամերիկյան կայսրությունն էլ է նահանջում՝ չնայած Վաշինգտոնի ջղաձիգ, ռեֆլեքսիվ գործողություններին։ Դրա ամենակարեւոր ապացույցը պետք է փնտրել ոչ թե ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, այլ հենց Վաշինգտոնի ղեկավարության որակի կամ դրա բացակայության, քաղաքական բանավեճի մակարդակի եւ անհուսալի պարտքերի մեջ, որոնցով պահպանվում են պետությունը եւ նրա ռազմական ծախսերը։ Սրանք կայսրություն կամ հետկայսերական քաղաքականություն պահպանող երեւույթներ չեն․ այլ պատմականորեն կայսրությունների անկման ախտանիշ են։
Կարելի է նայել նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ըստ ԱՄՆ-ի պատկերացման հաստատված համաշխարհային կարգի ավելի տխուր պատկերին․ ՄԱԿ-ը եւ նրան կից ինստիտուտները, ՆԱՏՕ-ն՝ միայն մի քանիսն են դրանցից։ Դրանցից ոչ մեկը ներկայումս չի գործում արդյունավետության կամ ներդաշնակության որեւէ մակարդակով՝ հիմնականում ԱՄՆ-ի քաղաքականությունների պատճառով։
24․ԱՄՆ-ը հանդես է գալիս որպես օգոստոսի 8-ի համաձայնագրերի երաշխավոր, սակայն ստորագրված փաստաթղթերում այդ մասին ոչինչ չի ասվում։ Նույնիսկ եթե նման դրույթ լիներ, դժվար է պատկերացնելը, որ ԱՄՆ-ն ուժ կօգտագործի՝ ստիպելու համար Հայաստանին կամ Ադրբեջանին՝ հետեւելու այդ համաձայնագրերին, եթե կողմերը խնդիրների առջեւ կանգնեն համաձայնեցված դրույթների վրա աշխատելիս։ Եթե ԱՄՆ-ը չի օգտագործելու իր բոլոր ռեսուրսները խաղաղ գործընթացը վերջնականացնելու համար, ապա ցանկացած ենթադրյալ երաշխիք կմնա խորհրդանշական․ լավագույն դեպքում՝ ստորագրողների եւ ենթադրյալ երաշխավորի պատվի հարց։
Նույնիսկ լավագույն պայմաններում ԱՄՆ երաշխիքները մնում են անկայուն՝ հատկապես հաշվի առնելով Վաշինգտոնի ներկա վարչակազմի բնավորությունն ու գործելաոճը։ ԱՄՆ քաղաքականության չափազանց անձնավորված բնույթը՝ ներկա վարչակազմի օրոք, հակված է ամրապնդելու անորոշության եւ անկանխատեսելիության այն զգացումը, որը տիրում է ԱՄՆ-ում եւ, ըստ էության, ամբողջ աշխարհում։ Այդ զգացումը խորանում է, երբ ԱՄՆ-ը, փաստացի, Հարավային Կովկասում կենսական շահեր չունի․ լավագույն դեպքում ԱՄՆ շահերը տարածաշրջանում ծայրամասային են։ Դրանք առնչվում են Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, Կասպից ծովին եւ այլն։
Ներկայիս պայմաններում ԱՄՆ-ը կարող է Հայաստանը «մանրադրամի» վերածել։
25․ԱՄՆ-ը կարող էր զգալի զիջումներ կորզել Բաքվից՝ նախագահ Ալիեւին Սպիտակ տանն ընդունելու եւ այդ երկրում նոր ներդրումների համար աջակցություն ցուցաբերելու դիմաց՝ թե՛ Ադրբեջանի ներքին քաղաքական հարցերում, թե՛ Հայաստանի հետ կապված խնդիրներում․ սահմանադրական փոփոխությունների նախապայման, Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարց։
Սակայն իմ տպավորությունն այն է, որ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը մանրակրկիտ չէր պատրաստվել փորձագետների կողմից, որոնք պետք է այնքան ծանոթ լինեին խնդիրներին, որ չափով որ անհրաժեշտ էր։ Ամերիկացի դիվանագետները, որոնք լավ հասկանում էին այս հարցերը, հեռացված էին Պետդեպարտամենտից։ Հնարավոր է, որ ներկա բանակցողները կատարել էին իրենց աշխատանքը եւ որոշել էին չճնշել Ադրբեջանի նախագահին՝ այլ նպատակներ ունենալով։ Այնուամենայնիվ, դժվար է խուսափել այն զգացումից, որ Վաշինգտոնը գագաթնաժողովը դիտարկել է որպես իր նախագահի համար անունը հնչեցնելու հնարավորություն։
26․Ռուսաստանը եւ Իրանը լուրջ առարկություններ են հայտնել այս ամբողջ գործընթացի վերաբերյալ, եւ դա հասկանալի է։ Հայաստանի կառավարությունը բախվում է դժվարությունների։ Անհրաժեշտ է, որ Երեւանն աշխատի նրանց հետ՝ նրանց մտահոգությունները փարատելու իմաստով։ Սակայն անհրաժեշտ է տարբերակել այս երկու կարեւոր հարեւանների մտահոգությունների օրինական կողմերը՝ Հայաստանի շահերը իրենց շահերի հետ հավասարեցնելու նրանց միտումից։
Ինքնիշխանությունը նշանակում է սեփական շահերի հիման վրա սեփական որոշումներ կայացնել։ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, որի մասին հայտարարել են բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանը եւ Ռուսաստանը, նշանակում է, որ Հայաստանը ծառայում է իր սեփական նպատակներին եւ ո՛չ ուրիշների շահերը սպասարկելու համար։ Հաշվի առնել հարեւանների օրինական շահերը՝ չի նշանակում մշակել եւ վարել քաղաքականություն՝ հիմնվելով ուրիշների շահերի վրա։ Երեւակայական դիվանագիտությունը կարող է լուծումներ գտնել երկու երկրների շահերի միջեւ՝ ցանկացած հակամարտության դեպքում՝ ենթադրելով, որ հարեւանները պատրաստ են հարգելու այն լուծումները, որոնք գտնվել են Հայաստանի ընտրված ղեկավարների կողմից, իսկ Հայաստանի ընտրված ղեկավարները խոհեմ են իրենց քաղաքականության մեջ։
Հնարավոր է, որ ցանկացած հարեւան ուժ կիրառի՝ խոչընդոտելու համար Հայաստանին իր շահերը հետապնդելու հարցում, ինչպես որ Հայաստանը դրանք սահմանում է։ Եվ Հայաստանը, հնարավոր է, ի վիճակի չլինի դիմադրելու։ Բայց այդ դեպքում մենք պետք է ընդունենք, որ այդպիսի սպառնալիքի առջեւ ենք կանգնած։ Այնուհետեւ մենք պետք է նվազեցնենք մեր սպասումները նրանցից՝ որպես բարեկամ երկրների կամ դաշնակիցների։ Ռուսաստանն ապացուցել է իր անվստահելի լինելը՝ նույնիսկ լինելով Հայաստանի միակ պաշտոնական դաշնակիցը։
Ռուսաստանն ապացուցել է իր անվստահելի լինելը նաեւ Ադրբեջանի համար․ վերջին օրերին նա հարվածներ է հասցրել SOCAR նավթաբազային եւ ոչնչացրել նավթային պահեստները Օդեսայի շրջանում։
Իրանը գործել է Ադրբեջանի հետ՝ ելնելով իր սեփական շահերից Ղարաբաղ/Ադրբեջան-Հայաստան հարցերում։ Բոլորովին վերջերս Իրանն աջակցեց Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլյան հակահայկական ծիծաղելի բանաձեւին։ Նույնիսկ խորհրդանշական առումով, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնվել են Շուշիում եւ Ստեփանակերտում՝ անտեսելով հայ ժողովրդի զգացմունքները։ Այս ամենը հասկանալի է․ Իրանը հետապնդում է իր պետական շահերը։ Իրանը պետք է նմանատիպ ըմբռնում ցուցաբերի, երբ Հայաստանը հետապնդում է իր սեփական շահերը՝ ինչպես ինքն է դրանք սահմանում։ Իրանի ներսում ընթացող քննարկումները բաժանում են նրանց, ովքեր օգոստոսի 8-ի համաձայնագրերը սպառնալիք են համարում եւ նրանց, ովքեր դրանք որպես նոր հնարավորություններ են դիտարկում։
Ես խորը հարգանք ունեմ ռուսական դիվանագիտության նկատմամբ եւ գիտակցում եմ, որ Ռուսաստանը երկար հիշողություն ունի, համբերություն ու տոկունություն։ Ես նաեւ խորին հարգանք ունեմ Իրանի ղեկավարության՝ պետականության խորը զգացողության հանդեպ, պետականություն, որը հազարամյակներով գոյատեւել է եւ ունի իր շահերը ձեւակերպելու ապացուցված ունակություն։ Չպետք է թերագնահատել երկու երկրների՝ փոփոխությունները հասկանալու, նոր իրավիճակներին հարմարվելու եւ միեւնույն ժամանակ իրենց շահերը պաշտպանելու կարողությունը՝ համագործակցելով Երեւանի եւ Բաքվի հետ։
27․Կասկած չկա, որ Եվրոպան եւ ԱՄՆ-ն, ըստ էության, չեն հրաժարվել իրենց հակասովետական եւ հակառուսական մտքերից, ինչը Մոսկվայի մտահոգությունները Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հասցրել է վտանգավոր մակարդակի։
Հարցը, որ մեզ պետք է տանք, հետեւյալն է․ արդյո՞ք պետք է մտահոգվենք այս հարեւան երկրների ժողովուրդների համար։
Նրանք արդյո՞ք կարեւոր են։ Ունե՞ն նշանակություն մեզ համար։ Թե՞ նրանց պետք է դիտարկել որպես խաղաքարեր շախմատային խաղում, որը խաղում են «մեծ տղաները»։ Արդյո՞ք ժողովուրդները նշանակություն ունեն քաղաքականության մեջ։ Եթե ոչ, ապա ո՞րն է քաղաքականության նպատակը՝ լինի ներքին, թե միջազգային։ Բավարարե՞լ մեծ տերությունների ռազմավարական շահերը՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքականություններ են այդ տերությունները մշակում կենսական կարեւոր շահերի եւ ռազմավարական հայեցակարգերի անունից, իրենց մրցակցությունների անունից՝ անջատված այն իրականություններից, որոնց մեջ ապրում են այդ երկրների իրական ժողովուրդները։
28․Ոմանք կարող են մտածել, թե սա իդեալիստի փաստարկ է։ Նրանք սխալված կլինեն։ Սրանք մի պատմաբանի հարցերն են, որն ապրել է քաղաքականությունների միջով եւ 1990-ականների մի քանի վճռորոշ տարիներին ներգրավված է եղել դիվանագիտության մեջ։ Եթե տեղական ժողովուրդները եւ հարեւան երկրների ժողովուրդները նշանակություն չունենային, մի քանի հազար տարի առաջ ստեղծված կայսրությունները գոյություն կունենային մինչեւ մեր օրերը։
Միջազգային մրցակցությունների եւ դրանց վրա հիմնված ռազմավարական մոդելների ըմբռնումը՝ պարզապես կայսերական մրցակցությունների եւ ռազմավարությունների տեսանկյունից, թերի կմնա, եթե դրանք անտեսեն ժողովուրդների երբեմն լուռ, բայց միշտ անխուսափելի դերը՝ անկախաբար նրանք կայսրության հպատակներ են, թե նախկին գաղութների բնակիչներ։
V. Եզրափակիչ դիտարկումներ
29․Ադրբեջանը եւ Հայաստանը կարիք կունենան սերտ համագործակցության Ռուսաստանի եւ Իրանի հետ, որպեսզի երկու հակամարտող երկրները կարողանան ամրապնդել իրենց միջեւ ընթացող խաղաղության գործընթացը։
30․Այս հարցերից յուրաքանչյուրն ու բոլորը միասին պահանջում են ամենօրյա խնամք եւ ուշադրություն։ Հետագա առաջընթացի հնարավորությունները կախված են երկու հանրապետությունների համատեղ եւ ուղղակի աշխատելու կարողությունից ու կամքից, եւ ոչ թե վերադարձից՝ «քեռիներին» կանչելու հին սովորությանը, որպեսզի վերջիններս աջակցեն կամ կարգավորեն իրենց տարաձայնությունները։
31․Որոշ լուծումներ ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան լուծում առաջարկում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հենց այդպիսին դառնալ։ Բարեբախտաբար, ինչպես նշվեց վերեւում, Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հիմքում ընկած մեթոդաբանությունը եղել է ուղղակի, չմիջնորդված, երկկողմ բանակցությունների արդյունք։ Եւ դա օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերի ամենադրական կողմերից մեկն է։ Զգալիորեն աճել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ միմյանց նկատմամբ վստահությունը, որը հիմնված է ըմբռնման վրա, որ նրանց շահերի մի մասը, եթե ոչ մեծ մասը, համընկնում են։ Դեռեւս վստահությունը բավարար չէ, բայց բավականաչափ է՝ դրա վրա հետագան կառուցելու համար։
32․Այս փաստաթղթերի կարեւորությունը գնահատելու միջոցներից մեկն այն է, թե արդյո՞ք դրանք բավարար առաջընթաց են արձանագրում Թուրքիայի համար՝ գործնական քայլեր ձեռնարկելու Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ Հայաստանի հետ սահմանի բացումը։ Արդյո՞ք այս փաստաթղթերը նախագահ Իլհամ Ալիեւին բավարար հիմք են տալիս ազատելու Անկարային՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության վրա իր ազդեցությունից։ Մինչ այժմ որեւէ նշան չկա, որ դա այդպես կլինի։ Ցավալի է, եթե այդպես է, քանի որ մի քանի գործնական եւ իմաստալից քայլերով Անկարան կարող է նշանակալի ներդրում ունենալ այս փաստաթղթերի ընդունմամբ արձանագրված առաջընթացի ամրապնդման գործում։
33․Հարավային Կովկասի ապագայի՝ ավելի տեւական լուծում գտնելու համար պետք է ձգտել Հարավային Կովկասը դարձնելու ոչ միայն աշխարհագրական, այլեւ քաղաքական հասկացություն։ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները կարող են սկսել համագործակցել բազմաթիվ մակարդակներում՝ ամրապնդելու վերջին բանակցությունների արդյունքում արձանագրված լուրջ առաջընթացի ձեռքբերումները։ Իրադարձությունների նման զարգացումը կնպաստեր այն նպատակին, որ տարածաշրջանը դառնա ավելին, քան պարզապես արտաքին տերությունների խաղադաշտ կամ տարանցիկ երթուղի՝ կառավարությունների եւ փորձագետների համար, որոնց վերլուծությունները հաճախ անտեսում են այն փաստը, որ Հարավային Կովկասում ապրում են իրական մարդիկ՝ իրենց գաղափարներով ու շահերով։
Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն է համատեղ աշխատել՝ Վրաստանի հետ միասին, եւ թույլ չտալ, որ իրենց նորաթուխ խաղաղության ուղին յուրացվի եւ/կամ խաթարվի արտաքին որեւէ ուժի կողմից։ Հակառակ դեպքում նրանք կվերադառնան արտաքին մանիպուլյացիաների եւ վերսկսված հակամարտության դարաշրջանին, երբ նրանք կդիտարկվեն որպես խաղաքարեր եւ որպես երկրներ, որոնց տարածքով միայն խողովակաշարեր են անցնում։ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն ապացուցել են, որ ունակ են զարգացնելու այնպիսի ուղի, որը կամրապնդի իրենց ինքնիշխանությունը․ այժմ նրանք կարող են այն պահպանել։ Ինքնիշխանությունը բերում է նաեւ պատասխանատվություն․ նախեւառաջ, այն ժողովուրդների հանդեպ, որոնց համար ինքնիշխանությունը իրացվում է։
Ժիրայր Լիպարիտյան
«Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» (թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25 օգոստոսի 2006 թ.) http://gov-wa.info/?p=1007&lang=hy
Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր․ պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն, (լրամշակվել է 20 հունվար 2023 թ․)