Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի վրա կրակում են, ձերբակալում»․ Մետաքսե Հակոբյանը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին

Օգոստոս 19,2025 19:11

«Ցանկացած գործընթաց այս իշխանությունները վերածում են շոուի։ Սրանք շոուներ են հասարակությանը զբաղեցնելու համար»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) առաջին դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով սրբազանների դեմ դատական գործերին։

Նա մտահոգություն հայտնեց՝ ամբողջ օրը դատական նիստեր են․ չգիտենք՝ որ ուղղությամբ գնալ․ «Մտահոգ հանրությանը նաև ցույց են տալիս, որ պետք է վախենալ այս իշխանությունների դեմ սեփական կարծիքը հայտնելուց, քո իրավունքների մասին խոսելուց»։

Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշում է, որ արդեն մենք ապրում են բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր ՀՀ-ում, Մետաքսե Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Նա նշում է իրողություններ, որոնք միայն ձեռնտու են Ադրբեջանին։ Այն բոլոր թեզերը, որոնք Նիկոլ Փաշինյանի ուղերձում հնչեցին, դրանք կեղծ թեզեր են և իրականությանը չեն համապատասխանում»։

Փաշինյանի այն պնդմանը՝ «այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ», Մետաքսե Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Ժողովուրդն արդեն հինգ տարի տարբեր ձևաչափերով ցույց է տալիս իր անհամաձայնությունը։ Ես անունը հեղափոխություն չեմ դնի, անունը կդնեմ արդար պահանջ, որն ունի ժողովուրդը։ Գոնե մեկ տարի առաջ տեսանք, թե նման պահանջներն ինչ կերպ են ավարտվում․ իշխանությունները կրակում են սեփական ժողովրդի վրա, ձերբակալում, տարբեր միջոցներ են ձեռնարկում, որպեսզի դա տեղի չունենա։ Ժողովուրդն՝ ինքը, վաղուց հեռացրել է այս իշխանություններին․ ուղղակի ժողովուրդը չի կիրառում այն մեթոդները, ինչ կիրառեց ժամանակին այս իշխանությունը իշխանություն զավթելու համար»։

Լրագրողների հարցին՝ խաղաղության հռչակագրով Արցախի էջը փակվո՞ւմ է, և ի՞նչ հնարավորություն կա հիմնախնդրի լուծման համար, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․ «Մինչ երեկ բոլորս փաստում էինք, որ չի կարող որևէ ձևաչափով փակվել Արցախի էջը, քանի որ հիշողություն կա, 150 հազար մարդ կա, որն ուզում է ու պիտի վերադառնա իր տուն։ Այդ ամենը կանխելու համար երեկ ՀՀ ղեկավարը նաև ուղերձով հանդես եկավ, որտեղ հստակ ասաց՝ ով կխոսի Արցախ վերադարձի մասին, ապա վաղը կարող է լինել մեղադրյալի աթոռին։ Ամեն ինչ չէ, որ հավերժ է․ այս իշխանությունները ինչքան էլ փորձեն բռնաճնշումների, վախի մթնոլորտը պահել՝ իրենց իշխանությունը երկարացնելու համար, միևնույն է, դա իրենց չի հաջողելու։ Մենք անպայման ունենալու ենք իշխանություններ, որոնք բանակցային գործընթացի ժամանակ՝ որպես օրակարգային հարց ունենալու են արցախցիների՝ Արցախ վերադառնալու բնական իրավունքը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031