Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց ի՞նչ ենք մենք գնելու Ադրբեջանից այս օնլայն դարում, երբ մարդը կարող է բազմոցին պառկած ինքնաթիռ գնել իր հետ սահման չունեցող պետությունից. «Հրապարակ»

Օգոստոս 20,2025 10:44

Ի՞նչ է տալու Հայաստանին Ադրբեջանի հետ հաղորդակցությունը, ի՞նչ ենք տանելու Ադրբեջան, ու ի՞նչ են նրանք՝ ադրբեջանցիները բերելու այստեղ վաճառքի: Այս հարցերի պատասխանը պաշտոնապես չի հնչում:

Բագրատաշեն համայնքի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանին հարցրինք, թե Բագրատաշեն բնակավայրից Վրաստան որեւէ քաղաքացի գնո՞ւմ է առեւտուր անելու, ասենք, պանիր առնելու, թե՞ ոչ, եւ ի՞նչ է բերում: «Հիմա էլ չկա առաջվա առավելությունը, որ Բագրատաշենի բնակիչներն ունեին: Հիմա, Հայաստանի մյուս քաղաքացիների նման՝ նույնն էլ իրենք են: Ասենք, մի մարդ, որ գործով գնում է Վրաստան, կարող է ինչ, որ էժան է, քիչ քանակությամբ բերի, բայց զուտ իր համար, ոչ վաճառքի: Մի ժամանակ լվացքի փոշի, պամպերս էին բերում, բայց հիմա սկի դրա կարիքը չկա: Արդեն շատ ապրանքներ Հայաստանում էժան են: Անգամ միրգն այնտեղից չեն բերում, մենակ մանդարինը, երեւի, ձմռանը, դե, Հայաստանում չկա, պիտի այնտեղից բերեն: Նույնիսկ կարտոֆիլը, ասենք, այնտեղից գալիս է, բայց հենց մեզ մոտ հասնում է, էլ չեն բերում: Հիմնականում տուրիստական հոսքն է, ուրիշ բան Վրաստանի հետ չկա»,- ասում է Բագրատաշենի վարչական ղեկավարը:

Հիմա դառնանք Ադրբեջանին, որն ահռելի առավելություն է ստանում Թրամփի ճանապարհի շնորհիվ՝ կապելով Նախիջեւանն իր մյուս տարածքներին: Բայց ի՞նչ ենք մենք գնելու Ադրբեջանից Amazon-ի այս օնլայն դարում, երբ մարդը կարող է բազմոցին պառկած ինքնաթիռ գնել իր հետ սահման չունեցող պետությունից:

Հուլիսին Ռուսաստանն արգելեց մրգի, բանջարեղենի, կաթի ներմուծումն Ադրբեջանից, եւ տրամաբանական է ենթադրել, որ հենց գյուղատնտեսական արտադրանք էլ գալու է Ադրբեջանից Հայաստան, ընդ որում, ավելի էժան գներով, ինչպես որ դա տեղի էր ունենում խորհրդային ժամանակներում, եւ մենք, ավելի ճիշտ՝ նրանք, ովքեր դեռ հիշում են Սովետը, մեծ հաճույքով էինք գնում ադրբեջանական կանաչին ու միրգը, որը հայկականից էժան էր: Հասկանալի է, որ եթե անգամ դա տեղի ունենա, ապա հայկական շուկայի ու գյուղատնտեսության համար սա անդիմադրելի մրցակցություն է լինելու, որը վերջնականապես տապալելու է շուկան: Սա ուղղակի վերդիկտ է՝  ադրբեջանական սահմանի բացումը միայն վնաս է բերելու Հայաստանին ե՛ւ տնտեսապես, ե՛ւ անվտանգային առումով: Գալու են, տուն գնեն, հող գնեն, երեխաներ ունենան, ու չենք իմանալու՝ մեր հարեւանը թուրք է, թե հայ:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031