Օրերս կայացած Կապանի տոնին մասնակցում էր Տաթեւի վանքի վանահայր տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։ Չնայած վերջինս չպատասխանեց քաղաքական հարցերի, այնուամենայնիվ անդրադարձավ եկեղեցու դեմ իշխանության սկսած շարժմանը։ «Եկեղեցու դեմ պայքարը նշանակում է պատերազմել Աստծո դեմ։ Իրենք Աստծուն կարո՞ղ են հաղթել՝ իհարկե, չեն կարող: Բոլոր այդ փորձերն ապարդյուն են, ոչինչ չի ստացվի ոչ մեկի մոտ, որովհետեւ մեր Եկեղեցին մեր ժողովուրդն է, մեր ինքնության պահապանն է, մեր լույսն է, մեր հավատքի աղբյուրն է, հայ մարդու փրկության օրորոցն է: Փորձեր կարող են լինել, միշտ եղել են, միշտ էլ կլինեն, բայց որեւէ մեկին չի հաջողվի հաղթել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Տեր Սահակը։
Ի դեպ, նա, մինչեւ Արցախից բռնի տեղահանումը, հոգեւոր ծառայություն էր մատուցում Գանձասարում։ Հոգեւոր հոր հորդորն է բոլորիս՝ համախմբվել հայրենիքը չկորցնելու գաղափարի շուրջ, արհամարհել դժվարությունները, այլ ոչ թե վախենալ դժվարություններից։
«Ինչպե՞ս պիտի արհամարհենք՝ աշխատելով, միայն աշխատելով, քաջությամբ եւ միմյանց մեր մեղքերը խոստովանելով, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում»,- նշեց Տեր Սահակը։
Վերջինս լրագրողների հարցերին պատասխանեց Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ ամփոփված են արցախյան բոլոր պատերազմներում նահատակվածները։ «Մեկտեղվել ենք Կապանում՝ այս սրբազան հողին կանգնած՝ նայում ենք մեր հոգու աչքերով, մեր հոգու քարտեզագրությամբ տեղափոխված Արցախ աշխարհ, որը մենք կորցրել ենք ուղիղ 5 տարի առաջ: Պատերազմի այդ օրերին այլեւս վճռված էր Արցախի ճակատագիրը»,- ասաց Սահակ վարդապետը:
Կարդացեք նաև
Հոգեւոր հոր դիտարկմամբ՝ այսօր առաջացած բոլոր մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն միասնությամբ։ «Մենք կարող ենք բոլորին լսել, աշխարհի չորս ծագերից՝ ինչպես են խոսում, ինչ են խոսում, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչն է օգտակար մեր ազգի համար, ինչի շուրջ պիտի համախմբվենք, եւ ինչ մարտահրավերներ կան, որ միայն ու միայն մենք կարող ենք հաղթահարել ազգովի, եթե լինենք միասնական, եթե համախմբվենք գաղափարի շուրջ, ինչպես որ ժամանակին համախմբվել ենք 1988 թվականին՝ Արցախի ազատագրական պայքարի օրերին: Այսօր մարտահրավերները նույնն են, տարբերությունները շատ քիչ են: Միշտ էլ օտարները չար աչքով եւ նախանձով են նայել հայ ազգին ու ժողովրդին: Եվ այսօր մենք պետք է գիտակցենք, որ միայն ու միայն միասնությամբ կարող ենք հաղթահարել», ասաց Տաթեւի վանահայրը։
Իսկ վերջում նա բոլորին կոչ արեց համբերությամբ զինվել ու աղոթել։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ