Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստին հանրային մեղադրողը պահանջեց գործով մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել եւս երեք ամսով՝ դատաքննությանը չխոչընդոտելու հիմնավորմամբ:
Մանթաշյանի պաշտպան Սողոյանն առարկեց միջնորդությունը՝ նկատելով, որ խափանման միջոցի ընտրության հարցում հանրային մեղադրողների վրա որեւէ ազդեցություն չեն ունենում նախադեպային որոշումները, օրենսդրական փոփոխությունները այլընտրանքային խափանման միջոցների ընտրության առումով եւ հանրային մեղադրողները շարունակում են միջնորդել խստագույն խափանման միջոցը:
Պաշտպանը անդրադարձավ նաեւ Լիդիա Մանթաշյանին առաջադրված մեղադրանքին, ասաց՝ այն չի կարող համարվել պատշաճ մեղադրանք: Ապա հարց առաջ քաշեց՝ մեղադրանքում նկարագրված բոլոր գործողությունները Լիդիան կատարե՞լ է, մեղադրական կողմի համար տարբերակում չկա՞ որ գործողությունը ով է կատարել, քանի որ բոլոր մեղադրյալներին նույն մեղադրանքն է մեղսագրվում. «Մեզ համար անհասկանալի է, թե կոնկրետ որ արարքների կատարումն է մեղսագրվում հենց Լիդիա Մանթաշյանին, քանի որ բոլորին նույն բանն է գրված»:
Կարդացեք նաև
-Ես մեղավոր չեմ: Չեմ ընդունում մեղադրանքն ամբողջությամբ: Ես ահաբեկչական որեւէ գործողություն չեմ պլանավորել, ինչպես նաեւ այստեղ ներկա մնացած մեղադրյալները: Այն, ինչ իրենք հայտնաբերել են, այստեղ գրված է՝ 2025 թվականի հունվարից է ահաբեկչությունը պլանավորվել, բայց իմ նոթատետրը կազմվել է անցած տարվա մայիս-հունիս ամիսներին, երբ պայքարի այլ փուլում ենք եղել: Այնտեղ նշված մտքերը չեն կարող վերաբերել այն գործին, որով ես մեղադրվում եմ հունվար ամսից,- ասաց Լիդիա Մանթաշյանը:
Պաշտպանը նաեւ հավելեց, որ քրեական գործում բացատրված չէ՝ ով ինչ է արել ու որ ապացույցով ինչ հանգամանք է ապացուցվել:
Մանթաշյանի պաշտպանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ հանրային մեղադրողները Մանթաշյանի կողմից վկաների վրա ազդեցություն ունենալու հանգամանքը դիտմամբ են վկայակոչում, որ հիմնավորեն խափանման միջոցի իրենց հիմքերը: Ըստ պաշտպանի, գործով անցնող 4 վկա կա, որոնք չեն էլ հիշատակել Լիդիայի անունը:
Վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ այսօր հանդես եկան այս գործով անցնող մյուս մեղադրյալների գրեթե բոլոր պաշտպանները:
Ի դեպ՝ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխության հարցով 5 պատգամավորներ է երաշխավորել, նրանք այսօր նաեւ իրենց երաշխավորագրերով դատարան են ներկայացել:
Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ որոշեց Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով:
Ըստ դատարանի՝ Մանթաշյանի կողմից դատաքննությանը խոչընդոտելու, հանցանք կատարելու եւ փախուստի հիմքերը չեն վերացել, առնվազն չեն նվազել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ