Ermenihaber. «Հրանտ Դինք» հիմնադրամը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի առաջին փուլը։
Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 22-ին։ Կտևեն 18 շաբաթ։ Դիմումների վերջնական ժամկետը սեպտեմբերի 28-ն է։ Ծրագրին կարող են մասնակցել 16 տարին լրացած անձինք։
Ծրագրի շրջանակում մասնակիցները շաբաթական 2 օր, ընդհանուր 72 ժամ, կսովորեն արևմտահայերեն։ Դասերը տեղի կունենան «Zoom» հարթակի միջոցով՝ չորս տարբեր մակարդակներով։ Դիմել կարող են բոլոր ցանկացողները՝ անկախ լեզվի իմացության աստիճանից։
Սկսնակ մակարդակում մասնակիցները կսովորեն հայոց այբուբենը, կծանոթանան հնչյուններին, կսովորեն գրել ու կկարողանան կազմել պարզ նախադասություններ՝ օգտագործելով ներկա և ապառնի ժամանակները։
Կարդացեք նաև
Երկրորդ մակարդակում ուսանողները կզարգացնեն ընթերցանության և լսածը հասկանալու կարողությունները, կավելացնեն բառապաշարը և կկարողանան նախադասություններ կազմել անկատար անցյալ և ապառնի ժամանակներով։
Երրորդ մակարդակում շեշտը դրվելու է խոսքի ընկալման և ինքնարտահայտման հմտությունների, ինչպես նաև տարբեր բայաձևերի կիրառման վրա։
Չորրորդ մակարդակում մասնակիցները կշարունակեն զարգացնել ընկալման և արտահայտվելու կարողությունները և կխորացնեն գիտելիքները բարդ բայաձևերի և ժամանակների վերաբերյալ։