«Իմ վստահորդի խափանման միջոցի հարցն արդեն քննարկվել է, և իմ՝ դատարանի դահլիճում ներկա գտնվելը կլինի ինքնանպատակ։ Խնդրում եմ դատարանին թույլ տալ, որ բացակայեմ։ Որևէ մեղադրյալի խափանման միջոցի հետ կապված որևէ դիրքորոշում չեմ կարող հայտնել»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրյալ Արման Իսրայելյանի պաշտպանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը որոշեց Արման Իսրայելյանի կալանքը երկարաձգել երեք ամսով։
Փաստաբանը նաև նշեց․ «Դատարանում կա 18 մեղադրյալ և ոչ մի փաստաբան։ Այս դատարանում չկա հավասարության և պաշտպանության սկզբունք»։
Նախագահող դատավորը որոշեց չքննարկել պաշտպանի ներկայացրած առարկությունը և քննարկել մեղադրյալ Արսեն Ղազարյանի կալանքի հարցը ու որոշեց այն երկարաձգել ևս երեք ամսով։
Կարդացեք նաև
Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը պաշտպանին թույլ չտվեց, որ լքի դատական նիստը ու ասաց․ «Դուք և մյուս պաշտպանները եղել եք պատշաճ ծանուցված և պարտավոր եք ներկայանալ նիստին։ Չներկայանալու դեպքում դատարանը հարցի քննությունն իրականացնելու է ձեր և մյուս պաշտպանների բացակայությամբ, որոնք չեն ներկայացել»։
Նախագահող դատավորն ասաց, որ այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 22-ին՝ ժամը 14։30-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ