«Առավոտի» զրուցակիցն է Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը։
–Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղություն է հաստատվել», բայց մենք տեսնում ենք, որ Ալիեւը շարունակում պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Դուք նկատո՞ւմ եք, խաղաղություն հաստատվե՞լ է։
-Ո՞ր փաստաթղթով է խաղաղություն հաստատվել, իրավական փաստաթուղթ ունի՞ խաղաղության վերաբերյալ, չունի։ Սա աբսուրդ է, այս ազգը հերթական անգամ խաբվելու է։ Բայդենի իշխանության ժամանակ Հայաստանը եւ ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքեցին, որեւէ շարժ տեսա՞ք, նույնն էլ սա, խաբկանք է, հերթական անգամ խաբում են այս ավետյաց երկրի ժողովրդին։ Ադրբեջանին ճանապարհ է տալիս Սյունիքով, գլուխները պատին են տալիս։
Դա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ էր նախատեսված, որ պետք է ճանապարհ տային։ Դա այն ժամանակ էր, երբ Արցախում 120 հազար հայ էր ապրում, դրա դիմաց Արցախի հայերը պետք է Լաչինի միջանցքով Հայաստանի հետ կապ ունենային։ Հիմա Արցախում հայ կա՞, ի՞նչ ճանապարհ է տալիս, ո՞ւմ է տալիս, ո՞ր փաստաթղթով է տալիս, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առոչինչ է ճանաչվել։ Ոչ մի փաստաթղթով նա իրավունք չունի ճանապարհ տալ, ի՞նչ ճանապարհ ես տալիս, ո՞ւմ ես տալիս, եթե Արցախում հայ չի մնացել, եթե գերիները չեն ազատվել, եթե Հայաստանի բռնազավթված տարածքները չեն վերադարձվել։
Կարդացեք նաև
Ճանապարհ միայն երեք դեպքում պետք է տալ, առաջինը՝ գերիների շտապ վերադարձ, երկրորդ՝ Արցախի բնակչության վերադարձ Արցախ՝ միջազգային իրավական սկզբունքներով եւ միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո, երրորդ՝ Ադրբեջանի զորքերը պետք է շտապ լքեն ՀՀ տարածքը։
–Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է որոշվի ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքից դուրս գալու հարցը։
-Ի՞նչ սահմանազատում, իրենք հերթական անգամ խաբում են այս ժողովրդին՝ այս ավետյաց երկիրը կանգնեցնելով կործանման եզրին։ Սահմանազատում չի կարող լինել, երբ ՀՀ ինքնիշխան տարածքը զավթված է, Սյունիքի ամբողջ բարձունքները զավթված են Ադրբեջանի կողմից, ի՞նչ սահմանազատում։ Հերիք է ՀՀ-ն մատաղացու գառ լինի, անընդհատ մորթվի։ Հիմա պետք է երեք պայման առաջադրել՝ գերիների շտապ ազատում, ՀՀ ինքնիշխան տարածքի լքում, արցախցիների վերադարձ՝ միջազգային իրավունքով։ Այդ ժամանակ կմտածենք ճանապարհի մասին։ Հետո էլ իրենք ճանապարհ ունեն, Իրանով ճանապարհ ունեն, թող գնան-գան, ի՞նչն է խանգարում։ Հայաստանի տարա՞ծքն է իրենց պետք, գլուխները պատին են տվել, չարաչար սխալվում են։
-Ո՞րն է ՀՀ իշխանությունների այս գործողությունների նպատակը։
-Մոտենում են 2026 թվականի ընտրությունները, իրենց անմեղսունակ խելքով խաղաղության պայամանագիր են կնքում։ Ի՞նչ խաղաղության պայմանագիր, նսեմացած ու կզած՝ խաղաղության պայմանագի՞ր են կնքում։ Ինքն ուզում է ձայներ հավաքել, որ 2026 թվականին կամ իր խմբով կամ իրենց մասնակցությամբ երրորդ անձնավորությանը պաս տալով՝ գա իշխանության։ Բայց գլուխները պատին են տվել, չի լինելու նման բան։
-Դուք ասում եք՝ չի լինելու նման բան, բայց մենք տեսնում ենք, որ հասարակությունը կարծես թե հա՞շտ է այս իրողության հետ։ Ինչպե՞ս պետք է հակազդել այս ամենին, ի՞նչ հնարավորություն եք տեսնում։
-Այս ժողովուրդը չի կարող հաշտ լինել այս ամենի հետ, այս ժողովուրդը 7 տարի է՝ տուրբուլենտ վիճակի մեջ է, չի հասկանում՝ որն է ճիշտ, որն է սխալ։ Սրանք վախկոտ կատուներ են, իսկ մեզ հզոր իշխանություն է պետք։ 2020 թվականի պատերազմից հետո արդեն 5 տարի է՝ Ադրբեջանի ամենավերջին կոշիկ մաքրողը ինչ ասես ասում է Հայաստանի մասին, ուլտիմատումներով են խոսում Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների հետ, իրենցից որեւիցե մեկը կարողացե՞լ է գոնե խոսքով պատասխան տալ, ոչ։
–Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 13-րդ կետի համաձայն՝ «կողմերը դատապարտում են եւ կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության եւ խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսեւորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում եւ կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։ Ալիեւը վերջին տարիներին խոսել է հայկական «ռեւանշիզմի» մասին եւ այն ոչնչացնելու սպառնալիքներ է տեղացել։ Հիմա նման դրույթներ ամրագրելով այս փաստաթղթում՝ կարո՞ղ են հետագայում մարդկանց հետապնդման ենթարկել, օրինակ, այն դեպքերում, եթե Հայաստանում մարդիկ խոսեն Արցախ վերադառնալու կամ հայկական տարածքները վերադարձնելու մասին։
– Արցախցիները պետք է գնան ու տեր կանգնեն իրենց տներին, ի՞նչ «ռեւանշիզմ»։ Մարդիկ չգնա՞ն իրենց դարավոր հողին, իրենց շիրիմներին տեր կանգնեն։ Արցախցիները պետք է վերադառնան, իրենց հողին ու շիրիմների տեր կանգնեն՝ լիիրավ իրավունքով, բոլոր միջազգային իրավական նորմերով։ Եվ արցախցիների վերադարձին պետք է երաշխավոր կանգնեն Եվրամիությունն ու ԱՄՆ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ