Օգոստոսի 22-ը Կրոնի կամ համոզմունքի հիման վրա բռնության ենթարկվածների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է՝ հաստատված ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի A/RES/73/296 բանաձևով, որը խստորեն դատապարտում է կրոնի հիման վրա շարունակական բռնությունն ու ահաբեկչական գործողությունները։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր կազմավորումից ի վեր (1918 թ.) վարել է հակահայ պետական քաղաքականություն։ Արցախահայության՝ իր կրոնական համոզմունքներին և ինքնությանը հավատարիմ ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է Ադրբեջանի թե՛ խորհրդային, և թե՛ անկախ հանրապետությունների կողմից։
Հայ ժողովրդի ստվար զանգվածներին կոտորելուն, հայկական տարածքները յուրացնելուն զուգընթաց Ադրբեջանը շարունակում է վերացնել և յուրացնել հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանի կողմից բազմիցս խախտվել է հայ ժողովրդի՝ կրոնի համոզմունքի ազատությունը, որը մարդու հիմնարար իրավունքն է՝ հաստատված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածով։ Իսկ կրոնական հավատքի խորհրդանիշ համարվող եկեղեցիներն ու վանքերը, եզակի խաչքարերն ու այլ արժեքներ ոչնչացվել, պղծվել ու վանդալիզմի են ենթարկվել։
Ու թեև ՄԱԿ-ի բանաձևը խստորեն դատապարտում է կրոնի հիման վրա կատարված բոլոր բռնությունները, այդ թվում դպրոցների, մշակութային կենտրոնների կամ սրբավայրերի դեմ թշնամանքի ցանկացած գործողություն, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կրոնական հուշարձանների ոչնչացումը, խեղաթյուրումն ու պղծումը պետական հստակ քաղաքականություն է դարձել՝ ուղիղ կերպով խախտելով արցախցիների կրոնական ազատության հիմնարար իրավունքը։
Կարդացեք նաև
Միայն վերջին 5 տարիների ընթացքում հիմնահատակ ոչնչացվել են Մեխակավան բնակավայրում Զորավոր Սուրբ Աստվածածին, Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս, Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Մարիամաձորի Սուրբ Մինաս, Բերձորի Սուրբ Համբարձում, Տանձատափի եկեղեցիները։ Կրկնակի թիրախավորվել, պղծվել և ձևախեղվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին․ քերվել է Քրիստոսի պատկերաքանդակը, ոչնչացվել խաչանշանները։
Արցախի հոգևոր ժառանգությանը Ադրբեջանի հասցրած էական վնասներից են նաև Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմական շերտերն աղբակույտի վերածելը, Վանքասարի 7-րդ դարի եկեղեցու խաչի հեռացումը, Ստեփանակերտի խաչի տապալումը, շինարարական միջամտությունների հետևանքով Ծարի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր միջնադարյան եկեղեցիների եզակի արձանագրությունների, խաչաքանդակների քերումը և այլն։
Հոգևոր արժեքներից Ադրբեջանի հարձակման թիրախում են նաև խաչքարերը․ ոչնչացվել են Հադրութի շրջանի Առաքել գյուղի, Հադրութ քաղաքի ազատամարտիկների հուշահամալիրի, Լաչինի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարեր: Բացի այդ՝ Մատաղիսում ավերվել են Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության մատուռն ու շրջակա խաչքարերը, ոչնչացվել Շուշիի հայ-հունական հին գերեզմանոցի 12-13-րդ դարերի եզակի խաչքարերը և Հադրութի շրջանի Ուխտաձորի, Որոտան քաղաքի՝ Արցախյան ազատամարտին նվիրված խաչքարերը։
Կավաքավանք եկեղեցու տարածքից անհետացել է դեռևս 1995 թ. տեղադրված խաչքարը: Ոչնչացվել են նաև Մարտակերտի Դանիել Վարուժան փողոցում 2021 թ. հոկտեմբերին Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակի համար կանգնեցված հուշարձան-խաչքարը, Քաշաթաղի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանին կից երկու խաչքարերը և այլն։
Ադրբեջանը նաև պղծում է հայկական հոգևոր կենտրոնները և ադրբեջանական աղոթք՝ նամազ կատարում հայկական սրբավայրերում․ ադրբեջանական զինված ուժերի կողմից Կատարո եկեղեցին վերածվել է զինապահեստի և մահմեդական աղոթքների կանչման վայրի, Արցախի Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում նամազ է կատարվել։ Նամազ է կատարվել նաև Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում և Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
Հայ ժողովրդի կրոնական համոզմունքների դեմ ռասայական ատելություն է նաև հայկական եկեղեցիները ոչ հայկական՝ աղվանական հռչակելը։ Աղվանական են հռչակվել Դադիվանքը՝ շուրջ 200 հայերեն արձանագրություններով, 4-5-րդ դարերով թվագրվող Ամարասի վանքը, Հադրութի Սուրբ Խաչ, Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Մատաղիսի Սուրբ Եղիշե և Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցիները։
Աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչները պղծել ու քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը և հակահայկական ծեսեր կատարել։
Ավելին ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողվը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ անձինք ենթարկվել են խոշտանգումների և նվաստացումների՝ իրենց քրիստոնեական պատկանելության պատճառով։ Ըստ ներկայացված վկայությունների՝ որոշ գերիների մերժվել է կարդալ քրիստոնեական գրականության, իսկ խաչերը, որոնք եղել են նրանց ձեռքերին, այրվել են։ Ազատ արձակված անձինք պատմել են ծեծի ենթարկվելու և կրոնական ու էթնիկ բնույթի վիրավորանքների մասին։ Նրանց պարանոցից կախված խաչերը խլվել են հսկողների կողմից, կոտրվել և նետվել հատակին։
Ադրբեջանի կրոնական անհանդուրժողականության քաղաքականությունը դրսևորվում է նաև Լեռնային Ղարաբաղի իսլամացման ճանապարհով․ պետական հովանավորչությամբ հայկական տարածքներում՝ այդ թվում Հադրութում, Շուշիում կառուցվում են մզկիթներ։
📌Մենք հիշեցնում ենք, որ աշխարհի բացարձակ անտարբերության պայմաններում ոչնչացվել են Նախիջևանի 10․000 խաչքարերը, 20․0000 տապանաքարերը, 100-ից ավել պատմական եկեղեցիներ ու վանքեր, իսկ Լեռնային Ղարաբաղի 5000-ից ավել պատմական հուշարձանները ներկայումս գտնվում են ոչնչացման ուղիղ սպառնալիքի տակ։
📌Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կրոնի հիման ահաբեկչությունն ու բռնի ծայրահեղականությունը։ Մենք հիշեցնում ենք, որ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը հայկական հուշարձանների ոչնչացումը ռասայական ատելության և խտրականության դրսևորում է համարել, նշելով որ այս ամենն ուղիղ կերպով խաթարում է հայ ժողովրդի կրոնական իրավունքները։
📌Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հորդորում է միջազգային հանրությանը՝ Ադրբեջանին կրոնական ազատությունների հատուկ մտահոգություն ներկայացնող երկիր ճանաչել։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն