ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ Հիմնադրամի աշխատակազմը հանդիպում ունեցավ Արագածոտնի մարզի ուժեղ, նախաձեռնող և կայացած կանանց հետ` ներկայացնելու հիմնադրամի 2 ծրագրերը, ինչպես նաև խոսելու կրթության մասին կանանց հզորացման և ՀՀ կայուն զարգացման դիտակետից:
Հանդիպմանը մասնակցում էին 35 ձեռներեց կանայք՝ փոքր և միջին բիզնեսի հիմնադիրներ, համայնքային առաջնորդներ, տնային տնտեսուհիներ և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ովքեր գալիս էին մարզի տարբեր համայնքներից։
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհակալական խոսք ուղղեց տիկին Հակոբյանին. «Անչափ կարևորում ենք այն փաստը, որ Արագածոտնի մարզը երբեք անմասն չի մնացել հիմնադրամի որևէ ծրագրից։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը և չնայած ձեր խիտ գրաֆիկին ժամանակ գտաք այցելելու մեզ»։
Հանդիպումն անցկացվեց ոչ ֆորմալ մթնոլորտում՝ խոսքի հնարավորություն տրամադրելով յուրաքանչյուր կնոջ՝ ներկայացնելու իր ուղին, զբաղվածությունը, կրթական ոլորտում ձգտումներն ու հաջողության պատմությունը։
Տիկին Աննա Հակոբյանը իր խոսքում շեշտեց՝
«Հիացած եմ ձեր պատմություններով։ Երբ ասում եք՝ ունեմ հյուրատուն, զբաղվում եմ ձեռագործությամբ կամ բիզնես եմ վարում, ես պատկերացնում եմ՝ որպես կին՝ ինչ ճանապարհ եք անցել մինչև այդ ամենին հասնելը։
Մենք` որպես կին, պետք է ավելի մեծ առաջնորդություն վերցնենք մեզ վրա, անենք առավելագույնս` հասկանալու համար` մեր ընտանիքներում այդ ո՞ր գիտելիքն է, որ մեզ մոտ պակասում է, որը լրացնելու պարագայում` ավելի երջանիկ, բարեկեցիկ, արդյունավետ կդարձնենք մեր մեծերի, երեխաների, համայնքի, պետության կյանքը: Եվ այդ առաջնորդության ճանապարհը պետք է սկսել հենց կրթվելուց»:
Հանդիպման առանցքում էին «Իմ Քայլը» հիմնադրամի երկու կարևոր ծրագրեր՝
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրը՝ ներկայացվեց հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի կողմից։ Նա ներկայացրեց ծրագրի արդյունքները՝ շեշտելով կրթական բաղադրիչի դերը հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում: Նա նաև ներկայացրեց արտերկրում այն բազում փորձի փոխանակման ծրագրերի մասին, որոնք պարբերաբար տրամադրում ենք մեր շահառուներին: Այսինքն, ծրագրի աջակցությունը միայն դրամաշնորհի տրամադրմամբ չի ավարտվում:
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը՝ ներկայացրեց ծրագրի ղեկավարը՝ Ստեփան Սարգսյանը։ Նա մանրամասնեց դիմելու կարգը, նախապատվություն ստացող խմբերը, ինչպես նաև այն աջակցությունը, որ շահառուները կստանան ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական ու կրթական տեսանկյունից։
Հանդիպումը եզրափակվեց խեցեգործության վարպետաց դասով: Կանանցից մեկը՝ կավագործությամբ զբաղվող կին ձեռնարկատեր էր, ներկայացրեց իր ձեռագործ աշխատանքները և անցկացրեց փոքրիկ վարպետաց դաս, որին մասնակցեց նաև տիկին Հակոբյանը։
«Իմ քայլը» հիմնադրամի մամուլի հաղորդագրություն