Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիում զուգահեռ բողոքի ցույցեր անցկացվեցին ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախաձեռնած ցույցի մասնակիցները 102-րդ ռազմաբազայի գլխավոր մուտքի մոտ անցկացրին իրենց ցույցը՝ ուշացումով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, որ «Մայր Հայաստանի» նախաձեռնած ցույցը ևս այդտեղ անցկացվի՝ պատճառաբանելով, որ զգուշանում են սադրանքներից։
Կարդացեք նաև
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախաձեռնած ցույցը սկսվեց ուշացումով։ Այդ ընթացքում ռուսական ռազմաբազայից հնչում էր բարձր երաժշտություն՝ հայկական և ռուսական երգիչների կատարումներ, որի ներքո ցույցը նախաձեռնողների ելույթները լավ չէին լսվում։
Ցույցի մասնակից, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց՝ մեր թիվը տասնյակ հազարավոր չէ, բայց սա ցույց է տալիս, որ մի քանի հոգու ձայնից վախենում են․ «Այս բազան բացահայտում է ներկա ռեժիմի իրական դեմքը։ Նրանք ազատության, մարդու իրավունքների հետ որևէ առնչություն չունեն։ Մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ ինչո՞ւ պետք է մեր տարածքները զավթած ուժին պահելու համար մեր բյուջեից հատկացումներ կատարենք։ Պահանջում ենք ՀՀ կառավարությունից դադարեցնել ՀՀ բյուջեից այս բազայի զավթիչների բոլոր ծախսերի վճարումները։ Միանշանակ է, որ ռուսական բազան և ՀՀ-ում ՌԴ որևէ ռազմական ներկայություն վտանգ է ՀՀ ինքնիշխանությանը, մեր ազատությանը և մեր անվտանգությանը»։
Լրագրողների հետ զրույցում Արթուր Սաքունցը նկատեց՝ առաջին անգամ է, որ ՀՀ-ում իր ամբողջ գործունեության ընթացքում Գյումրու ռուսական ռազմաբազան այսպիսի իրավիճակի է առնչվում․ «Այս բարձր երաժշտությամբ փորձ է արվում լռեցնել ցանկացած այլ ձայն, որն ուղղված է ՌԴ պետության քաղաքականությանը։ Մի կողմից քաջություն չունեն լսել այնպիսի ձայներ, որոնք դուր չեն գալիս իրենց, մյուս կողմից իրենց մտածողությամբ նաև սա այն վարքագծի դրսևորումն է, որ մենք են տերուտիրականը։ Նոր իշխանությունը, եթե իրապես ուզում է ցույց տալ, որ նախկինի շարունակությունը չէ, ինքնիշխան, իրավական պետության կրողն է, ապա ինքը պետք է անհամապատասխան համարի նման ինքնության պետության և ռուսական ռազմաբազայի համատեղումը ՀՀ տարածքում։ Պետք է կատարի քայլեր, և ռուսական բազան՝ որպես պերսոնա նոն գրատա ճանաչվի ու հեռացվի»։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ցույց են իրականացնում ի պաշտպանություն ռուսական ռազմաբազայի և ՀՀ Անկախության հռչակագրի․ «Ռուսական ռազմաբազայի դեմ այս ակցիան մենք գնահատում ենք աշխարհաքաղաքական և ՀՀ-ի անվտանգության դեմ ուղղված սադրանք թուրքական հինգերորդ շարասյան կողմից։ Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է դրել ՀՀ-ի առաջ։ Թուրքիայի հետ միասին փորձում են հասնել դրանց՝ ի կատար ածմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթով բոլոր ցանկությունները բավարարում է։ Նպատակներից մեկն էլ այն է, որ պետք է վերանա Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից։ Նիկոլ Փաշինյանը խաբեությամբ է զբաղված, ասում է՝ իբր Վաշինգտոնից խաղաղություն է բերել, բայց ոչինչ չի բերել․ միայն զիջումներ՝ անվտանգության, զարգացման և խաղաղության զրո երաշխիքով։ Թուրքերն ու ադրբեջանցիները հերթական սիմվոլիզմն են կիրառում մեր Անկախության հռչակագրի ընդունման օրը․ ակցիա են նախաձեռնում ՀՀ անվտանգության կարևորագույն բաղադրիչ հանդիսացող 102-րդ ռազմաբազայի դեմ։ «Մայր Հայաստանը» չէր կարող դրան ուղղակի հետևել։ Մենք համոզված ենք, որ առնվազն գիտակցված է տեղի ունենում այն, որ թուրքական հինգերորդ շարասյունն է հանդես գալիս նման նախաձեռնությամբ․ կարող ենք ասել, որ մեր թշնամիները ներսից գրավում են ՀՀ-ն։ Մենք լրջագույն վտանգ ենք տեսնում ՀՀ-ի համար, քանի որ ռուսական ռազմաբազայի հեռացումը նշանակում է թուրքական զորքերին «էստի համեցեք» ասել»։
Անդրանիկ Թևանյանն ընդդեմ ռուսական ռազմաբազայի ցույցի մասնակիցների մասին ասաց․ «Նրանք նման են այն ադրբեջանցի այսպես կոչված բնապահպաններին, որոնք շրջափակել էին Արցախը։ Եթե ազգային իշխանություն ունենայինք, նման բան հնարավոր չէր լինի։ Այստեղ խնդիրը ռուսական ռազմաբազան չէ, դա մեր անվտանգային համակարգի մաս է կազմում, եթե դրա դեմ եք պայքարում, ուրեմն թուրքերին եք հրավիրում։ Խայտառակ պատկեր է, դրա համար էլ ցույց ենք տալիս՝ այնպես չէ, որ այստեղ ուժեր չկան, որոնք կարող են կռիվ տալ ՀՀ անկախության և անվտանգության համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման և Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջերից