Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիում ի պաշտպանություն և ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայի ցույցեր անցկացվեցին։
«Հանուն Հանրապետության» կուսակցության՝ Գյումրիում նախաձեռնած ցույցի մասնակիցները գոչում էին՝ «102-րդ ռազմաբազա՝ դուրս», «Դավաճան Պուտին»։
«Մայր Հայաստան» դաշինքի նախաձեռնած բողոքի ցույցի ժամանակ հետևյալ կարգախոսներն էին հնչում․ «Թուրքական 5-րդ շարասյանը՝ ոչ», «հայ-ռուսական հարաբերություններին՝ այո», «ռուսական ռազմաբազային՝ այո», «ՀՀ անվտանգությանը՝ այո», «ՀՀ անկախության հռչակագրին՝ այո»։
Ոստիկանությունը թույլ չտվեց «Մայր Հայաստան» դաշինքին բողոքի ցույց անցկացնել ռուսական ռազմաբազայի տարածքում և հորդորեց ցույցն իրականացնել իրենց համար նախատեսված վայրում՝ այլ մուտքի մոտ։
Կարդացեք նաև
Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը ցուցարարներին, որոնք համաձայն չէին ոստիկանության որոշման հետ, ասաց․ «Այսինքն՝ դուք հաճո՞ւյք եք ստանում, որ մեկդ վիրավորի մյուսին»։ Ցուցարարներն ի պատասխան հարցրին՝ այսինքն՝ Դուք տենց տեղեկություն ունե՞ք, որ մեզ ուզում են վիրավորե՞լ»։ Փոխոստիկանապետն ասաց՝ տեղեկություն ունենք, որ դուք ուզում եք վիրավորել իրենց։ Ցուցարարներից մեկն էլ արձագանքեց․ «Սխալ է Ձեր տեղեկությունը, կներեք, բայց Ձեզ խաբել են»։
Մեկ այլ ցուցարար էլ հարցրեց՝ այսինքն՝ եթե մենք ստեղ մնանք, դուք մեզ բերմա՞ն եք ենթարկելու, որովհետև Բաբաջանյանե՞նք են գալու, փոխոստիկանապետն արձագանքեց․ «Մինչև հիմա, որ չըմբռնեցիր, ուրեմն դու չես ընկալում, ընկալման հետ խնդիրներ ունես»։ Ցուցարարները հորդորեցին փոխոստիկանապետին իրենց հետ այդպես չխոսել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջի