ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ-ն իր անվտանգային ապագան նախ եւ առաջ պետք է կապի «Հյուսիս-Հարավ» / Մոսկվա -Երեւան- Թեհրան/ ուղղության հետ։
Փաշինյանական ավանտյուրայի մասին շատ է խոսվել։
Խոսել են թե՛ փորաձագետները, թե՛ քաղաքական ուժերը եւ թե՛ պետական այրերը։
Բոլոր լուրջ վերլուծությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը ՀՀ-ն մոտեցնում է ոչ թե խաղաղության, այլ՝ քաոսի։
Նրա չհաշվարկված ու թրքահպատակ քայլերը կարող են նույնիսկ հանգեցնել Հարավային Կովկասում առճակատման ռեգիոնալ ու ոչ միայն ռեգիոնալ պետությունների միջեւ։
Փաստացի հրաժարվելով Հյուսիս-հարավ նախագծից՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է իբր «միջին միջանցք», իսկ իրականում Հարավային Կովկասում՝ «թուրանական միջանցք» նախագծի մաս։
Կարդացեք նաև
Իսկ 99 տարով ՀՀ տարածքի մի մասը/43 կմ/ արտաքին կառավարման վարձակալության կամ արտապատվիրակման հանձնելը ռիսկեր է պարունակում ոչ միայն ՀՀ-ի, այլ նաեւ մարտահրավեր է Իրանի եւ ՌԴ-ի համար։
Արեւմուտքը հազարավոր կմ Հայաստանից հեռու է եւ չի կարող ու չի էլ պլանավորում պաշտպանել ՀՀ անվտանգությունը։
Ավելին, Արեւմուտքը նույնիսկ երաշխավոր չէ հնարավոր այս «գործարքի»։
Նրա շահերը մեր տարածաշրջանում կարող է ներկայացնել Թուրքիան, որի շահերը ոչ միայն չեն համընկնում,այլ՝ հակադիր են ՀՀ անվտանգային շահերին։
Չմոռանանք, որ նույն Փաշինյանն էր 2020-ի աշնանը պնդում, որ Թուրքիան մտնում է տարածաշրջան՝ ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։
Իսկ այսօր նույն Փաշինյանը, արհամարհելով ՀՀ պետական շահը, Հայաստանը փորձում է դարձնել «թուրանական աշխարհի» մաս։
Ամեն պատեհ ու անպատեհ առիթով ինքնիշխանությունից խոսող Փաշինյանը Հայաստանի անվտանգային ապագան գրավադրում է երրորդ երկրի՝ գրգռելով իր հարավային հարեւանին։
Ու զավեշտ է, երբ այս ամենը նա անվանում է խաղաղություն։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ակնհայտ սադրիչ քայլ է ՀՀ անվտանգության դեմ։
Ինչքան Չեմբեռլենը 1938-ին Մեծ Բրիտանիային մոտեցրեց խաղաղության, այնքան էլ Փաշինյանն է ՀՀ-ն մոտեցնելու խաղաղության։
Ինչքան Վրաստանի ու Ուկրաինայի «գունավոր հեղափոխություններն» այդ պետություններում խաղաղություն բերեցին, այնքան էլ 2018-ի նիկոլիստական «հեղափոխությունը» մեր ժողովրդին բերեց խաղաղություն։
ՀՀ-ում արժանապատիվ խաղաղություն հնարավոր է հաստատել ազգային -պետական իշխանություն ունենալու եւ «Հյուսիս-Հարավ»/Մոսվվա-Երեւան-Թեհրան/ ռազմավարական ուղղությունը զարգացման դեպքում։
Տարածաշրջանում բոլոր պետությունները պաշտպանում են իրենց շահերը, իսկ ո՞ւմ շահերն է պաշտպանում Փաշինանը. հաստատ ոչ ՀՀ-ի։