«Իմ անձնական կարծիքով, հայ լինելը չափազանց մեծ առաքելություն եւ պատասխանատվություն է, իսկ Հայաստանը սուրբ երկիր է: Հայ լինելու կարեւոր առաքելություններից մեկը Աստծո հետ կապը պահպանելն է… Ամեն մեկը չէ, որ ամեն օր կարող է նայել Արարատին, որը մեր ինքնության հայելին է…Ես հաճախ ես աղոթում եմ՝ նայելով Արարատին… Մենք առաջին ազգն ենք, որ որպես պետական կրոն ընդունել է Քրիստոնեությունը: Մենք ընդունում ենք Աստվածաշունչը, որտեղ նկարագրված է դրախտի մասին: Իսկ դրախտի գետերի նկարագրությունը հուշում է, որ Հայկական լեռնաշխարհը հենց դրախտի տարածքում է»,- Aravot.am-ի հետ զրույցում նշում է հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը:
«Մենք Քրիստոնեություն ենք ընդունել, որը մեր պատմիչներն անվանում են Հայոց դարձ: Հայկական լեռնաշխարհում մենք կարող ենք տեսնել քրիստոնեության բազմաթիվ տարրեր դեռեւս Քրիստոնեությունից առաջ՝ սկսած գաղափարախոսությունից, վերջացրած խորհրդանշաններով: Խաչքարի նախատիպեր, որը նաեւ կենաց ծառ է, գոնե մոտիվի սիմվոլների առումով ունենք ուշ Բրոնզ երկաթի դարի ժամանակաշրջանում, անգամ դրանից ավելի վաղ ժամանակահատվածներում»,-փաստում է հնագետը:
Միքայել Բադալյանի ձեւակերպմամբ, պետականություն ունեցած եւ չունեցած ժամանակ Հայոց եկեղեցին կարեւորագույն դերակատարություն է ունեցել. «Եկեղեցին հայապահպանության, պետականապահպանության կարեւորագույն առաքելություն է կատարել: Առանց եկեղեցու անհնար էր, որ լինեինք այն, ինչ այսօր ենք… Ո՞վ է ստեղծել հայոց գրերը… Այո, Սահակ Պարթեւ կաթողիկոսն ու Վռամշապուհ արքան մեծագույն դերակատարություն են ունեցել, իսկ ո՞վ էր Մեսրոպ Մաշտոցը՝ հոգեւորական էր: Սա եկեղեցի-պետություն համագործակցության կարեւոր դրսևորում է:
Կարդացեք նաև
Մեր ինքնության համար մղվող տարբեր դրվագներում եկեղեցին մշտապես ունեցել է առանցքային դեր՝ հայապահպանություն, գիտություն, կրթություն, մշակույթ… Որտե՞ղ են եղել մեր դպրոցները՝ վանքերին կից կամ մեր համալսարանները…Եթե ճիշտ ընկալեինք մեր հոգեւոր հայրերի ամբողջ իմաստությունը, այսօր այս վիճակում չէինք լինի…Մենք մի ազգ ենք, որը Երուսաղեմում ունի իր թաղամասը, մի ազգ, որը Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Տաթեւացի, Մովսես Խորենացի է տվել, մեր պատմիչները գլխավորապես հոգեւորականներ են եղել, առաջին թանգարանի նախատիպը Վարագավանքում է ստեղծվել, երկրորդը՝ Մայր աթոռում…
Որպես ուրարտագետ եմ փաստում՝ մեր բազմաթիվ սեպագիր արձանագրություններ գտնվել են հոգեւորականների կողմից…Կոմիտասը հոգեւորական էր, մեր էպոսը մշակող Գարեգին Սրվանձտյանցը հոգեւորական էր, Գարեգին Հովսեփյանը հոգեւորական չէ՞ր…Կարող եմ շարունակել անուններ թվարկելը…Մեր ինքնությունը գլխավորապես պահպանել է եկեղեցին»:
Գիտնականը կարծում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին չափազանց կարեւոր առաքելություն է վերապահված՝ ազգապահպանության, ազգը համախմբելու գործում:
Խոսելով համաշխարհայնացման միտումներից՝ Միքայել Բադալյանն ասում է, որ կարեւորը համաշխարհային ներկապնակում քո գույնը, ուրույնությունը պահելն է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ