Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազը հայտարարել է՝ «մենք այս արարքը դիտարկում ենք նոր լույսի ներքո»։ «Ի՞նչ նոր լույսի ներքո, ՀԷՑ-ի պետականացումից հետո ոնց որ լույսերը լավ չեն աշխատում դատախազությունում»

Օգոստոս 25,2025 18:50

«Մենք հիմա ժամեր շարունակ քրեական հետապնդումը բացառող հանգամանքը ներկայացնում ենք, ասում ենք, որ 2023 թվականին մերի վստահորդը ավելի կոպիտ բառամթերքով հայտարարել է նույնաբովանդակ գործողությունների մասին, եւ այդ ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազությունը դիրքորոշում է հայտնել, որ այդտեղ հանցագործության հետք չկա։ Հիմա մենք ձեզ ներկայացնում ենք փորձագետի կարծիքները՝ որպես ապացույց, բայց այստեղ մեղադրանքի կողմից լսում ենք դեռեւս սովետմիության տրամաբանության մեջ առարկություններ, ի՞նչ ժամավաճառությամբ ենք մենք այստեղ զբաղված»,- Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական  նիստի ժամանակ ասաց Միքայել սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

Նա նշեց, որ Գլխավոր դատախազը հայտարարել է՝ «մենք այս արարքը դիտարկում ենք նոր լույսի ներքո»։ «Ի՞նչ նոր լույսի ներքո, ՀԷՑ-ի պետականացումից հետո ոնց որ լույսերը լավ չեն աշխատում Գլխավոր դատախազությունում»,- ասաց Մարինե Ֆարմանյանը։

Դատավորն արձագանքեց, որ ժամավաճառության մասին հայտարարությունները դատարանի համար ընդունելի չեն։

Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031