Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաիրավական համակարգի վրա ինչ-որ մեկը մաքրում է իր ոտքերը. դատարանը սանկցիա կիրառեց Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ

Օգոստոս 27,2025 17:03

-Զավթել հասկացությունը ենթադրում է բռնություն, բռնության եղանակով ինչ-որ բանի տիրանալ: Եթե խոսում ենք իշխանության զավթման կոչի մասին, ապա հավասարապես բռնության կոչի մասին է: Մեղադրանքի որոշման մեջ չենք տեսնի վերլուծություն, արդյոք այս խոսքը իշխանության հասցեին քննադատակա՞ն խոսք էր, թե՞ բռնություն,- այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գործով դատական նիստում իր պաշտպանյալին մեղսագրվող արտահայտությունների բառարանային իմաստներին անդրադառնալով՝ ասաց նրա պաշտպան Գրիգոր Մղդեսյանը:

Նա անդրադարձավ նաեւ Ռաբաթի գործողությունների ծրագրին, սակայն նիստը նախագահողը ընդհատեց. «Հիմնավոր կասկածն եք վիճարկում այն մակարդակով, որը հնարավոր էր եզրափակիչ ելույթում, բայց սկսել եք բառարանի բացատրությունից հասել Ռաբաթի գործողություններ»:

Պաշտպանը շարունակեց. «Քրեական վարույթում ման եմ եկել, չեմ գտել հանգամանքներ, նյութեր, փաստաթղթեր, որոնք հիմնավորում են, որ Հակոբյանի կողմից նոր հանցանք կկատարվի: Մինչեւ հիմա յութուբում կա Ռուբիկ Հակոբյանի նշված հարցազրույցը, եթե պետությունը համարում է՝ հանցանք կա, ի՞նչ գործողություններ է արել, որ այդ հղումը չաշխատի, մարդիկ հասանելիություն չունենան դրան: Եթե պետությունը համարում է, որ այն հասարակության լայն զանգվածների վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ, ինչու է հարցազրույցը դեռ հասանելի»:

Պաշտպանական կողմը միջնորդեց խափանման միջոց կալանքը փոխարինել այլընտրանքայինով, ասաց՝ մինչեւ 5 միլիոն դրամ գրավի հնարավորություն ունեն:

-Այն, որ ասում էին՝ մարդիկ կային հարցաքննության, գործողություններ կային, որ պետք է արվեին, բա ո՞ւր է, մի քննչական գործողություն է ընդամենը կատարվել ու 1.5 ամիս է՝ պաշտպանյալս գտնվում է կալանքի տակ,- շարունակեց պաշտպանը:

-Չիմացող մարդը հիմա կմտածի՝ Ռուբիկ Հակոբյանը վեր է կացել, ասել է՝ ժողովո՛ւրդ, հենց հիմա գնացեք, դրան սատկացրեք, իշխանությունը վերցրեք, ախր չէ: Նա սահմանադրական կարգի տապալված լինել-չլինելու մասին իրավաքաղաքական վերլուծություն է արել: Հետո ասել է՝ դրանց ականջներից վերցնել ու դուրս շպրտել: Չի կարելի կոնտեքստից վերցնել ու մարդուն մեղադրել: Մի տեսակ դաղալ են խաղում հարգելի դատարան, տանում են ամենախիստ խափանման միջոցը կիրառել են տալիս,- շարունակեց մյուս պաշտպանը՝ Վարազդատ Հարությունյանը:

Դատական նիստում խոսեց նաեւ Ռուբիկ Հակոբյանը՝ նկատելով. «Ցիտել եք իմ խոսքը, ականջներից բռնել, դուրս շպրտել, բայց որեւէ անգամ չի ասվել, թե ինչու եմ դա ասում, ինչ հիմքի վրա է դա ասվում: Միտում եմ տեսնում, որ սա քաղաքական հետապնդման հերթական փորձ է: Ինքը գլխատել է մեր զինվորին, մեր արժանապատվությունը, խախտել է Սահմանադրությունը. Նիկոլ Փաշինյանի մասին եմ ասում: Սադրել է պատերազմ»: Հակոբյանի այս ելույթը ընդհատեց դատարանը:

Պարոն Հակոբյանն էլ ասաց, որ այս գործում իր համար ամենավիրավորականն այն է, որ կարող են մտածել ու հիմք ընդունել, որ ինքը կարող է փախնել, ու այդ կասկածի հիմքով իրեն շարունակել պահել կալանքի տակ:

-Ինչի՞ց եք ելնում, որ Հակոբյանը կարող է փախնել,- հարցրեց Ռուբիկ Հակոբյանը,- ապա շարունակեց,- Խորապես արհամարհում եմ այն արդարադատությունը, որ կարող է այդ հիմքով ինձ կալանավորեն… դրա համար էլ մեր երկիրն այս վիճակում է, որովհետեւ դատաիրավական համակարգի վրա ինչ-որ մեկը մաքրում է իր ոտքերը:

Դատարանը կիրառեց դատավարական սանկցիա Հակոբյանի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համար, կոչ արեց՝ զուսպ լինել իր խոսքում: Այս ամենը լսելուց հետո, ինչպես արդեն հայտնել ենք, դատարանը որոշեց փոխել Հակոբյանի խափանման միջոց կալանքը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031