Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով ամփոփիչ դատական նիստը։ Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց այն խախտումները, որոնք թույլ են տրվել այս քրեական գործով։
«Հաշվի առնելով այս խախտումները՝ միջնորդում եմ հռչակել գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը եւ կայացնել արդարացման վերդիկտ։ Ամեն կետով այս վերդիկտը պետք է կայացվի»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Նա շեշտեց այս քրեական գործով ամբողջ դատավարության անօրինական լինելը եւ կայացված ու կալացվելիք ցանկացած դատական ակտի ակնհայտ անօրինական լինելը։ Հիշեցրեց, որ օրենքի համաձայն՝ դատական ակտը ենթակա է բեկանման, եթե խախտվել են ընդդատության կանոնները։ Իսկ այս գործով դատարանն ակնհայտ խախտել է ընդդատության կանոնները, ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ