Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ սխալներ են թույլ տալիս պայմանագիր կնքելիս

Օգոստոս 29,2025 13:00

Իրավագիտակից քաղաքացի

«Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից:

Ճիշտ ու օրենսդրության պահանջներին համապատասխան կազմված պայմանագիրը բիզնեսի զարգացման կարեւոր հենասյուներից մեկն է, հետեւաբար՝ այդ գործընթացին պետք է մոտենալ շատ լուրջ, դրա կազմմանը կամ իրավական փորձաքննությանը ներգրավել արհեստավարժ իրավաբանի՝ նվազագույնի հասցնելու իրավական ռիսկերը:

Այս անգամ ձեր ուշադրությանը կներկայացնեմ այն հիմնական սխալները, որոնք կողմերը թույլ են տալիս պայմանագրի կնքման ժամանակ: Նշեմ, որ հենց այդ սխալների հետեւանքով կողմերի միջեւ հաճախ առաջանում է վեճ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել դատական գործընթացների, նույնիսկ՝ պայմանագրի անվավեր ճանաչման:

Այդ սխալներն են՝

  1. Մի պայմանագրի կառուցվածքը շփոթում են մյուսի հետ (օրինակ՝ հաճախ շփոթում են կապալի եւ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերը),
  2. Պայմանագրում սխալ կամ ոչ ամբողջական են նշում կողմերի տվյալներն ու վավերապայմանները,
  3. Չեն ստուգում մյուս կողմի իրավունակությունը եւ գործունակությունը, ինչպես նաեւ պայմանագիրը ստորագրող անձի լիազորությունը,
  4. Անորոշ ձեւով են նշում պայմանագրի առարկան (օրինակ՝ նշում են ծառայությունների մատուցում՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ ծառայություններ),
  5. Պայմանագրում նշում են այնպիսի պայմաններ (օրինակ՝ ժամկետներ, պարտականություններ), որոնք փաստացի չեն կատարելու,
  6. Պայմանագրում չեն նախատեսում դրույթներ գաղտնիության կամ մտավոր սեփականության իրավունքի պահպանման վերաբերյալ,
  7. Դրամական տուժանք չեն նախատեսում այն դեպքի համար, երբ մյուս կողմը խախտում է իր պարտականությունները,
  8. Պայմանագրում նշված չէ վեճերի լուծման համար ճիշտ տարածքային ընդդատությունը,
  9. Ընկերության բաժնետերերի հետ չի համաձայնեցվել պայմանագիրը, ինչի արդյունքում կարող է վնաս կրել հենց ընկերությունը,
  10. Չեն փոխանակվում պայմանագրի բնօրինակներով,
  11. Պայմանագրին չեն կցում տեխնիկական բնութագիրը եւ մյուս հավելվածները,
  12. Պայմանագրում չեն նախատեսում անհաղթահարելի ուժի ազդեցությունը՝ նույն ինքը՝ ֆորս-մաժորը,
  13. Պայմանագրի գնի մեջ նշում չկա այն մասին՝ ապրանքը ձեռք է բերվում ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ-ով), թե՝ ոչ,
  14. Պայմանագրում հստակ նշված չէ, թե ով է վճարելու մատակարարման, փաթեթավորման, բեռնաթափման համար եւ այլն:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
28.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031