Լրահոս
Օրվա լրահոսը

Դասերը թող 21:30 սկսվեն, ավարտվեն՝ հաջորդ օրը 2:30, երեխաներին հանել Երեւանից՝ խցանումների մեղավորները իրենք են. քաղաքացիները հեգնում են դասերը 8:15 սկսելու որոշումը

Օգոստոս 29,2025 14:23

Սեպտեմբերի 1-ից Երեւանի բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական դասերը կմեկնարկեն ժամը 8:15-ին։ Պաշտոնական այս տեղեկությունը իրարանցում է առաջացրել ծնողների շրջանում: Նույնիսկ այս թեմայով կատակներ են ծնվել: «Ինչու 8.15, ժամը 6-ին փողոցները դափ- դատարկ են, իսկը դպրոց գնալու ժամ է»,-գրել է ֆեյսբուքյան մի օգտատեր:

«Իսկ սենյակներ կարգավորելո՞ւ եք գիշերակացի համար։ Հեռվից եկող ուսուցիչները եւ աշակերտները ավելի լավ է մնան դպրոցում, քան ժամը 5- ից արթնանան, որ հասնեն դասի»,-նեղսրտել է մի ծնող։

«Ամառային արձակուրդներին էլ հո դպրոց չկա՞ր, առաջարկում եմ երեխաներին ընդհանրապես հանել Երեւանից՝ խցանումների մեղավորները իրենք են, ու հա, կորչեն դպրոցները, անհապաղ փակել…»,- հեգնել է մեկ ուրիշը:

«Կարելի՞ է ԿԳՄՍ նախարարությանը հարց ուղղել, գուցե պետական հիմնարկներում աշխատանքը սկսեն 8-ից , իսկ երեխաների դասերը ՝ 9-ից, որ առավոտյան արդեն նյարդային ու հոգնած չգնան դպրոց, նաեւ իրենց խցանումների խնդիրը կլուծվի…»,-նեղսրտել է եւս մի ծնող:

«Երեւանում խցանումներից խուսափելու համար դասերը դպրոցներում կսկսեն 8:15, իսկ եթե դա էլ չօգնի՝ դպրոցները կտեղափոխվեն Աշտարակ։ Երևանի քաղաքապետարանի կրթության, գիտության ու բանականության բաժին»,-հեգնել են ֆեյսբուքյան հումորային էջերից մեկում: Աշտարակը մոտիկ է, Ալավերդի տարեք՝ գրառումը մեկնաբանել է մեկ ուրիշը:

«8:15-ին դասերը մեկնարկելու որոշում ընդունողներ, եկեք գիշերային ռեժիմի վրա նստեցնենք երեխաներին: Թող դասերը երեկոյան 21:30 սկսվեն, ավարտվեն հաջորդ օրը 2:30, հրաշալի կլինի երթեւեկության վիճակը»,-ծաղրել է մի քաղաքացի:

 

Իհարկե, կան նաեւ որոշումն արդարացնողներ, որոնք օրինակ են բերում այլ երկրների փորձը, ոմանք էլ կարծում են, որ երեխաները պետք է երեկոյան 9-ից հետո քնած լինեն, ոչ թե մտնեն հեռախոսների մեջ ու խաղեր խաղան:

«ԿԳՄՍ նախարարության եւ Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնության նպատակն է ստեղծել առավել հարմարավետ պայմաններ, որպեսզի երեխաները կարողանան առանց ավելորդ շտապելու եւ խցանումների ազդեցության՝ ժամանակին հասնել դպրոց։ Այս փոփոխությունը միտված է նաև առավոտյան ժամերին երթևեկության կազմակերպվածության բարելավմանը, ինչը կօգնի նվազեցնել ճանապարհներին ծանրաբեռնվածությունը և ապահովել ավելի հանգիստ օրվա սկիզբ ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ընտանիքների համար»,-Aravot.am-ին փոխանցեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

ԻՍԿ ԿԳՄՍ նախարարությունից «ավանդույթի համաձայն» հորդորեցին թեմայի վերաբերյալ հարցերը գրավոր ուղարկել:

Դասերը վաղ սկսելու մասին ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել նաեւ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նա գրել էր, որ 8:30-ից շուտ դասերը սկսելն ազդում է երեխայի հոգեկան առողջության վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարները գեներացված են արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031