Հարցազրույց քաղաքականության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի հետ, որն ուսանողական տարիներին Իլհամ Ալիեւի հետ սովորել է MGIMO-ում: 1 տարի առաջ պրոֆեսոր Ալեքսանդրովը զգուշացնում էր, որ Փաշինյանը լուրջ սխալ է գործում՝ համարելով, թե տարածք հանձնելը, Զանգեզուրի միջանցքը տալը Հայաստանի անվտանգության երաշխիքն են:
– Թրամփի մասնակցությամբ փաստաթուղթ նախաստորագրվեց, նիկոլական քարոզչությունն ավետում է` սկսվել է խաղաղության դարաշրջանը: Կլինի՞ խաղաղություն:
– Կարծում եմ՝ չի լինի, մշտապես կպահպանվեն կոնֆրոնտացիան, լարվածությունը: Հայաստանում շատերը չեն հասկանում, որ Ալիեւի ռեժիմը խաղաղության տրամադրված չէ ոչ թե այն պատճառով, որ սպառնալիք է զգում Հայաստանից, այլ՝ որովհետեւ դա նրան պետք է ներքաղաքական պատճառներով: Ալիեւների կլանն Ադրբեջանում իշխանությունը զավթել է եւ պահպանում է իր իշխանությունը հայերի նկատմամբ ատելություն հրահրելով, պահպանելով լարվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում, հրաժարվելով խաղաղ համաձայնությունների գնալուց, թեեւ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու շատ տարբերակներ են եղել: Նա հասկանում է, որ ամուր խաղաղության կնքումն Ադրբեջանի ներսում խաղաղ դիվիդենտի հարց է առաջացնելու՝ ի՞նչ կստանան մարդիկ, եթե վերջապես խաղաղությունը հաստատվի: Հիմա նա բացատրում է իր ժողովրդին, որ պետք է գոտիները ձգեն, որ հայ թշնամին մեր դեմ զինվում է, որ անհրաժեշտ է նվազեցնել իրենց պահանջները, համաձայնել ռեպրեսիվ միջոցների` ներքին ընդդիմության դեմ, որ հասնենք հաղթանակի: Իսկ եթե նա խաղաղություն կնքի, նշանակում է հարցը լուծված է, եւ ժողովուրդը կսկսի հարցեր տալ: Արդեն պետք է դեմոկրատիզացիա անցկացնել, սոցիալական ծախսերն ավելացնել, հարց կառաջանա, թե ինչու Ադրբեջանում իշխանությունը չի փոխվում, ինչու է մեկ կլան մոնոպոլիզացրել նավթից ու գազից ստացվող եկամուտները, իսկ մյուսները չքավորության մեջ են: Եվ անմիջապես կառաջանա ռեժիմի ապակայունացում: Ահա թե ինչու Ալիեւին ձեռնտու չէ խաղաղությունը:
– Եվ ինչքա՞ն կարող է տեւել Ձեր ասած լարվածությունը:
Կարդացեք նաև
– Ալիեւին մշտապես անհրաժեշտ է հանրությանը լարվածություն ցուցադրել, ի ցույց դնել, որ ինքն արդյունքներ է արձանագրում Հայաստանի դեմ հակամարտության մեջ: ԼՂ-ն «ազատագրեց», հիմա առաջ է հրում Զանգեզուրի միջանցքի թեման, պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, հետո կպահանջի միլիոն ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում եւ, ի վերջո, բանը կհասցնի նրան, որ Հայաստանը կդադարի գոյություն ունենալ: Իհարկե, մինչ դա տեղի ունենա, Ալիեւը կգնա այլ աշխարհ կամ շատ ծեր կլինի, եւ նրա երեխաները կլինեն իշխանության ղեկին ու կպարծենան իրենց հորով, որը ոչնչացրեց Ադրբեջանի հավերժական թշնամուն եւ նրանց ապահովեց լուսավոր ապագա, ինչպես հույս ունի Ալիեւը: Ուրեմն, պետք է հասկանալ, որ այս ռեժիմի օրոք խաղաղությունն անհնար է:
Եթե այլ ռեժիմ լիներ, ավելի դեմոկրատական, որը, օրինակ, Ադրբեջանի ֆեդերալիզացիա հաստատեր, որ թալիշները, լեզգիները, հայերը ԼՂՀ-ում ստանային ինքնավարության կարգավիճակ, խաղաղությունը հնարավոր կլիներ: Բայց Ալիեւը դա երբեք չի անի, ինչպեսեւ՝ Թուրքիան, որին պետք է միայն հաճախորդ պետություն, որը կիրականացնի իր շահերն Անդրկովկասում, Կասպիում եւ Կենտրոնական Ասիայում: Իսկ եթե Ադրբեջանում լինի դեմոկրատական ռեժիմ, ֆեդերալիզացիա, նրանք կհրաժարվեն թյուրքական ժառանգությունից, կլինեն բազմազգ երկիր, որտեղ թյուրքական տարրը կլինի մեկը` շատերից, եւ այդ ժամանակ Թուրքիան կկորցնի Ադրբեջանի վրա ազդեցության լծակները: Ահա ինչու Թուրքիան աջակցում է Ադրբեջանին եւ նրա կոնֆրոնտացիոն գիծը: Ահա թե ինչու, երբ Փաշինյանն ասում է, որ խաղաղություն է բերել, նա նման է Չեմբեռլենին, որը թափ էր տալիս փաստաթուղթը, երբ Մյունխենից ժամանել էր Լոնդոն, որտեղ Չեխոսլովակիայի տարածքի մի մասը հանձնել էին Հիտլերին: Եվ Փաշինյանն էլ հանձնեց Լեռնային Ղարաբաղը, Սյունիքի եւ Տավուշի սահմանամերձ հատվածները, փաստացի հանձնելու է Զանգեզուրի միջանցքը:
– Ասվում է, որ ամերիկացիները վարձակալելու են Սյունիքի միջանցքը 99 տարով, սա ի՞նչ է նշանակում:
– Դա ինքնիշխանության կորուստ է: Ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն իշխանության եկավ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման կարգախոսի ներքո, որը Ռուսաստանը, իբր, լրջորեն սահմանափակել է: Նա ակնկալում էր, որ Հայաստանը սուվերեն է լինելու` հրաժարվելով Ռուսաստանի հետ բարեկամությունից: Հիմա նա վերջնականապես կորցնելու է ինքնիշխանությունը: Եթե Ռուսաստանի հետ նա թեթեւակի սահմանափակված սուվերենիտետ ուներ, ապա այժմ ոչ մի ինքնիշխանություն չունի, եթե նա տարածքներ է հանձնում, եթե նրան թելադրում են, թե ինչպես Սահմանադրությունը փոխի, եթե ադրբեջանցիներ են գալու ապրեն Հայաստանում, եթե ահռելի շրջան է վարձով տրվելու: Սա չլսված բան է, աշխարհում նման բան չի եղել, 18-19-րդ դարերի պրակտիկայից է, օկուպացիայի հետեւանք է:
– Հետաքրքիր է, որ Ալիեւը Ռուսաստանին է մեղադրում Զանգեզուրի միջանցքն օկուպացնելու մեջ: Նա վերջերս կոշտ թշնամական հայտարարություններ է անում՝ Ռուսաստանին ուղղված: Սա է՞լ է թուրքական հետք: Ինչո՞ւ հանկարծ այսչափ սրվեցին ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները:
– Դա առերեւույթ հանգստություն էր: Իրականում մենք միշտ կոնֆրոնտացիայի մեջ ենք եղել Ադրբեջանի հետ:
– Բայց Ռուսաստանն աջակցում էր Ադրբեջանին:
– Ալիեւը միշտ եղել է ռուսաֆոբ, հակառուս գործիչ: Դեռ խորհրդային ժամանակներում, իսկ ես նրան ճանաչել եմ դեռ ՄԳԻՄՕ-ում համատեղ ուսման տարիներից, շատ դժգոհ էր միութենական կենտրոնի գործունեությունից: Նա ուզում էր, որ հանրապետությունները լիակատար ազատություն ստանային քաղաքականության հարցերում: Հետո արդեն շատ վատ էր վերաբերվում Ռուսաստանին, նրանք ատում էին ռուսներին, մանավանդ՝ երբ նրան ՄԳԻՄՕ-ի ղեկավարությունն ազատեց աշխատանքից, իսկ նրա հորը հանեցին Պոլիտբյուրոյից: Կար Պոլիտբյուրոյի որոշում՝ Ալիեւի կոռուպցիայի մասին: Այդ մասին մեզ մոտ հիմա նախընտրում են չխոսել: Մեր իշխանության ղեկին գտնվող դեմագոգները նույնիսկ պատրաստվում են Մոսկվայում Ալիեւի արձանը տեղադրել, ձեւացնում են, թե ոչ մի նման բան չի եղել, բայց կուսակցական վերահսկողության հանձնաժողովն ուսումնասիրել էր Հեյդար Ալիեւի գործունեությունն ու բացահայտել խոշոր կոռուպցիայի դեպքեր:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում