Լրահոս
Օրվա լրահոսը

QR կոդի նյութերը դասագրքի մաս են, մի՞թե դրանց տակ եղած լրագրողական նյութերը գիտականորեն են ստեղծված. Սերոբ Խաչատրյանը՝ աղմուկ հանած դասագրքի մասին

Օգոստոս 31,2025 14:44

Մասնակցային դպրոցի՝ Հայաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքի (հեղինակներ՝ Գեւորգ Կեսոյան, Վահագն Հակոբյան, Նժդեհ Հովսեփյան, Հրածին Վարդանյան, Ալլա Խառատյան, Տաթեւիկ Համբարձումյան, Աղասի Թադեւոսյանը) քաղաքականացված լինելու  վերաբերյալ կրքերը շարունակվում են բորբոքված մնալ: Դասագրքի մասին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը: Նա ասում է, որ դիմելու են դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍՆ-ի եւ պատասխանատու այլ անձանց, քանի որ դասագրքում Արցախի անկումը վերագրված է Արցախի իշխանություններին, մասնավորապես Սամվել Շահրամանյանին:

Դասագրքի հեղինակներից Նժդեհ Հովսեփյանը համաձայն չէ դասագրքի վերաբերյալ տարբեր քննադատությունների հետ եւ ներկայացրել է իր դիտարկումները:

Ավելի վաղ  ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի տիկինը՝ Անահիտ Բախշյանն էր դժգոհել, որ դասագրքում նշված չեն հոկտեմբերի 27-ի 6 զոհերի անունները, ինչին ի պատասխան «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հիմնադիր Վահրամ Սողոմոնյանն ասել էր, որ երեխաները կարող են հավելյալ տեղեկություններ ստանալ սկանավորելով դասագրքում եղած QR կոդերը:

Ի դեպ, հոկտեմբերի 27-ի վերաբերյալ QR կոդի «տակ» «Ազատություն» ռադիոկայանի՝ 2021թ.-ին պատրաստած «Հոկտեմբերի 27, երկբեւեռ իշխանության ավարտը» ֆիլմն է (հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան, ռեժիսոր՝ Արա Ճաղարյան): Հայ-թուրքական հարաբերությունների մասին դասագրքում QR կոդի «տակ» ներկայացված է «Վերսուս» ստուդիայի եւ Թուրքիայի պատմության հիմնադրամի համագործակցությամբ պատրաստված «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմը (հեղինակներ՝ Տիգրան Պասկեւիչյան, Արա Շիրինյան), Միսաք Մանուշյանի մասին մանրամասներին կարելի է տեղեկանու համար մեկ այլ QR կոդ սեղմելիս էլ հայտնվում ես lamedia.am կայքում:

«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հիմնադիր Վահրամ Սողոմոնյանն  Aravot.am-ին փոխանցեց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել՝ «Առավոտի» խմբագրականից հետո: Մենք նրանից հետաքրքրվել էինք՝ արդյոք այն նյութերը՝  մեծ մասը լրագրողների ու լրատվամիջոցների  պատրաստած, կարող են ուսումնական նյութեր համարվել, եւ ի՞նչ կարծիքի է Արցախի նախագահի՝ իրենց դատի տալու վերաբերյալ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով. «Եվ դասագիրքը, եւ QR կոդով նյութերը պարտադիր կերպով պետք է փորձաքննվեն: Եթե այդ նյութերն այդտեղ դրվել են, ենթադրվում է, որ համապատասխան մասնագետը պետք է հատ-հատ սկզբից մինչեւ վերջ տեսանյութերը նայած լինի: Եթե ինքը տվել է դրական եզրակացություն, դրանով հաստատել է, որ դա գիտական նյութ է, բայց ես վստահ չեմ, որ այդ ամեն ինչն արվել է:

Ես կողմ եմ, որ լրագրողական նյութերը դասերի ժամանակ օգտագործվեն, որովհետեւ ամբողջ աշխարհում ընդունված է լրացուցիչ նյութեր օգտագործելը: Բայց մի բան է, երբ լրագրողական նյութերը բերում ես դասարան ու քննարկման առարկա ես դարձնում, օրինակ, վերցնում ես երկու տարբեր լրատվամիջոցների նյութեր, երեխաներին ասում ես՝ համեմատեք, տեսեք ինչ կողմնապահություններ կան, ինչն է, որ երկուսն էլ ասում են, ինչի հետ համաձայն չեք կամ համաձայն եք: Նման մեթոդական բաներ կարելի է անել:

Ու եթե լրագրողական նյութը հայտնվել է դասագրքի մեջ, դա դասագիրքը հաստատողների պատասխանատվության տիրույթում է, այսինքն եթե այդտեղ լինեն սխալ, ոչ գիտական բաներ, այդ դեպքում պատասխանատուն այն մարդն է, որը հաստատել է դասագիրքը, որովհետեւ QR կոդի նյութերը դասագրքի մաս են: Ես, օրինակ, չէի դնի նման բաներ դասագրքում, որովհետեւ QR կոդով նյութերը եւս պետք է լինեն գիտական փորձաքննություն անցած: Կան հեռուստատեսային հաղորդումներ, դրանից ժամանակին մեկը վարում էր Արտակ Մովսիսյանը, դրանք գիտական բաներ էին, բայց հիմա արդյոք լրատվամիջոցի նյութը, որ զետեղված է գրքում, անցե՞լ է գիտական փորձաքննություն:

Ես լսել եմ, որ QR կոդերի նյութերին մատների արանքով են նայում, անգամ օտարալեզու նյութեր են դնում տարբեր դասագրքերում, եթե դասագիրքը հաստատած մարդը գտնում է, որ լրատվամիջոցի նյութը գրականության չափանիշներին համապատասխանում է, բայց ես չեմ կարծում, որ լրագրողները նյութ պատրաստելիս  մտածում են գիտականորեն կառուցեն, կարող են լինել սուբյեկտիվ, էմոցիոնալ բաներ; Ինչպես արդեն նշեցի, մեր մեթոդաբանությունը թույլ տալիս է, որ ուսուցիչն ասի՝ գնացեք համացանցից նյութեր գտեք, բայց ուսուցիչը նաեւ պետք է շեշտի, որ սա լրագրողական նյութ է, կարող են լինել սխալներ, կողմնակալություն»:

Կրթության փորձագետը նորից է շեշտում. QR կոդով նյութերի առկայությունը դասագրքում պարտադիր է ենթադրում եւ  այն, որ այդ նյութը գիտականորեն է ստեղծված: Իսկ արդյոք Պատմության կամ այլ դասագրքերում QR կոդերով նյութերն այդպիսի՞ն են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031