Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության հուշահամալիրի հոշոտված և խոշտանգված պատկերները ոչ թե նորոգման, այլ բարբարոսաբար և անգամ դիտավորությամբ ոչնչացման մասին են խոսում. Լիլիթ Գալստյան

Օգոստոս 31,2025 21:25

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի «վերանորոգումն» արդարացիորեն հանրային ընդվզում է առաջացրել։
Արդարացիորեն, որովհետև յոթը տարի հասարակությանը ստով ու ոչ պրոֆեսիոնալիզմով կերակրած, մեր նվիրական ազգային արժեքներն ասպատակող ու ուրացող կառավարությունը իրեն չհավատալու և չվստահելու լեգիտիմ հիմքեր է տվել։

Անգամ հուշարձանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաթեթի, նույնիսկ այսպես կոչված հեղինակային վերահսկողության փաստացի գոյության պայմաններում, հուշահամալիրի այսպես կոչված «վերանորոգման» ընթացիկ պատկերները ակնհայտորեն խոսում են հուշարձանի նկատմամբ վանդալիզմի և խոշտանգման մասին։ Սա ակնհայտ է անգամ անզեն, ոչ պրոֆեսիոնալ աչքով։

Համենատեք՝ 2003-ին Լինսի հիմնադրամի միջոցներով նորոգվող հուշարձանի խոսուն պատկերներն ու այս օրերի ցավալի պատկերը։
Ցեղասպանության հուշահամալիրի հոշոտված և խոշտանգված պատկերները ոչ թե նորոգման, այլ բարբարոսաբար և անգամ դիտավորությամբ ոչնչացման մասին են խոսում։

Հանրապետական հուշարձանին և մեր ողջ հասարակությանը հասցված այս բարոյական և նյութական վնասի համար համապատասխան մարմինները պետք է պատասխան տան, սա հանցագործության աստիճանի անփութություն է և անպատասխանատվություն։

Մի շարք հարցերի պատասխաններ պետք է տրվեն․

1․ Ինչպե՞ս են կազմակերպվել վերանորոգման նախագծային աշխատանքները, արդյոք իրականացվե՞լ է հուշարձանի պատշաճ ուսումնասիրություն՝ կապված վերականգնման մեթոդի և նյութերի ընտրության առնչությամբ։
Արդյոք իրականացվե՞լ է շինարարության կազմակերպման նախագիծ՝ բոլոր ուղղություններով։

2․ Ինչպե՞ս է կազմակերպվել տվյալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ Ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով է ընտրվել այն կազմակերպությունը, որը պետք է վերանորոգման աշխատանքներ կատարեր։

3․ Արդյոք տվյալ մրցույթում հաղթած կազմակերպությունը պատմական՝ այն էլ հանրապետական նշանակության հուշարձան նորոգելու համապատասխան փորձ և կարողություններ ունի։

4․ Հեղինակային վերահսկողության կողքին, ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես պատվիրատու և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող պետական լիազոր մարմին, չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ տեսչական հսկողության իրականացնելու հաստատված նախագծի նկատմամբ և կանխելու հուշարձանի վնասումն ու խոշտանգումը։

5․ Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց պաշտոնական լիազորություններն ու պարտականությունները ձախողած անձինք։

Հիշո՞ւմ եք կախիչի պատմությունը։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի խոստովանությունը՝ «Մենք դպրոց կառուցել չգիտենք․․․» /Բայց Ակադեմիական քաղաք են կառուցում․․․/։

Ի դեպ, նույքան աղետալի և անփառունակ է Հ․ Թումանյանի տուն-թանգարանի «նորոգման» պատմությունը։ Երեք տարի է՝ նորոգման անվան տակ փլատակի է վերածվել թանգարանը, աշխատանքները սառեցված են, և բաց երկնքի տակ մնացած անկտուր շինությունն առաջիկա աշնան ու ձմռան ընթացքում էլ ավելի կքայքայվի։

Եվ այստեղ էլ նույն հարցերն ու նույն եզրակացությունը․․․
Պետք չէ զարմանալ, որ ձեզ չեն հավատում, չեն վստահում, որովհետև աշխատել չգիտեք, որովհետև սուտն ու ոչ պրոֆեսիոնալիզմը համատարած է։

Ձեր նկատմամբ հավատի և վստահության խորը ճգնաժամ կա, և դուք այն սնում եք ամեն վայրկյան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031