ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով «Արմավիր» ՔԿՀ-ում Արցախից բռնի տեղահանված Արտաշես Ոսկանյանի մահվան մասին գույժին, ասաց. «Տարին դեռ չի լրացել, սակայն սա արդեն քրեակատարողական հիմնարկներում մահվան 17-րդ դեպքն է: Ու երբ փորձում ենք միջնորդել, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց չտանեն սպանեն, ասում են, թե ահաբեկչություն ենք հովանավորում: Կարծում եք, օնկոլոգիական ծանր հիվանդությամբ տառապող Աղվան Արշակյանին այնտեղ չեն սպանելո՞ւ: Մեղադրող կողմն էլ պահանջում է, որ նրան նորից տանեն քրեակատարողական: Նույնը Ստեփան Սամվելյանի պահով: Տեսեք՝ համակարգը ոնց է գործում… Սիրելի հայրենակիցներ, 17 հոգի: Տարին չլրացած: Քրեակատարողական հիմնարկներում: Սրանք վարի են տվել:
Նախ, կալանավայրերը տարրական պայմաններից զրկված են. էս շոգին, արեւին օդափոխություն, լողանալու հնարավորություն չկա, ջուր չեն կարողանում խմել: Ասում են՝ տարբեր միջատներով, սողուններով, օձ ու կարիճով խցեր են: Ոչ նստելու տեղ կա, ոչ դարակներ կան: Շատ տեղերում դրանք բացակայում են: Այն մարդիկ էլ, որ ռեալ հիվանդություն ունեն, այդ մարդկանց, որ պետպատվերի շրջանակներում գրում են, պիտի բախտը բերի, որ 7-րդ, 8-րդ ամսում հիվանդանոց տեղափոխվելու հերթը գա կամ չգա: Այսինքն, մինչեւ հերթը հասնի, այդ մարդը կարող է արդեն չլինել: Նույնը եղել է արցախցի մեր հայրենակցի հետ: Մարդն անընդհատ ահազանգել է, որ ծանր հիվանդ է: Ու մահացել է իր տղայի գրկում:
Չեմ հասկանում, դուք սադի՞ստ եք: Երեւի օսվենցիմներում, համակենտրոնացման մյուս ճամբարներում այսպես չի եղել, մարդկանց այս կերպ չեն խոշտանգել: Սրանք կալանքն ընտրում են որպես պատժի միջոց: Էլ չեմ ասում անազատության մեջ գտնվողների հիվանդանոցի մասին, որտեղ տարրական պայմաններ չկան: Դեղորայքի սուր պակասություն: Այնտեղ մարդիկ կան, որ դեղորայքի ամենօրյա կարիք ունեն»,-ասաց կալանավորների խնդիրներով ակտիվորեն զբաղվող պատգամավորը եւ նշեց, որ երբ դատարաններում նայում է, մեղադրողներին, ամաչում է, իրեն վատ է զգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ