Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), հաղորդում են լրատվամիջոցները:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խուսափել է պատասխանել Պակիստանի կողմից ՇՀԿ-ին անդամակցելու Հայաստանի հայտը արգելափակման վերաբերյալ հարցին, հայտնում է «Սպուտնիկը»: Ի պատասխան ТАСС-ի հարցին, թե արդյոք Պակիստանն իսկապես արգելափակել է Հայաստանի հայտը Թիենծինում այսօր կայացած ՇՀԿ գագաթնաժողովում, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մամուլի քարտուղար Անի Բադալյանը պատասխանել է. «Այս փուլում մենք չենք մանրամասնի գործընթացը, բայց կարող ենք ասել, որ տեսնում ենք բավականին կառուցողական մոտեցում և փոխըմբռնում Հայաստանի անդամակցության վերաբերյալ»։
Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 31-ին, Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ. ստորագրվել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։