Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սևանա լիճը կրկին ծաղկել է:
1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։
Մեր գեղեցկուհուն շարունակում են գերշահագործել, աղտոտել բոլոր հնարավոր ձևերով, միջազգային ծրագրերով (մասնավորապես EU4Sevan ծրագիր՝ բյուջեն 5,7 միլիոն եվրո) խոշոր գումարներ վատնե/ «լվանալ» Սևանի փրկության ծրագրերի անվան տակ, իսկ ամենավատ օրերը դեռ առջևում են..
Սևանա լիճը նորից ծաղկել է, իսկ ինչով են զբաղված պատասխանատունները` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «գիտնականների» և «անկախ փորձագետների» հետ միասին.. այո, իհարկե, իմիտացիայով, դե իհարկե, չմոռանալով ձեռքի հետ միջազգային ֆինանսական միջոցներ մուրալ Սևանա լճի փրկության պատրվակով.., և հիմա արդեն կարելի է փաստել. որ 2018-2019թթ. մինչ օրս պետական, միջազգային միջոցները, և ամենակարևորը՝ լճի համար այդքան կարևոր ժամանակը վատնվել են, մի խոսքով “коту под хвост”:
Կարդացեք նաև
Օրինակի համար EU4Sevan ծրագրի շրջանակներում «մշակված» ««ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանը և մյուս «փաստաթղթերը» ամբողջությամբ ի ցույց են դնում այս ոլորտում տիրող խայտառակ վիճակը և լճի նկատմամբ վերաբերմունքը, ի՞նչ կենսաբազմազանություն, ի՞նչ COP 17 …
Այստեղ չեմ անդրադառնալու այդ փաստաթղթերում տեղ գտած խայտառակ սխալների, անհիմն պնդումների, պլանավորված գործողությունների, միջոցառումների վրա, և թե ինչ է այդ ամենը նշանակում Սևանա լճի համար.. Ուղղակի մի հարց եմ տալիս. իսկ դու գիտե՞ք, որ Սևանա լիճը (համաձայն վերոնշյալ փաստաթղթի) գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում.. բա, իսկ ես, չգիտես ինչու, մինչ օրս համոզված էի, որ Տավուշի մարզն է ՀՀ-ի այդ հատվածում, այլ ոչ թե Գեղարքունիքի ..
Անգրագետ լինելուց զատ, կեղծ եք ու անսիրտ.. անկախ պետություն ու հայրենիք ունենալու իրավունքը պետք է վաստակել, պետք է արժանի լինել …»:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը. «Ի պատասխան փորձագետ Այսեր Ղազարյանի «Սևանա լիճը կրկին ծաղկել է» ֆեյսբուքյան գրառման, հայտնում ենք հետևյալը՝
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Եթե վերջին տարիներին Սևանի կանաչումը (ծաղկումը) անդադար կրկնվող երևույթ էր, ապա 2024-2025 թվականներին այդ պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա։
Օգոստոսի 27-29-ը հերթական անգամ Սևանա լճում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացրել է ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ։ Դաշտային հետազոտությունների ժամանակահատվածում Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել։
Նմուշներ են վերցվել Սևանա լճի մակերևութային և խորքային շերտերից:
Լաբորատոր և դաշտային հետազոտությունների առաջնային արդյունքների համաձայն՝
✅Ջրի թափանցիկությունը Մեծ Սևանում 4․8 մ է, իսկ Փոքր Սևանում՝ 5․6 մ։
✅Ջրում լուծված թթվածնի պարունակությունը մակերևութային և միջին շերտերում բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտերում դիտվել է 1․1-5․5 մգ/լ տիրույթում («միջակից»-«վատ» որակ)։
✅Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան մակերևութային շերտերում գնահատվում է 1-2-րդ դաս («գերազանց»-«լավ» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 2-3-րդ դաս («լավ»-«միջակ» որակ)։
✅Ամոնիում իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 3-4-րդ դաս («միջակից»-«անբավարար» որակ)։
✅Նիտրատ իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 1-2րդ դաս («գերազանց»-«լավ» որակ)։
Օգոստոս ամսվա ջրի որակի լաբորատոր փորձարկումները դեռևս շարունակվում են, տվյալները ամբողջական լինելու դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճ-Թերակղզի, Սևանա լիճ-Շորժա, Սևանա լիճ-Կարճաղբյուր, Սևանա լիճ-Մարտունի հիդրոլոգիական դիտակետերում 08։00 դրությամբ ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել»: