Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պիտի մահանամ ու մեկ օր հետո գնամ տուն՝ դա ինձ պետք չի». ահազանգում է 8 տարի անազատության մեջ գտնվողը

Սեպտեմբեր 01,2025 22:30

«Սուր ինֆարկտ տարած մարդ եմ, ճնշում ունեմ, ստենտավորվել է սիրտս, կորոնա եմ ունեցել, երկու անգամ կլինիկական մահ եմ տարել բանտում, բայց չգիտես ինչու՝ չեն ազատում ինձ։ Հաշմանդամության կարգ չտվեցին՝ մեկ բալ չհերիքեց»,-մեզ հետ զրույցում վրդովված նշեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 48-ամյա Ավետիս Շառոյանը։

Վերջինս մեր հանդիպմանը ներկայացրել էր հաստ թղթապանակով։ Հերթով հանում է հիվանդությունների ախտորոշման եզրակացությունները, պատկան ատյաններին ուղղված դիմումները։

«Առողջապահության նախարարին եմ դիմել, Ազգային ժողովի նախագահին, երկրի գլխավոր գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանին եմ դիմել, երկրի նախագահին՝ ներման խնդրանքով, բայց կարելի է ասել, մերժում են ստացել բոլոր ատյաններից»,-ասաց դատապարտյալը։

Ընթացիկ տարի ՀՀ նախագահին ուղարկվել է 18 ներման խնդրագիր, որոնք մերժվել են։ Մի քանի հիվանդությամբ տառապող ունեցող Ավետիս Շառոյանը կարծում է, որ մարդուն շանս պետք է տալ՝ «թող ներեն, բոլորն էլ մի օր սխալվում են»։

Քրեակատարողական ոլորտի փորձագետների ու իրավապաշտպանների դիտարկմամբ՝ Հայաստանում ներման ինստիտուտը չի աշխատում, ու պետք է ներման գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը մեծանա, մանավանդ այն դեպքում, երբ առողջական լուրջ խնդիրներ ունեցող դատապարտյալների ներման խնդրագրերն էլ են մերժվում։

12 տարվա ազատազրկման է դատապարտվել Ավետիս Շառոյանը։ «Քրեակատարողական օրենսգրքի» փոփոխությունից հետո վերանայվել է նրա դատավճիռն ու պատժի չափը կրճատվել է երկու տարով։ Արդեն 8 տարի անազատության մեջ է։

Ինքն իրեն հույս է տալիս՝ եթե մերժել են ներման դիմումը, գոնե պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու հիմքով պատժի կրումից ազատեն։ Հետո էլ՝ այլընտրանքային տարբերակն է առաջարկում՝ անվտանգային գոտին փոխեն ու նրան տանեն «բաց կալանքի»։

Փորձում եմ պարզաբանել՝ անվտանգային գոտին փոխելու գործառույթը արդարադատության նախարարության տիրույթում է, մասնավորապես քրեակատարողական ծառայությունն է քննարկում նման հարցերը, ի՞նչու է առողջապահության նախարարին դիմում այդ հարցով։

«Առողջապահության նախարարը որ անձամբ իմանա իմ առողջական վիճակը, տեղում կհրահանգի ազատել ինձ։ Անընդհատ դիմումներ եմ գրում՝ կարդում են, բայց միշտ ոչ են ասում։ Կամ էլ գուցե՞ չեն կարդում հերթապահ նախադասություններ գրում, այնքան որ իրենց համակարգիչներում երեւա, որ աշխատում են»,-ասաց մեր զրուցակիցը։ Ավետիս Շառոյանի պատմելով, արդեն ամաչում է ամեն գիշեր մի քանի անգամ բուժքույր կանչելով։

«Հա, բան չունեմ ասելու, գալիս են, նայում են, դեղ են տալիս, բայց ինձ նման քանի՞ հոգի կա, որ բուժաշխատողի կարիք ունեն։ Եթե ինձ ազատեն, մեկով թիվը կկրճատվի»,-նշեց Շառոյանը։

Ասում է՝ էլ առողջական վիճակը չի ներում փակ հաստատությունում մնալու։ Խնդրում է՝ չանտեսել դիմումներն եւ ուսումնասիրել։ «Եթե պիտի մահանամ ու մեկ օր հետո գնամ տուն՝ դա ինձ պետք չի»,-իր խոսքը եզրափակեց Ավետիս Շառոյանը։

ՀՀ առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ Ավետիս Շառոյանը նախարարին դիմել է այս տարվա հունիս ամսին՝ խնդրելով անձնական հանդիպում նախարարի հետ։ «Նախարարն արտագնա նման հանդիպումներ չի կազմակերպում, ինչի մասին տեղեկացրել ենք դիմումատուին՝ տեղեկացնելով, իրեն մտահոգող հարցը ձեւակերպել եւ ուղարկել մեզ»,-տեղեկացրին առողջապահության նախարարությունից։

Հույս ունենք, որ հրապարակումից հետո պատկան մարմինները կզբաղվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ավետիս Շառոյանի առողջության հետ կապված խնդիրներով։ Նաեւ հարցումներ ենք ուղարկել անհրաժեշտ գերատեսչություններին՝ ներկայացնելով դատապարտյալի խնդրանքը։

Լուսանկարներն ու տեսանյութը հրապարակվում են դատապարտյալի համաձայնությամբ:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930