Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է սահմանային գետի ափերի գտնվող հանքավայրերում ավազի պաշարներն ուսումնասիրելու համար իրավունք հայցելու դիմումին կից ներկայացնել ազգային անվտանգության մարմինների կողմից տրված համաձայնությունները

Սեպտեմբեր 02,2025 15:56

Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարներն ուսումնասիրելու կամ գետաողողատային տիպի հանքավայրերի ավազի արդյունահանումն իրականացնելու համար ընդրեքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացնել ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների կողմից տրված համաձայնությունները:

Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարը նշել է, որ օրենսդրական փաթեթով սահմանվում է նաեւ ընդրեքօգտագործողի գործունեությունը կասեցնելու կարգը: Զեկուցողի խոսքով ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում համապատասխան գրություն՝ հիմնավորող փաստաթղթերով: Տեսչական մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում եւ ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում սահմանվել է սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանման արգելք, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվել է ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվություն:

Ասատուր Վարդանյանը տեղեկացրել է, որ սահմանվել է օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները բացառապես GPS (Գլոբալ Տեղորոշման Համակարգ) համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով իրականացնելու վերաբերյալ պահանջ: Պահանջը խախտելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ շուրջ 5 մլն դրամի չափով:

Օրենսդրական փաթեթով ծառայություն մատուցող անձի համար սահմանվում է պարտականություն՝ տրանսպորտային, տեխնիկական միջոցների տեղաշարժի մինչեւ 1 տարի վաղեմությամբ արձանագրումները պահպանելու եւ հարցման դեպքում այդ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում Կառավարության կողմից սահմանված տվյալներին հասանելիություն ունեցող մարմիններին տրամադրելու մասին: Ծառայություն մատուցող անձը նաեւ կապահովի նշված մարմիններին վերոնշյալ տրանսպորտային միջոցների տեղաշարժը արձանագրող սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիություն:

Փոխնախարարի տեղեկացմամբ օրենսդրական նշված փոփոխություններն այս պահին վերաբերում են միայն Արաքս գետին:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի նիստում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930