Orer-ը ներկայացնում է Հայոց ցեղասպանության հուշարձանի վերանորոգման առնչությամբ Չեխիայի հայ համայնքի և հայկական կազմակերպությունների դիմում-պահանջը Հայաստանի պատկան մարմիններին.
Հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի Երևանի հուշահամալիրը
ա) համահայկական նշանակություն և խորհուրդ ունի,
բ) աշխարհով մեկ ցրված հայության համար ուխտատեղի է,
Կարդացեք նաև
գ) համաշխարհային մակարդակով բացառիկ ճարտարապետական կառույց է, որն իր մաքրությամբ և հայեցակարգով եզակի հուշարձանային գործ է հայ մոնումենտալ ճարտարապետության մեջ,
դ) վերջին տասնամյակներում առնվազն երկու անգամ վերանորոգվել է մասնագիտական պահանջների համաձայն և առանց վանդալիզմի ենթարկվելու,
լիովին մերժելի են խոնարհումի ու մաքառման հուշարձանի նկատմամբ վերանորոգման անվան տակ կատարող պիղծ վերաբերմունքն ու հանցագործ ամենաթողության այն դրսևորումները, ինչին ականատես դարձանք բոլորս։
Թեև վերանորոգման աշխատանքներ սկսելու մասին նախապես հայտարարություն էր եղել, սակայն հանրությունը բացարձակապես չի տեղեկացվել, թե ի՞նչ է արվելու, ինչպե՞ս, ո՞ւմ կողմից և ինչպիսի՞ն կլինի վերջնական արդյունքը։
Փոխարենը հենց սկզբից ակնհայտ է, որ վերանորոգման պատրվակով ոչ պրոֆեսիոնալ ու նման կոթողին անհարիր միջամտության է ենթարկվել 20-րդ դարի երկրորդ կեսի լավագույն հայ արվեստագետ նկարիչ-քանդակագործ Վ. Խաչատրյանի, ճարտարապետներ Ա. Թարխանյանի եւ Ս. Քալաշյանի աշխատանքը։
Ցավալի է, որ միայն կատարվածից ու մասնագետ անհատների ահազանգից հետո ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր հարցազրույցում նշեց, որ աշխատանքներն իրականացվել են խայտառակ վատ ձևով, որ շինարարական կազմակերպությունը հուշարձան վերանորոգելու փորձառություն չունի։
Միայն նման փաստերի արձանագրումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ստիպված եղավ հայտարարել, որ թերևս նոր մասնագիտական խումբ ստեղծելու կարիք կա: Զարմանալի է, որ հուշահամալիրի ղեկավարությունը չի նկատել շինարարական աշխատանքներում ներգրավված համապատասխան որակավորում և նման հուշարձանի հետ ոչ մի հուզական կապ ու պատասխանատվություն չունեցող օտար բանվորների կատարած անորակ ու բիրտ աշխատանքը, և չի ահազանգել՝ բարձրացնելով այդ կազմակերպության ծառայություններից անհապաղ հրաժարվելու հարցը։
Սա կառավարող մարմինների եւ պատասխանատու անձնանց լիակատար ձախողումն է, որ ստեղծված սոցիալ-քաղաքական իրավիճակում իբրև դիտավորության միտում է գնահատվում։
Հետևաբար, իբրև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ճակատագրով մտահոգ հայեր, պատկան մարմիններից պահանջում ենք.
- Անհապաղ դադարեցնել այդ աշխատանքները և պատասխանատվության ենթարկել հուշարձանի առնվազն երեք սյուների (մույթերի) ավերման պատճառ դարձած անձանց։
- Վերանորոգումն իրականացնող կազմակերպությանը պատասխանատվության ենթարկել եւ լուծարել նրա հետ կնքված պայմանագիրը։
- Հրապարակել հուշարձանի վերանորոգվելիք հատվածների լուսանկարչական փաստաթղթերը վերանորոգումից առաջ, ինչպես նաև հուշարձանի վերականգնողական հետազոտությունների ծրագիրը՝ ներառյալ վերանորոգման ընթացքում օգտագործվելիք նյութերի ցանկը:
- Վերատեղադրել հուշարձանի բոլոր բնօրինակ, վանդալիզմից չկոտրված քարերը։
- Վերանորոգման գործընթացի վերահսկումը փոխանցել հեղինակավոր եւ փորձառու մասնագետներին և իրավասու հաստատություններին։
- Ապահովել վերանորոգման գործընթացի լիակատար թափանցիկությունը հանրության համար։
- Վերահսկել, որպեսզի կատարված աշխատանքի վերջնական արդյունքը համապատասխանի հուշարձանի սկզբնական տեսքին։
Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի յուրաքանչյուր քար պատմական ու գեղագիտական արժեք ունի։ Հուշարձանը սոսկ քարե պատյան չէ, որ հնարավոր լինի ամբողջապես դեն նետել և փոխարինել նորով։ Ուստի սույնով նաև կոչ ենք ուղղում հայ ճարտարապետներին, գիտնականներին, արվեստագետներին, կրթության, սպորտի ոլորտի աշխատողներին և մտահոգ բոլոր անձանց միանալ վերը նշված մեր պահանջներին։
Բեռլինի «Եվրոպացի և Հայ մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը միանում է Չեխիայի հայ համայնքի դիմում-պահանջին։