Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու եւ 44-օրյայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու մասին

Մայիս 05,2023 22:11

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքները ԱԺ քննիչ հանձնաժողովին. այդ մասին նա այսօր հայտարարեց Պրահայում՝ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ պատասխանում էր հարցին, թե ինչո՞ւ չի խոսում Ազգերի լիգայի որոշումների մասին, ինչո՞ւ չի խոսում այն մասին, որ երբ Ադրբեջանն անկախություն հռչակեց, Արցախը՝ Ադրբեջանի կազմում լինելու որոշումը այդ պահից չեղարկվեց: Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ «ռեալ պոլիտիկում» մենք չպետք է պատմությանն անդրադառնանք, ապա ասաց, որ պետք է անդրադառնանք, խոսեց ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի մասին՝ հայտարարելով, որ դրանցում կան ամրագրումներ, որոնք «մեր դուռը փակել են ու չեն բացվելու էդ դռները», բայց մենք համառորեն իրականությունը չենք ընդունել ու շարունակել ենք մի գիծ, որը ոչ մի տեղ չտանող է: Նորից հիշեց Մադրիդյան սկզբունքները, որոնք Արցախն, իբրեւ ամրագրել են Ադրբեջանի կազմում եւ այլն ու կարծիք հայտնեց, որ դա թերեւս «ռեալ պոլիտիկն» է, ինչը երբեք չեն ունեցել, բայց ժամանակն է՝ այլ կերպ նայել: Ապա ասաց, որ հայրենասիրության մեր մոդելը մեծապես կապ ունի Արցախի հարցի հետ ու արցախյան երեք պատերազմների հետ, այդ համատեքստում խոսեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով իր ներկայանալու մասին. «Ես հիմա այդ թեմայի վրա եմ կենտրոնացած. մտածում եմ՝ ինչը ասեմ եւ ինչը չասեմ, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի եւ երկիրը վնաս չկրի դրանից: Բայց էնտեղ շատ մեծ, հսկայական ինֆորմացիա կա, որը հանրությունը պետք է իմանա՝ առաջիկա մեր քաղաքականության համար»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մեր արտաքին քաղաքականության մեջ պետք է լուրջ փոփոխություններ անենք եւ առաջնայինը պետք է լինի մեր հարեւանների հետ մեր հարաբերությունները: Սա, իր կարծիքով, 3-4-րդ պլան է եղել, փոխարենը, մեր արտաքին քաղաքականությունում առաջնային է եղել այն, որ «մենք մեր հարեւանների հախից պիտի գանք»: Իր մտորումներում նա հանգեց նրան, որ որոշ ուժեր ոչ թե մեզ օգնում են «հարեւանների հախից գալ», այլ մեզ են օգտագործում՝ մեր «հարեւանների հախից գալու համար, մենք էլ ոտքի տակ ոնց կընկնենք՝ կընկնենք»:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ վատ է, որ տեսախցիկների առաջ այս ամենի մասին խոսում է, բայց մյուս կողմից էլ, այս ամենի մասին խոսելու տաբուն է, որ իրեն ձախողումների է բերել. «Մենակ իմ ձախողումը լիներ, դարդ չէր, բայց նաեւ երկրինն է, նաեւ պետությանն է»:

Իր գնահատմամբ, մեր արտաքին քաղաքականության նպատակը երբեք չի եղել՝ իսկ մենք՝ մեր քաղաքականությամբ, ինչպե՞ս կարող ենք նպաստել, որ մեր արտաքին քաղաքականությամբ փոխենք մեր հարեւանների վերաբերմունքը մեր նկատմամբ. «Հարեւանի հետ հարաբերությունները փոխելու մասին մտածելն իսկ արդեն անհայրենասիրություն է ընկալվել. ո՞նց դու թուրքի մասին…, քո երակներում էդ ի՞նչ արյուն ա…, ո՞նց դու թուրքի մասին ըտենց բան ե՞ս մտածում, բացի նրանից, որ պետք է վառենք, ջնջենք…Բայց եղել է այդ մտայնությունը, էսօր էլ տեղ-տեղ կա էս մտայնությունը եւ մենք չենք մտածում՝ ինչքան ագրեսիվ ենք, այնքան մեծանում է ագրեսիվությունը մեր նկատմամբ»:

Նիկոլ Փաշինյանը չի հերքում, որ հակառակ փաստարկը կա՝ «բա իրենք», բայց առաջարկում է իրենց մի կողմ թողնել, մեր անելիքներն ու շահերը որոշենք, ինքներս մեզ քննելու հարցը լուծենք, մնացածն իրենց թողնենք: Նա վստահ է, եթե գործընթացը ճիշտ կազմակերպենք, առաջիկա 2-3 տարում մեր պետության լինելիությունն ապահովելով՝ մենք մեր պետության լինելիությունը կապահովենք առաջիկա 100 տարվա համար. «Պետք է կենտրոնանալ ու գնալ այս նպատակի հետեւից եւ մեր նպատակը չպետք է լինի ինչ-որ մի թվական անցյալում, այլ ինչ-որ մի թվական ապագայում. դուք ասում եք՝ եկեք 100 տարի հետ գնանք, ես էլ ասում եմ՝ 100 տարի առաջ գնանք»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031