Լրահոս
Օրվա լրահոսը

2006-ի անկախության սեպտեմբերը

Սեպտեմբեր 04,2025 12:30

Հիշողություններ Անկախության 15-ամյա պատմությունից

2006-ի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ՀՀ անկախության տարիների՝ թվով չորրորդ զինվորական շքերթը եւ զորահանդեսը: Առաջինը տեղի էր ունեցել 1992-ին, երբ ձեւավորվում էր Հայաստանի անկախ բանակը, եւ զորքը հրապարակից համարյա ուղիղ դեպի ռազմաճակատ էր գնում: Հաջորդը 1996-ին՝ հայկական բանակի ստեղծման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, այդ ժամանակ արդեն հրադադարի պայմանագիր էր կնքված: Մյուսը՝ 1999-ին էր: Սա այն պատմական զորահանդեսն էր, որի ժամանակ տրիբունայում կանգնած վարչապետ Վազգեն Սարգսյանն արցունքն աչքերին ողջունեց զինվորներին: Իսկ սեպտեմբերի 22-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում «Հայֆիլմի» նկարահանած «Չկրակված փամփուշտներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը (ռեժիսոր՝ Սամվել Թադեւոսյան եւ ֆիլմի գեղարվեստական ղեկավար՝ Սուրեն Գրիգոր) ցուցադրվեց: Այն Արցախամարտում զոհված 23-ամյա տաղանդավոր բանաստեղծ Աղվան Մինասյանի մասին էր…

Կառավարության ֆինանսավորմամբ այդ ժամանակ տպագրվել էր Հայաստանի անկախության 15 տարիներին նվիրված լուսանկարների ալբոմը, որում… չկային ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Միայն մեկ նկարում Լեւոն Տեր-Պետրոսյանն էր պատկերված Վազգեն Առաջին կաթողիկոսի ձեռքը համբուրելիս: Իսկ ալբոմում պատկերված էին «մութ եւ ցուրտ» տարիները, հատված ծառերը, Երեւանի լքված փողոցներից մեկը…

Անկախության 15-ամյա հոբելյանի առիթով սեպտեմբերի կեսերին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում կազմակերպվել էր Ջ. Կիրակոսյանի որդու՝ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ հանդիպումը: Նա ներկա գտնվող լրագրողներին ասել էր, որ «Խորհրդային տարիներին միայն 10 դիվանագետ էր աշխատում այդ կառույցում: Իսկ 1991-ին ժառանգեցինք այժմյան Սահմանադրական դատարանի շենքը»: Փոխարտգործնախարարը տեղեկացրել էր. «Բանակցային գործընթացը շարունակվում է: Ինչպես Փարիզում Վարդան Օսկանյանն ասաց, այդ գործընթացի դրական հունի մեջ մտնելու միտումներ կան: Հնարավոր է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում լինի»:

… Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն ասել էր` Ղարաբաղը պետք է դիտել Ադրբեջանի կազմում: Ի պատասխան դրա, հետեւեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխան խոսքը. «Ուկրաինայի հետ հարաբերությունները նորմալ են, առեւտրի ծավալները աճում են եւ այլն, բայց քաղաքական դաշտում, իհարկե, խնդիրներ կան: ԳՈՒԱՄ-ի գործոնը կարծես թե Ուկրաինային որոշ հարցերի նկատմամբ օբյեկտիվ չի դարձնում, եւ այդ կարգի հայտարարությունները մեզ համար բացարձակ անընդունելի են, այդ կապակցությամբ մենք մեր տեսակետները ուկրաինական կողմին հայտնել ենք: Նման հայտարարությունները մենք համարում ենք քաղաքական սուբյեկտիվություն, որը հատուկ շահեր է հետապնդում հավասարակշռությունը հաշվի չառնելով, նման բաներն անընդունելի ենք համարում»: ԱԳ նախարարին հարց էր տրվել, թե ինչո՞ւ Հայաստանը խաղաղապահ զորամիավորում չի ուղարկում Լիբանան, երբ այնտեղ ապրող մեր հայրենակիցները շարունակ խնդրում են այդ մասին, հաշվի առնելով, որ Թուրքիան զորախումբ ուղարկել է, եւ դա հայերը խիստ մտահոգիչ են համարում…

Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման հարցին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ հանդիպումները ինքնանպատակ չեն կարող լինել. «Մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ հանդիպել, բայց մթնոլորտը պետք է ճիշտ եւ բարենպաստ լինի, որպեսզի այդ հանդիպումը արդյունք տա: Ադրբեջանն անընդհատ փորձում է ուշադրությունը շեղել Մինսկի գործընթացից, սա փաստ է, գիտեք, որ ՄԱԿ-ի գլխավոր կոմիտեն մերժեց օրակարգում դնել ԳՈՒԱՄ-ի՝ սառեցված կոնֆլիկտների մասին առաջարկությունը, բայց երեկ Գլխավոր ասամբլեան այդ որոշումը փոխեց եւ մեկ ձայնի տարբերությամբ որոշեց դնել օրակարգում: Ահավասիկ իրավիճակ, երբ ուշադրությունը շեղվելու է Մինսկի գործընթացից: Այնպես որ, հարցականի տակ է նախարարների հանդիպումը, մինչեւ հստակեցում չլինի ՄԱԿ-ի գործընթացի ուղղությունների վերաբերյալ: Մեկ անգամ եւս Ադրբեջանը ամեն ջանք դնում է, որպեսզի շեղի, մեզ թվում է՝ Մինսկի խմբի փաստաթղթի բովանդակությունը, որի մեծ մասին Ադրբեջանը համաձայնություն տվեց, ներառյալ հանրաքվե, ինքնորոշման հարց եւ այլն, բայց երեւի ուզում է ետ կանգնել, եւ, իրենց հաշվարկներով, միջոցը Մինսկի գործընթացից ուշադրությունը շեղելը եւ դեպի ՄԱԿ տանելն է: Այնպես որ, պետք է վերլուծել ստեղծված իրավիճակը եւ միայն դրանից հետո որոշում կայացնել հաջորդ քայլերի մասին»: Գնահատելով Ղարաբաղի հարցում հայկական կողմի դիրքերը՝ ԱԳ նախարարն ասաց. «Կարծում եմ, այս պահին մեր արդյունքները վատ չեն»:

Սեպտեմբերի 15-ի հրապարակմամբ («Կողմերից ոչ մեկը լիովին չի ընդունում կարգավորման սկզբունքները») ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի բացառիկ հարցազրույցն էր «Մեդիամաքսին»: Հարցին` «Արդյոք դե՞ռ բաց է ԼՂ հակամարտությունը կարգավորելու հնարավորությունների «պատուհանը», նա պատասխանել էր. «Ներկայումս այն անկասկած բաց է: Այժմ կողմերը ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու լավ հնարավորություն ունեն, եւ դրա օրինակը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին ներկայացված բանաձեւն է, որը վերաբերում է համատեղ ջանքերին՝ ուղղված հրդեհների հետեւանքները հաղթահարելուն»:

Ապա հետեւել էր.

– Մտադի՞ր եք կողմերի հետ քննարկել նոր գաղափարներ՝ համաձայնության ձեռքբերումը հնարավոր դարձնելու համար:

– Միջնորդներն առաջարկել են հիմնական սկզբունքները, եւ մենք սպասում ենք երկու նախագահների պատասխաններին: Նրանք պետք է ինքնուրույն որոշեն՝ ցանկանո՞ւմ են փոփոխել այդ հիմնական սկզբունքները: Ակնհայտ է, որ կողմերից ոչ մեկը համաձայն չէ հիմնական սկզբունքների հետ: Հակառակ դեպքում՝ երկու կողմերը կամ դրանցից մեկը կհայտարարեր, թե լիովին համաձայն է դրանց հետ: Ոչ ոք այդպես չի ասում: Մի կողմն ասում է, որ «մենք խնդիրներ ունենք այդ սկզբունքների հետ», մյուսը՝ «մենք սկզբունքորեն համաձայն ենք դրանց հետ, սակայն ունենք մի քանի աննշան փոփոխություններ»: Ոչ ոք չի ասում՝ «մենք համաձայն ենք այս սկզբունքների հետ»:

– Սկզբունքներից մեկը վերաբերում է ԼՂ-ում հանրաքվեի անցկացմանը: Հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանն իրոք պատրաստ է համաձայնվել հանրաքվեի գաղափարի հետ:

– Հիմնական սկզբունքները պարունակող փաստաթղթում օգտագործված է հետեւյալ տերմինաբանությունը. «հանրաքվե/ բնակչության քվեարկություն»: Ադրբեջանն ասում է, որ նկատի ունի ոչ թե հանրաքվե, այլ բնակչության քվեարկություն՝ վկայակոչելով իր Սահմանադրությունը, որտեղ ասվում է, որ հանրաքվեին պետք է մասնակցեն երկրի բոլոր քաղաքացիները: Իմ կարծիքով, հայկական կողմին չի գոհացնում այդ տարբերակը: Այսպիսով, մենք պետք է գտնենք խելամիտ ուղի եւ այնպես մշակենք քվեարկության գործընթացը, որպեսզի այն համապատասխանի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերին:

– Տպավորություն կա, որ Հայաստանում չեն հավատում Ադրբեջանի անկեղծությանը հանրաքվեի հարցում եւ հենց դրանով է պայմանավորվում Քելբաջարը որպես «գրավ» պահելու ցանկությունը:

– Դուք միանգամայն ճիշտ նկարագրեցիք առանցքային հարցերից մեկը: Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի իրեն վերադարձնեն բոլոր յոթ շրջանները: Կարծում եմ, որ Քելբաջարի վերադարձման ժամկետը կախված է նրանից, թե որքա՞ն արագ կողմերը կսկսեն փոխվստահություն ստեղծել: Վստահության որոշակի մակարդակի վերականգնման դեպքում միանգամայն իրատեսական կլինի խոսել Քելբաջարն Ադրբեջանին վերադարձնելու մասին՝ այնպիսի տարրերի դիմաց, ինչպիսիք են հանրաքվեն/ բնակչության քվեարկությունը կամ Լաչինի միջանցքին վերաբերող երաշխիքները, որոնք ձգտում է ստանալ Հայաստանը…

Սեպտեմբերի 20-ին «Թյուրքական աշխարհը՝ ընդդեմ հայերի» -ին «Առավոտը» «Ազատություն» ռ/կ-ին էր հղում կատարել, որի փոխանցմամբ էլ թրքախոս երկրների եւ համայնքների՝ թուրքական Անթալիա քաղաքում կայացած 10-րդ համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշ հայտարարություններ էր արել: Այդ տեղեկատվությունը փոխանցել էր թուրքական «Զաման» թերթը:

Հայտարարություններն ասես, այս օրերին արված լիներ:

«Մենք պետք է հարձակման անցնենք եւ ջախջախենք նրանց քարոզչությունը… Հայաստանը, որը գտնվում է Ադրբեջանի պատմական հողերի վրա, Ադրբեջանին տարածքային պահանջներ է ներկայացնում եւ «ագրեսիայի միջոցով զավթել է» երկրի տարածքի 20 տոկոսը, որտեղ էթնիկ զտում է իրականացրել, այսօր նոր տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ… Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծում մեր հողի վրա… Ադրբեջանն անպայման հասնելու է իր տարածքային ամբողջականության վերականգնմանը»,- ասել էր Ալիեւը, խոսել թրքախոս երկրների միավորման մեծ հնարավորությունների մասին, նման միավորման կոչ է արել: Ըստ Ադրբեջանի նախագահի` Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը կտրուկ փոխել են իրավիճակը աշխարհում եւ, անշուշտ, մեր տարածաշրջանում: Այսօր այդ նախագծերը վճռում են տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը: Դրանք կամրապնդեն մեր տնտեսական եւ քաղաքական դիրքերը:

Մի խումբ իշխանամետ մտավորականներ սեպտեմբերյան այդ օրերին հանդես էին եկել Մտավորականների ֆորումի դեմ, նրանց տեսակետների դեմ, իսկ ֆորումի հարգարժան անդամներն էին ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, դիրիժոր Օհան Դուրյանը, դերասան Երվանդ Մանարյանը, հոգեւոր երգերի անզուգական կատարող Խորեն Պալյանը…

Պատրաստեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930