Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ հիացել եմ մեր հոգեւորականների մարդկային նկարագրով, ապշել իրենց էրուդիցիայով եւ մեր ժողովրդին իրենց նվիրումով. Աննա Ասատրյան

Սեպտեմբեր 05,2025 11:40

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն Aravot.am-ի հարցին ի պատասխան ասում է, որ մարդու ինքնությունը խարսխվում է լեզվի, պատմության, հավատքի, արվեստի եւ այլնի վրա. «Վիլյամ Սարոյանի օրինակը բերեմ, նա գրել է անգլերեն, պատկերել է ամերիկյան իրականությունը, բայց ինչպես ինքն է խոստովանել, իրեն հայկական ոգին է մղում է ստեղծագործելու…Իհարկե, լեզուն շատ կարեւոր է, մշակույթը՝ նույնպես: Պատմություն էլ պետք է իմանանք, որ դասեր քաղենք, որպեսզի անընդհատ նույն սխալները չկրկնենք: Բայց ամենակարեւորն է այն է, որ մարդն ինքը գիտակցի, որ տվյալ ազգի ներկայացուցիչ է»:

Մեր հարցին՝ հայի ինքնության կառուցման մեջ ի՞նչ դեր ունի Հայ Առաքելական եկեղեցին, Աննա Ասատրյանը երաժշտության ասպարեզից է օրինակներով է պատասխանում. «Եկեղեցին մեզ տվեց Կոմիտասին, էլ չեմ ասում, որ առաջին շարականների հեղինակներն ովքեր են եղել՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Ներսես Շնորհալի, Գրիգոր Նարեկացի…Եվ մեր պայծառագույն կաթողիկոսներից մեկին նշեմ՝ Խրիմյան Հայրիկին, որը ոչ միայն ստեղծեց Կոմիտասին ու նվիրեց մեզ, այլեւ հատուկ կոնդակով արտոնեց բազմաձայնության մուտքը Հայոց եկեղեցի, հատուկ կոնդակով ընդունեց Մակար Եկմալյանի Պատարագը… Շատ մեծ դեր ունի Հայոց եկեղեցին մեր կյանքում»:

Աննա Ասատրյանը նշում է, թե պետականության բացակայության պայմաններում ինչպես էր կարեւորագույն առաքելություն ստանձնել եկեղեցին, նաեւ փաստում է. «Առաջին կրթօջախները հենց եկեղեցիներում, վանքերում են ստեղծվել, եւ մեր առաջին գիտնականներն են եղել հոգեւորականներ: Ինչ վերաբերվում է այսօրվան, ես կարծում եմ, որ եկեղեցին, որն ինձ համար սրբություն է, գերագույն արժեք, ու թեեւ անջատված է պետությունից, պիտի եկեղեցի-պետություն հակադրություն չլինի, պետք է պետությունն ու եկեղեցին ուս ուսի առաջնորդեն հայ ժողովրդին: Ես ինքս Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ եմ, մոտ եմ կանգնած մեր եկեղեցուն: Երբ շփվել եմ մեր բարձրաստիճան հոգեւորականների հետ, միշտ հիացել եմ իրենց մարդկային նկարագրով, ապշել իրենց էրուդիցիայով եւ մեր ժողովրդին՝ իրենց նվիրումով»:

Հարցին՝ այսօր եկեղեցին ընդունա՞կ է խթանել հանրային երկխոսություն, համերաշխություն, մեր զրուցակիցն այսպես է արձագանքում. «Իմ կարծիքով մեր ժողովրդի բոլոր անհաջողությունների պատճառը մեր անմիաբանությունն է, եթե միաբանվենք, համախմբվենք, ինչպես աշխարհի այլ ժողովուրդներ, շատ ավելի մեծ արդյունքներ կունենանք… Ընդ որում, ինձ համար համախմբվելը միայն այն չէ, որ գնանք եկեղեցի, աղոթենք, պատարագի մասնակցենք, իսկ եկեղեցուց դուրս սխալ բաներ անենք, այլ ավելի կարեւոր է, որ մարդը ապրի քրիստոնեական արժեքներով ու սկզբունքներով… Սիրիր մերձավորիդ՝ եթե յուրաքանչյուրս ամեն վայրկյան առաջնորդվենք այս սկզբունքով, մեր կյանքը կդառնա դրախտ»:

Աննա Ասատրյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ դերակատարություն ունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը համահայկական խնդիրներ լուծման համատեքստում: «Ի տարբերություն մյուս եկեղեցիների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ազգընտիր է: Հիմա եթե համեմատություն անենք, Հռոմի պապին ընտրում են կարդինալները, իսկ մեր Վեհափառին ընտրում է եկեղեցական ժողովը, որի կազմում կան նաեւ աշխարհականներ: Այսինքն, նա միայն հոգեւորականների առաջնորդը չէ, բոլորիս առաջնորդն է, որովհետեւ բոլորիս կողմից ընտրված առաջնորդ է…Նորից կրկնեմ՝ թեեւ եկեղեցին պետությունից անջատ է, բայց համազգային հարցերում իրենք պետք է համատեղ լինեն»:

Պրոֆեսորը կարծում է, որ կրթությունը պետք է լինի ազգային, ու կրթությունը պետք է սկսել ընտանիքից, ծնողները պետք է կարեւորեն կրթության դերը եւ ճիշտ արժեքներ փոխանցեն զավակներին:

Ինչ վերաբերվում է համաշխարհայնացմանը, Աննա Ասատրյանի կարծիքով, դրանից պետք է քաղել լավագույնը եւ կառավարելի դարձնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930