ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի մասին։
Արմեն Ղազարյանն ասաց, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու 16 հազարից ավելի դիմում է ստացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներից։ ՀՀ նախագահի հրամանագրով արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել 11 259 անձ։ Նաեւ 5000-ից ավելի անչափահաս է անձնագրի փոփոխությամբ պայմանավորված՝ ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն։ Արմեն Ղազարյանը պարզաբանեց, որ երբ ծնողները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, անչափահասները անձնագրի փոփոխությամբ ձեռք են բերում քաղաքացիություն։ «Սա նշանակում է, որ ԼՂ մեր հայրենակիցներից արդեն 16 հազարից ավելին ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ղազարյանն ասաց, որ մարզերի բոլոր ստորաբաժանումները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից արդեն ընդունում են քաղաքացիության դիմումներ։ «Երեւանում մեկ կետ էր սպասարկում, ավելացրել ենք եւս մեկ կետ, աշխատում ենք էլի ավելացնել, որպեսզի Երեւանի բոլոր տարածքային ստորաբաժանումները եւս ընդունեն դիմումներ։ Շրջիկ ծառայությունը, որը գործարկել ենք, վերջին տվյալներով մեկ օրում 50-ից ավելի դիմում էր հավաքագրել ու ներկայացրել։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մեր ստանդարտ ընթացակարգերի համեմատ առնվազն կիսով չափ ավելի արագ ժամանակահատվածում են ձեռք բերում քաղաքացիություն։ Մեր ստանդարտ ընթացակարգերը ենթադրում են 90 աշխատանքային օր՝ մոտավորապես 4 ամիս, ԼՂ-ից տեղահանված անձանց մասով առնվազն երկու ամսվա ընթացքում մենք կարողանում ենք դա անել»,- ասաց Արմեն Ղազարյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ