Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեն ասել, չեմ գնացել Ազատի կացարան ստուգման։ Ամեն մեկդ, որ ձեր անելիքն անեիք, սենց բան չէր լինի»․ Նորայր Նորիկյանը՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով վկային

Սեպտեմբեր 05,2025 16:04

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում շարունակվող Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի դատաքննության գործով հարցաքննվեց 2020-2022-ի դեկտեմբերի 22-ը ներառյալ 2-րդ բանակային կորպուսի հակահրդեհային ծառայության պետ Կամո Ավագյանը։ Նա հայտնեց, որ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի մասին տեղեկացել է սոցցանցերից։ Դատարանի դահլիճում պատմեց․ «Դեպքի երկրորդ օրը զանգել եմ գնդապետ Շիրազ Խաչատրյանին տեղեկանալու համար՝ ի՞նչ է եղել։ Նա ասաց՝ զբաղված եմ, չեմ կարող քո հարցին պատասխանել»։

Կամո Ավագյանը հայտնեց, որ ինքը երբեք չի եղել Ազատ գյուղի զինվորական կացարանում։

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ ովքե՞ր են հանդիսացել պատասխանատու անձինք կրակմարիչներով և հակահրդեհային այլ միջոցներով զորամասն ապահովելու կապակցությամբ, նա պատասխանեց․ «Թիկունքը՝ տվյալ վաշտի հրամանատարությունը գրություն պիտի ներկայացնեն, որ իրենց հասանելիքը տան»։

Հակահրդեհային առումով զորամասում որևէ օղակից ճշտե՞լ եք՝ ով է այդ զորամասում հակահրդեհային խմբի ղեկավարը, վկան պատասխանեց․ «Հակահրդեհային պլան են կազմում, դրանով նախատեսված անվտանգություն են իրականացնում զորամասում, ոնց որ ես կորպուսում եմ իրականացրել հակահրդեհային ծառայության պլանով»։

Հակահրդեհային միջոցառումների տեսակետից քննարկումներ ունեցե՞լ եք Ազատ գյուղի զորամասում, Կամո Ավագյանը պատասխանեց՝ կորպուսում է արել։

Դատախազի հարցին՝ երբևէ գործով մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը Ձեզ խնդրե՞լ է իր վրայից հանել հակահրդեհային ծառայության գործառույթները, Կամո Ավագյանը պատասխանեց․ «Մառլեն Սարգսյանը ինձ ասել է՝ նյութական միջոցները իմ վրայից հանեք, հակահրդեհային ծառայությունը հանեք իմ գործառույթներից։ 2021-2023 թվականներն էր, ծավալը ծանրաբեռնված էր, չէր հասցնում։ Էդ մի անգամն է եղել, մի անգամ էլ գնացել եմ, զորամասում չէր, հիվանդ էր՝ հոսպիտալում։ Թիկունքի պետի հետ ենք շրջել, բրիգադի ճակատային մասն ենք նայել, թերությունները վերացրել են»։

Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը վկային հարցրեց՝ որպես 2-րդ բանակային կորպուսի հակահրդեհային ծառայության պետ՝ Ձեր պարտականությունները որո՞նք են եղել: Կամո Ավագյանը պատասխանեց․ «Հիմնական պարտականությունը եղել է կորպուսի ներսում տարեկան իմ ստուգումները»։ Հարցին՝ ի՞նչ է նշանակում կորպուսի ներսում, նա այդպես էլ չկարողացավ հստակ ու սպառիչ բացատրել իր պարտականությունները։ Ասաց, որ հիմնականում ստուգումները իրականացրել է զորամիավորման վարչական տարածքում ՝ Կարճաղբյուրում և հայտնեց, որ տարին մեկ անգամ էլ ստուգայցեր է ունեցել զորամասեր։

Հարցին՝ Ազատ գյուղի զորամասի կացարանում եղե՞լ եք, նա պատասխանեց, որ չի եղել։ Հարցին՝ Ձեր գործառույթը հակահրդեհային անվտանգության հետ կապված էդ ստորաբաժանման վերաբերյալ ո՞րն է եղել, պարտավոր չէի՞ք գնալ, տեսնել՝ ինչ վիճակ է, Կամո Ավագյանը պատասխանեց․ «Թիկունքի պետը պետք է ասեր, ինձ չեն զեկուցել։ Պետք է մակագրեին՝ գնա, էսինչ տեղը, նայիր։ Ինձ պիտի ասեին, թիկունքի պետը պետք է ասեր՝ Շիրազ Խաչատրյանը, որ գնա, ստուգի։ Ոչ մի բան չեմ ստացել, ինքնագլուխ չեմ կարողացել ասել, թե տեղեկացել եմ՝ ինչ որ տեղ բան է եղել, թույլ տվեք, գնամ»։ Նորայր Նորիկյանը փաստեց՝ այդ ընթացքում այդ զորամասում կրկին հրդեհներ են եղել, տեղյակ չի՞ եղել, վկան պատասխանեց՝ տեղեկագիր են ուղարկել էդ զորամասից, քննչական է գնացել, ես չեմ գնացել զորամաս։ Նորայր Նորիկյանն արձագանքեց․ «Տեղյակ չեք եղել․․․ ամեն մեկդ, որ ձեր անելիքը անեիք, սենց բան չէր լինի»։

Նորայր Նորիկյանը հարցրեց՝ այդ ամբողջ զորամասի հակահրդեհային անվտանգության պատասխանատուն ո՞վ է եղել։ Կամո Ավագյանը կրկին հստակ պատասխան չտվեց՝ նշելով՝ իրավիճակի պատասխանատուն շենքի վրա փակցված է եղել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930