Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն ամեն ինչ հասկանում է»

Սեպտեմբեր 06,2025 10:00

Իշխանության քարոզչության հիմնական թեզերից մեկը հետեւյալն է. «Մեր ժողովուրդը շատ իմաստուն է, նա հասկանում է, որ մենք թեւակոխել ենք հավերժ խաղաղության եւ հարաճուն բարգավաճման դարաշրջան: Այդ չարամիտ ընդդիմադիրներն ու կեղծ էլիտաներն են, որ այնքան հիմար են կամ ծախված, որ կասկածում են Հայաստանում «ոսկե դարի» հաստատմանը, իսկ ժողովուրդն ամեն ինչ ադեկվատ է ընկալում»:

Չգիտեմ, թե որքանով է դա «ժողովուրդ» (խուսափում եմ այդ ճռճռան բառից) եւ որքանով է «ադեկվատ», բայց մի հարցում համաձայն եմ իշխանության հետ. Հայաստանի քաղաքացիների զգալի մասի, գուցե՝ մեծամասնության համար միեւնույն է՝ նրանք Հայաստանում են ապրում, թե Ադրբեջանում, մեր տարածքը զավթած է, թե զավթած չէ, մենք միակողմանի զիջում անում ենք Ադրբեջանին, թե չենք անում:

Սա է դառը իրականությունը, եւ եկեք սոցհարցումներով չխաբվենք: 2-3 տարի առաջ 90-ից ավելի տոկոսը դեմ էր, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ հիմա շատ հանգիստ է տանում, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Սոցհարցումների ժամանակ մարդիկ, այսպես ասած, «կուրծք են ծեծում», բայց դա ամենեւին չի նշանակում, որ նրանք պատրաստ են ինչ-որ գործողությունների՝ հանուն իրենց համոզմունքների:

Ավելին՝ ՀՀ քաղաքացիների զգալի մասին ամենեւին չի հուզում, որ մեր հայրենակիցները խոշտանգվում են Բաքվում, իսկ նրանցից շատերը գտնում են, որ այդ մարդկանց «հասնում է», որ թշնամու բանտում  նրանց խոշտանգեն, որովհետեւ այդ մարդիկ «թալանել են»: Հենց այդպիսի հասարակական մթնոլորտի շնորհիվ է, որ Փաշինյանի նման անձը շարունակում է երկիր ղեկավարել: Հենց այդ զանգվածին է նա առաջնորդում:

Խնդիրը, հետեւաբար, մեր հասարակության մեջ արժանապատվության, բարության, համերաշխության մթնոլորտ ստեղծելն է: Մինչեւ չվերանա պատճառը, չի վերանա նաեւ հետեւանքը՝ ի դեմս այսօրվա իշխանության:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ամենաէական խնդիրը՝ «ուրիշ ճար չկայ» ըմբռնողութիւնն է: Որ, առարկայական, տրամաբանական եւ գործնական մակարդակներու վրայ՝ ճիշդ է: Հիմնաւորուած է: Անհերքելի իրականութիւն մըն է:

    Մինչ, այդ (այո, ժողովրդային) համոզումին ի դէմ, կան միայն՝ տեսական, գաղափարական, բարոյական, յուզական, սկզբունքային «փաստարկներ»: Որոնք չեն կրնար ազդու հանդիսանալ, քաղաքական գետնի վրայ: Ուր, նոյնիսկ ամենաանկեղծ, մաքուր, անշահագրգիռ, իսկապէս հաւատացեալ մի քանի գործիչները, իրենց ընդհանուր դասակարգին հետ, չեն կրնար շարժել ժողովուրդը: Եւ այդ ալ, բնական է: Քանզի այդ մի քանիսը չեն, որ պիտի դառնան որեւէ իշխանութեան հիմնական դերակատարները: Միւսները զիրենք սաղ կը գործածեն, ապա մէկդի կը շպրտեն:

    Կը մնան ուրեմն մի քանի մտաւորականներ: Մինչ, անցած են այն ժամանակները, երբ որ անոնք կրնային գործնական ազդեցութիւն մը ունենալ՝ քաղաքական ոլորտում:

    Հարազատ կարեկցութեամբ – ձեր նման հազուադէպ մարդոց համար, որոնք կ’ուզեն մնալ ու ապրիլ այդ երկրին մէջ – ,

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Լավատես says:

    Արցախի հարցը առանց Արցախի ժողովրդի կարծիքը հարցնելու լուծեցին, հիմա էլ Սյունիքի ինչ որ տռամպի անվան ճանապարհ են իբր ուզում բացել՝ չհարցնելով Սյունիքի ժողովրդի կարծիքը: Սյունիքի ժողովո՛ւրդ, դուք սեփական կարծիք ունե՛ք, հապա ինչո՞ւ եք լռում, միգուցե դուք էլ մի խրտվլկ պաստառ գլխներիդ վրա տանեք, հույսով, թե խաղաղություն կստանաք: Էշություն: Եթե 2020ին Սյունիքի ժողովուրդը Արցախի ժողովրդի հետ մեջք մեջքի կանգներ, ինչպես առաջին արցախյանի ժամանակ, ու կռիվ տար արտաքին ու ներքին թշնամու դեմ, կունենայինք ե՛ւ Արցախ ե՛ւ խաղաղություն: Երեւանի ու մյուս մեծ քաղաքների ժողովուրդնե՛ր, ժողովրդավարությունը դա սեփական կարծիք ունենալն ու այդ կարծիքին ենթարկեցնել է իշխանությանը, օրինակ ծառայեք մեր քաղաքականապես թույլ ժողովուրդներին: Մեր մտավորականությունն էլ, փոխանակ առավոտից իրիկուն բողոքի դեբիլների դեբիլություններից, պետք է դաստիարակի մեր Սյունիքի ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ բոլոր մեր անսահման սիրելի հայ ժողովուրդներին եւ մի շունչ մի մարմին հայ ազգ կայացնի: Կեցցե՛ հայ ազգը:

    • Հ.Շ. says:

      ջան, Սյունիքի բնակիչները հաւանաբար ամենախանդավառ կերպով ողջունում են միջանցքը. այն հաշիւով, որ նրանք ամենաշատը պիտի օգտուին դրանից. նիւթական, դրամական, առեւտարական առումով. եւ այդ «արժէքներից» բացի, ուրիշ բան չի մնացել ամբողջ երկրի տարածքին. աւելի յստակ լինեմ՝ մտաւորականը ո՞նց դաստիարակէ այդպիսի ժողովրդային մի զանգուած, որ շատ լաւ էլ հասկանում է թէ իրեն ինչ է բացատրում մտաւորականը, բայց բնաւ հետաքրքրուած չէ այդ վերացական նիւթերով. հետաքրքրուած բացառապէս նիւթական նիւթերով. այսպիսի բան իսկապէս գոյութիւն չունի աշխարհում, որեւէ տեղ.

      ի դէպ, պարտաւոր եմ մի բան էլ մատնանշելու. վերջին պահին, Արցախից դուրս եկան մօտ հարիւր հազար հայեր. վերջին հաւաքին, Արցախի Օր, ի՞նչ էր թիւը ցուցարարներուն…

      արցախցգիներն ալ նո՛յնն էին. ես իրենց մէջ ապրած եմ, շատ ժամանակ. Նրանցից մի շատ փոքր տոկոս միայն ունէր ազգային ըմբռնողութիւն. եւ այդ չնչին տոկոսը մնաց՝ ռազմադաշտում… առ յաւերժ…

  3. Նարեկ says:

    Բարև Ձեզ, Արամ։ Թույլ տվեք Ձեզ Ձեր հայրենակիցների հետ հաշտեցման մի փորձ անել։ Երևի կարելի է փորձել սկսել հասկանալուց։ Եկեք այս բառով հիշեցնեմ նրանց տրամադրվածությունը, ուրեմն էլ նրանց հետ ընդհանուր լեզու գտնելու մի տարբերակ․ Հայաստանում շատերը կոսմոպոլիտ են դարձել։ Ու գուցե շատերի համար Հայաստանի չափերի ու սահմանների այնպիսի զգացողություն չկա, որ այս ձևակերպմամբ ընդունեն, որ Հայաստանի մի մասը վերջերս գրավվեց Ադրբեջանի կողմից, բայց դժվար թե մեծամասնության համար միևնույն լինի ադրբեջանական տիրապետության, թե հայկական հասարակության մեջ ապրելը։

    Ես կոսմոպոլիտ չեմ, ես չեմ ուզում Երևանը Փարիզի կամ Լոնդոնի նմանվի, ես ուզում եմ Երևանում ավելի շատ տեսնել էն բարձրաքանդակները, որ զարդարում են Սուրբ Սարգիս եկեղեցու պատերը, ավելի շատ տեսնել այդ ճարտարապետությունը, ես ուզում եմ ավելի շատ հայերեն ցուցանակներ տեսնել, քան թե օտարաբանություններ, հայերեն ցուցանակներով լցված քաղաքներ պատկերացնելիս էլ հիացմունք ու զարմանք է պատում ինձ։ Ես ուզում եմ մեր հայերիս՝ հայոց մեջ ավելի շատ երկխոսություն ու համաձայնություն տեսնել, քան թե դրսից պատճենած ծրագրեր կատարելու պարտականություն, ես ուզում եմ Հայաստանը հայության ստեղծագործության ու նորարարության կենտրոն լինի ավելի, քան թե ներմուծող, լիբերալ սպառողական հասարակություն։

    Բայց երևի ազգային ինքնություն ունեցողներիս պարտականությունն է բարձրակարգ, քաղաքակիրթ հանրության ստեղծումն ու նորացումը, իսկ կոսմոպոլիտ անձինք էլ հետզհետե կարող են իրենց ինքնությունը հայության հետ կապված զգալ, բարձր ու հայ զգալ։

    Եթե Դուք էլ համաձայն եք անտրտունջ աշխատել հայկական քաղաքակրթության պահպանման ու զարթոնքի համար, ինչ֊որ, ինչ֊որ ժամանակ անց իշխանության բիծը ավելի շուտ կմոռացվի, քան Ձեր աշխատանքը։ Որովհետև Տենց ա։

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930