Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է իրականում կանգնած նախագծի և այն «մասնավոր ամերիկյան ընկերության» հետևում

Սեպտեմբեր 06,2025 15:53

Հաջորդ շաբաթ, ըստ որոշ ԶԼՄ-ների, Երևան կժամանեն ինչ-որ ամերիկացիներ՝ քննարկելու TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև որպես «Թրամփի ճանապարհ» կամ «Զանգեզուրի միջանցք»։ Կարճ ասած՝ խոսքը Սյունիքի մարզով անցնող չարաբաստիկ ճանապարհի մասին է, որը Փաշինյանը որոշել է հանձնել վարձակալության՝ 99 տարով՝ հետագայում նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն՝ մարդկային կյանքի չափանիշներով՝ անժամկետ։ Այդ ճանապարհով նա պարտավորվել է ապահովել ադրբեջանական մեքենաների անխոչընդոտ անցումը։

Մինչ այժմ մնում է անհայտ՝ ովքեր են այդ ամերիկացի հյուրերը։ Գրում են, թե «ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ» են։ Մենք նույնիսկ վախենում ենք ենթադրել՝ հատկապես որ շրջանակների ներկայացուցիչներն են գալու Հայաստան։

Միակ բանը, որ կարելի է հաստատակամ պնդել՝ այն է, որ որևէ մեկը չի պատրաստվում լուսավորել հայ ժողովրդին այս հողակտորի վարձակալման գործարքի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան փակ ձևաչափով. հյուրերը չունեն ժամանակ և ցանկություն հաշվի նստելու հայերի՝ նման հարցերի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքին։ Չեն հրապարակվում այցի մանրամասներն ու օրակարգը։ Հայտնի է միայն, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական ասպեկտներին, և որ կայացվելիք որոշումները կապված կլինեն «տարածաշրջանում նոր լոգիստիկ իրականության ձևավորման» հետ։

Այսինքն՝ ի վերջո հայ հասարակությանը պարզապես կանգնեցնելու են փաստի առաջ. ահա ձեզ նոր իրականություն, որտեղ ԱՄՆ-ը փաստացի վերահսկում է մեր ամբողջ սահմանը Իրանի հետ՝ բոլոր բացասական հետևանքներով, որոնք բխում են նման «վատություն» անելուց հարևանին։ Իսկ Սյունիքով անխոչընդոտ սլանում են ադրբեջանական մեքենաներ՝ բեռնված Աստված գիտի ինչով, քանի որ մեզ չեն թույլատրում դրանք զննել։ Եվ չհամարձակվես վիճել, չէ՞ որ դիմացդ կանգնած են մի ամբողջ ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։

Որոշ իմաստով նման հարցերի լուծման ոճը խոսուն է։ ԱՄՆ-ն չի պատրաստվում հաշվի նստել Հայաստանի հետ։ Հողը հանձնեցին վարձակալության՝ հիանալի, հիմա մի խանգարեք մեծ քեռիներին։

Բայց եկեք չլինենք հոռետես և փորձենք տեղի ունեցողի մեջ ինչ-որ դրական բան գտնել։ Ամերիկացիների այցն ունի մեկ դրական կողմ՝ այդ «տարբեր շրջանակների ներկայացուցիչները» բարեհաճել են անձամբ գալ Երևան։ Այսինքն՝ ՀՀ ԱԳՆ-ն գոնե մի փոքր կխնայի Փաշինյանի արտասահմանյան ուղևորությունների ծախսերը։

Քանի որ, ինչպես հայտնի է դարձել, Փաշինյանն ու Աննա Հակոբյանը արդեն աշնան սկզբին սպառել են ամբողջ տարվա արտասահմանյան ուղևորությունների բյուջեն, և ԱԳՆ-ն շտապ կերպով միջոցներ է հայցում նոր շրջագայությունների համար։ Բացակայող 60 միլիոնը վերցվել է Հայաստան-Սփյուռք համագործակցության ծրագրերից, որոնք ուղղված էին սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ երկրի զարգացման համար։

Համարվում է, որ Փաշինյան–Հակոբյան զույգի ուղևորությունները ավելի մեծ օգուտ են բերում երկրին։ Իսկ ի՞նչ ասես՝ Փաշինյանը իսկապես զուր չի գնացել արտասահման. ինչ ձեռքբերումներ՝ միջանցք բացեց ադրբեջանցիների համար, սահմանը Իրանի հետ հանձնեց վարձակալության, ՇՀԿ-ում խայտառակվեց, նրա ԵՄ դիմումը «ընդունվեց ի գիտություն», Ալիևի հետ սուրճ խմեց, Էրդողանի հետ քահ-քահ ծիծաղեցին։ Բա «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը քանի՞ անգամ ներկայացրեց՝ ցավոք, նախապես դատապարտված ձախողման։ Այս ամենը, անկասկած, արժեր հայաստանյան բյուջետային ծախսերը։

Բայց թեև ամերիկացի հյուրերի կողմից շատ սիրալիր էր անձամբ գալը, նրանց հանդեպ բազմաթիվ հարցեր կան։ Հատկապես հետաքրքիր է՝ ով է իրականում կանգնած նախագծի և այն «մասնավոր ամերիկյան ընկերության» հետևում, որին Փաշինյանը փոխանցել է Սյունիքը։

Տնտեսագետ-փորձագետները «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառու են համարում Թուրքիային. չէ՞ որ հենց նրանից է եկել միջանցքի վարձակալման նախաձեռնությունը՝ «մասնավոր ամերիկյան ընկերության» միջոցով։ Այսպիսով, ենթադրել թուրքական մասնակցությունը լիովին բնական է։

Այդ դեպքում հասկանալի է, թե ինչու չեն բացահայտվում գործարքի մանրամասները։ Քանի որ, եթե հայ հասարակությունը իմանա, որ Փաշինյանը երկրի առանցքային հատվածը հանձնել է թուրքերին, նրա համբերությունը հնարավոր է՝ վերջնական կհատի։

Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930