Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոնալդուն մոտեցել էր գետնին ընկած պաստառին, վերցրել, կարդացել այն, ապա հարգանքով ծալել ու փոխանցել հայ ֆուտբոլիստներին․ իմ բողոքը հասավ ոչ միայն խաղադաշտում ներկաներին, այլև ամբողջ աշխարհին․ Շահեն Հարությունյան

Սեպտեմբեր 06,2025 16:57

Պատմական գիտությունների թեկնածու, Շանթ Դաշինք ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Տասը տարի առաջ՝ 2015 թվականի հունիսին, Երևանը սպասում էր մեծ իրադարձության։ Հայաստան էր ժամանելու ֆուտբոլի աշխարհի անքննարկելի կուռքերից՝ Քրիստիանու Ռոնալդուն։ Բայց իմ ներսում այդ օրերին բոլորովին այլ զգացմունքներ էին իշխում։ Այդ ժամանակ հայաստանյան բանտերում էին տասնյակ քաղբանտարկյալներ։ Նրանց մեջ էր նաև հայրս՝ Շանթ Հարությունյանը, իր ընկերների հետ միասին։

Ես էլ, ընդամենը 16 տարեկան, բայց արդեն հասցրել էի անցնել դատարանների ճանապարհով․ դատապարտված էի չորս տարվա ազատազրկման, որը փոխարինվել էր այլընտրանքային պատժով։ Բայց դատավճիռն ու փորձությունները երբեք չկարողացան խեղդել իմ ներսում այրվող պայքարի ոգին։ Ամեն օր մտածում էի՝ ինչպե՞ս կոտրել լռությունը։ Երթերը, ցույցերը, հրապարակային ելույթները քիչ էին․ պետք էր մի բան, որ փոթորիկի պես կցնցեր բոլորին։

Հունիսի 13-ին Հայաստան–Պորտուգալիա խաղի 44-րդ րոպեն էր։ Մարզադաշտում հազարավոր, իսկ հեռուստատեսությամբ միլիոնավոր հայացքների ներքո ընթանում էր խաղը։ Իսկ ես, չնայած լինելով ֆուտբոլի մեծ սիրահար, միևնույն է՝ նայելով խաղադաշտին՝ մտածում էի, թե ինչպես եմ իրականացնելու անիրականալի թվացող միքտս։ Սրտիս զարկերը լսում էի ականջներումս, տագնապը ուժգնանում էր, և ես գիտակցում էի, որ անհրաժեշտ է գեթ մեկ ակնթարթ հաղթահարելու այդ զգացողությունները և սկսելու «ազատության վազքը»։

Ցատկեցի ներքև։ Մի քանի ակնթարթում՝ շրջանցելով ոստիկաններին և անցնելով արգելքները, հայտնվեցի խաղադաշտում։ Ձեռքիս անգլալեզու պաստառն էր՝ «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»։ Սկսեցի վազել։ Գիտակցում էի՝ սա այլևս պարզապես վազք չէր, այլ ազատության ու համառության ճիչ, որը լսելի պիտի դառնա։ Շրջանցում էի բոլորին՝ Ռոնալդուին, Մխիթարյանին, մյուս աստղերին։ Նրանք իմ պատանեկության ֆուտբոլային երանելիներն էին, որոնցով ոգեշնչվում էի, բայց պահի գիտակցական թելադրանքն այլ էր։ Իմ մտքում միայն մի նախադասություն էր պտտվում․ «Ես արդեն անցել եմ Ռուբիկոնը»։

Երբ հասկացա, որ իմ ասելիքն արդեն հազարավոր մարդկանց առջև հաջողված է, այդ պահից ամեն ինչ կանխատեսելի էր․ ոստիկաններ, բռնի ուժ, ձերբակալություն։ Ամենահետաքրքիրը եղավ հետո։ Տեսանյութերում պարզ երևում էր, որ հենց ինձ բերման ենթարկելուց հետո Ռոնալդուն մոտեցել էր գետնին ընկած պաստառին, վերցրել, կարդացել այն, ապա հարգանքով ծալել ու փոխանցել հայ ֆուտբոլիստներին։

Այդ փոքր դրվագը դարձավ մեծ խորհրդանիշ։ Իմ բողոքը հասավ ոչ միայն խաղադաշտում ներկաներին, այլև ամբողջ աշխարհին։ Մամուլը հեղեղվեց լուսանկարներով ու հոդվածներով։ Հոդվածներ գրվեցին Երևանից մինչև Նյու Յորք, Փարիզից մինչև Բուենոս Այրես։ Նույնիսկ The Washington Post-ը մեծ նյութ հրապարակեց։ Իսկ ես գիտեի՝ իմ նպատակը իրականացված է։ Այո՛, քաղբանտարկյալները հաջորդ օրերին չազատվեցին։ Բայց պայքարի ձայնը հնչեց, և դա էր իմ հիմնական նպատակն ու առաքելությունը։ Երբեմն խենթ քայլերն են, որ դառնում են պայքարի իրական խորհրդանիշ։

Ահա, տասը տարի անց Ռոնալդուն կրկին գալիս է Հայաստան։ Գուցե վերջին անգամ։ Բայց երկիրը, ցավոք, դեռ պահպանում է նախկին խնդիրները, որոնք այժմ ավելի են խորացել և հասել վտանգավորության սահմանագծին։ Ես էլ հասկանում եմ, որ կան քաղաքական պայքարի դրսևորումներ, որոնք գործնականում կրկնելը գրեթե անհնարին է։

Եվ այսօր, ինչպես այն ժամանակ, ես հավատում եմ մեկ պարզ ճշմարտության․ եթե մարդն իսկապես ուզում է պայքարել, եթե նա իր ձայնը չի ցանկանում խեղդել լռության մեջ, ապա միշտ էլ կգտնի ելք։ Պետք է միայն կամք, համարձակություն ու վճռականություն։ Մնացածը խոսքեր են։

Ես հաջողություն եմ մաղթում թե՛ Հայաստանին խաղի ընթացքում, և թե՛ բոլոր նրանց, ովքեր ունեն համարձակություն գիտակցելու պահի հնարավորությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930