Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձևով» շարժումը շատ ճիշտ ռազմավարություն է մշակել հատկապես Արցախի հարցի վերաբերյալ․ Գենադի Մնացականյան

Սեպտեմբեր 06,2025 20:31

Նկատի ունենալով, որ Սամվել Կարապետյանը այժմ անազատության մեջ է, կարելի է ենթադրել, որ նա քաղաքականություն մտավ զուտ ինքնապաշտպանվելու նպատակով, սակայն նրա կյանքի ու գործունեության անցած ճանապարհը թույլ է տալիս ավելի շատ հակված լինել այն մտքին, որ քաղաքականություն մտնելու մղիչ ուժն ու մոտիվացիան բարերարի մոտ ավելի վեհ են, քան ինքնապաշտպանությունը։

Կարծում եմ՝ միայն ինքնաճանաչման հոգեբանական բարդ գործընթացով անցնելուց հետո կարող էր որպես գերհաջողակ գործարար ու մեծ բարերար վաթսունամյա Սամվել Կարապետյանը որոշում կայացներ մտնել քաղաքականություն։ Ամեն դեպքում ողջունելի է ազգային բարերարի համարձակ այդ քայլը, մանավանդ որ նոր քաղաքական ազգային ուժի ձևավորվելուն հայ հասարակությունը վաղուց էր սպասում։

Եվ ահա 2026 թվականի օգոստոսի 29-ին Երևանում տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը, որի ժամանակ համակարգող խորհրդի անդամները ներկայացրել են շարժման համար առաջնահերթություն հանդիսացող  հիմնական հինգ ուղղությունները։

Գուցե հետագայում առանձին-առանձին հնարավոր կլինի անդրադառնալ այդ ուղղություններին, սակայն այժմ միայն նշեմ, որ, իմ դիտարկմամբ, բոլոր հինգ ուղղությունները շատ արդիական են և մրցունակ հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող տեղեկատվական պայքարում։ «Մեր ձևով» շարժումը, ըստ իս, շատ ճիշտ ռազմավարություն է մշակել հատկապես Արցախի հարցի վերաբերյալ։

Ինչպես ես հասկացա, շարժումը ներկա փուլում իր առջև խնդիր չի դրել նույնիսկ խոսելու Արցախի կամ արցախցիների վերադարձի հարցի մասին, ինչպես վարվում են շատ ընդդիմադիր ուժեր և առիթ տալիս իշխանություններին շատ հեշտությամբ հակադարձելու և ապացուցելու ներկա փուլում այդպիսի նպատակի իրականացման անհնարինությունը։ Եվ որպես հետևանք մարդիկ ասում են․ «Դե ճիշտ են էլի ասում, հիմա մենք ինչպե՞ս կարող ենք Արցախը վերադարձնել, կամ արցախցիները հիմա ո՞նց կարող են Արցախ վերադառնալ», արդյունքում տեղեկատվական պայքարում ահա այսպիսի փոքրիկ, բայց կարևոր հաղթանակներ են իրենց հաշվին գրանցում ժողովրդին մոլորեցնելու մեջ վարպետացած ու եկեղեցահալած ներկայիս իշխանությունները։

Ինչպես նշեցի, «Մեր ձևով» շարժումը Արցախի և արցախցիների հարցում ամենախելամիտ տարբերակն է ընտրել։ Գիտակցելով, որ ներկա ժամանակներում տարածաշրջանում տիրող ռազմա-քաղաքական դասավորվածությունը Հայաստանի համար, մեղմ ասած, բարենպաստ չէ, և նման իրավիճակում Արցախի կամ արցախցիների վերադարձի մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է, շարժումը համարում է, որ այս փուլում առաջնահերթ է արցախցիներին, և ոչ միայն արցախցիներին, Հայաստանում աշխատանքով ապահովելը, ինչը պարտավոր է, բայց չի կարողանում անել կառավարությունը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն լքել Հայաստանը։ Կարծում եմ՝ «Մեր ձևով» շարժումը նմանատիպ հայրենանպաստ նպատակադրումներ շատ ունի և ի վիճակի կլինի բոլորը իրականացնել հայավարի, այսինքն արդարադատորեն ու քրիստոնեական սիրով։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930