Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությանը սոցցանցերից «կտրելու» միջոց. Գրքի երեւանյան միջազգային փառատոնը երեք օրով լցնում է իրականությունը

Սեպտեմբեր 07,2025 11:05

Սեպտեմբերի 5-ից մեկնարկել է Գրքի երեւանյան միջազգային փառատոնը, որի ընթացքում կայացավ նաեւ Վիլյամ Սարոյանի «22 անտիպ պատվածք» ժողովածուի շնորհանդեսը: Փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում բացառիկ հնարավորություն կա տեսնելու Վիլյամ Սարոյանի նկարչական աշխատանքը, որը որպես մրցանակ տրվելու է Սարոյան մրցույթի հաղթողին փառատոնի փակման արարողության ժամանակ:

Ի թիվս այլոց, այս տարի եւս Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է փառատոնին: Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասում է, որ ընդլայնել են իրենց տաղավարը, որովհետեւ բավականին լայն հրատարակչական աշխատանք են կատարել: Նրա խոսքով, վերջին շրջանում մի նոր շարք են հիմնել` դա պատկերասրահի  բոլոր ցուցահանդեսների կատալոգներն են: Հայաստանի ազգային պատկերասրահի տաղավարում ներկայացված է ոչ միայն այդ  շարքը, այլեւ պատկերասրահի հավաքածուն ներկայացնող լայնածավալ ալբոմը, առանձին մենագրական ալբոմներ, գիտահետազոտական աշխատանքներ: Մարինա Հակոբյանի խոսքով,  տաղավարում ներկայացրած հրատարակություններով կարելի է ծանոթանալ Հայաստանի ազգային պատկերասրահի պատմությանը:

Արձակագիր, «Էդիթ Պրինտ»  հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հրաշալի ժամանակաշրջան է ընտրված փառատոնի անցկացման համար, որովհետեւ ուսանողական կյանքն էլ է ակտիվացել. «Եթե հաշվի առնենք, որ ընթերցանությամբ ավելի շատ հետաքրքրված են 15-30 տարեկանները, ստացվում է, որ  այստեղ լավ առիթ է ընթերցող-հրատարակիչ չմիջնորդավորված  ուղիղ կապ ստեղծելու համար: Միշտ ասում են, որ հրատարակիչները տարվա մեջ 30 գիրք են հրատարակում, բայց շատ գրքեր կան, որ այդ ալիքի տակ գրախանութները չեն կարողանում ներկայացնել, իսկ այստեղ հրատարակիչներն իրենք իրենց գրքերն ըստ արժանվույն կարողանում են ներկայացնել: Նաեւ բացի այս տոնավաճառը, միջոցառումներ կան, որոնք հետաքրքիր ու բազմաշերտն են: Ուրախալի է, որ փառատոնը միջազգային է:

Գրքի երեւանյան միջազգային փառատոնը հրաշալի առիթ է, որ գոնե 3 օրով հասարակությունն ավելի մշակութային դառնա, որովհետեւ մարդիկ սոցիալական ցանցերում են, քաղաքականացված են, մինչդեռ շատ հարցեր լուծելու համար պետք է նախ քո մեջ մշակույթ կրես:

Այսօր գրական շուկան բազմակողմանի է, հեղինակներին արդեն բնագրերից են թարգմանվում, սկսած հրատարակիչներից մինչեւ գրադարանավարներն՝ իրենց պատասխանատվության հատիկը պետք է կրեն, որ առողջ, խելացի եւ կիրթ սերունդ մեծանա»:

Գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հերթական անգամ լուսանցքից փորձ է արվում կենտրոն բերվել գիրքը, որի շնորհիվ մենք պահպանել ենք մեր ինքնությունը, հիշողությունը. «Մենք այն ազգն ենք, որ գրքի պաշտամունք ենք ունեցել, ցեղասպանության տարիներին անգամ մարդիկ մեծ ջանքերով գրքերը փրկել են: Այսօր ունենք Մատենադարան, որը  լավագույն կենտրոններից մեկն է,  բայց ցավոք, վերջին 30 տարիներին հասարակությունը մի փոքր գրքից հեռացել էր, մյուս կողմից էլ գիրքն էր հասարակությունից հեռացել:

Եթե խորհրդային  տարիներին քիչ անուններ մեծ տպաքանակով հրատարակվում էին, հիմա բազմաթիվ անուններ փոքր տպաքանակով են հրատարակվում, եւ ինչ-որ տեղ ստեղծվել է քաոսային իրականություն, ու ընթերցողը չի հասկանում այդ բոլորի մեջ որն է լավը: Ժամանակին գոյություն ուներ գրական մամուլ, որտեղ ինչ-որ առումով ֆիլտրվում էր այդ ամենը: Այսօր գրական մամուլ համարյա չկա,  ֆեյսբուքի ու արհեստական ինտելեկտի ժամանակներում ամեն ոք իրեն կարող է գրող եւ գրականագետ հռչակել, բայց ես վստահ եմ, որ ամենամեծ գրաքննադատը ժամանակն է»:

«Ռեա կոմիքս» հրատարակչական պատասխանատու Պետո Դեմիրճյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  սա իրենց առաջին մասնակցությունն  է փառատոնին. «Մենք երեւի թե ամենանոր հրատարակչությունն ենք, եւ մեզ համար կարեւոր է ներկա լինել, որպեսզի իմանան մեր մասին, մենք էլ տեսնենք, սովորենք: Զգալով, որ   «Ռեա կոմիքս» գրքերի կարեւորություն կա, որոշեցինք մասնակցել: Տարբեր տարիքի, տարբեր ճաշակի մարդիկ են մոտենում մեր տաղավարին,  ու հենց  մեր  «Ռեա կոմիքսի» նպատակն է, որ կոմիքսի՝ պատկերապատումի  ժանրը նաեւ հայկական գրականության մեջ մտցնենք, փորձենք մեր ձեւով կոմիքս գրքերը իբրեւ գրական ժանր տարածել, քաջալերել, խթանել, զարգացնել…»:

Հավելենք, որ Գրքի երեւանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության եւ գրահրատարակչության ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է, որն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնը տեւում է 3 օր, մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ եւ մշակութային կազմակերպություն, ավելի քանի 200 գրողներ, քննադատներ եւ բազմաթիվ ընթերցողներ:
Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում գրական մրցույթը, սպասված շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետության դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, թատերական ներկայացումները, գրական ստենդափը և այլն:​

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930