Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք մեր վարչապետն այդքան կարճատե՞ս է, չի կարողանո՞ւմ հասկանալ, որ Արցախի ժողովրդի ցեղասպանական տեղահանումը Թուրքիայի օգնությամբ եղավ»

Սեպտեմբեր 08,2025 13:00

«Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

 

-Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ասաց, թե «պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր ժողովրդի ու մեր պետության շահերի հետ որեւէ կապ չունի։ Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եկեք գույքագրենք, թե հայ ժողովուրդը, ՀՀ-ն ի՞նչ են շահել դրանից, ի՞նչ ենք ստացել դրանից»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ինչ վտանգ է պարունակում ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունը։

-Շատ անհեռատես հայտարարություն է արել վարչապետը։ Նախ դա անարգանք է աշխարհի բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք ճանաչել են ցեղասպանությունը՝ հայերի ու օտարների հանդեպ, որոնք տարիներով պայքարել են մեր իրավունքների համար։ Եվ այսօր այդ ձեւով խոսելը բոլորովին անարգանք է իրենց հանդեպ, մանավանդ՝ երբ ՀՀ վարչապետի կողմից է արվում այդ հայտարարությունը։ Անշուշտ, ինքը 2018 թվականին ասում էր, որ ցեղասպանության օրակարգն առաջնային է իր համար։ Այսօր փոխել է իր միտքը, ծանոթ պայմանների տակ է, ծանոթ նոր «բարեկամներին ու ընկերներին» գոհացնելու համար ինքն այսօր տարբեր բաներ է ասում։ Ես շատ անգամներ ասել եմ՝ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելը, որպեսզի ճանաչի ցեղասպանությունը, Հայաստանի Հանրապետության ապահովության համար շատ լուրջ հարց է։ Արդյոք մեր վարչապետն այդքան կարճատե՞ս է, չի կարողանո՞ւմ հասկանալ՝ ինչպե՞ս տեղի ունեցավ Արցախի ժողովրդի ցեղասպանական տեղահանումը, էթնիկ զտումը, Թուրքիայի օգնությամբ եղավ, չէ՞, թուրքական դերակատարությամբ եղավ դա։ Եվ փաստվեց՝ քանի դեռ Թուրքիան չի զղջում իր արածի համար ու չի ընդունում ցեղասպանությունը, նույնը պետք է կրկնի։ Այսօր զանազան մարտավարական պատճառներով Էրդողանը փորձում է տարբեր ուղղություններ ցույց տալ, բայց հստակ է՝ Թուրքիայի տեսակետը Ադրբեջանի հետ համահունչ է։

Այնպես որ, երբ Հայաստանի վարչապետը Թուրքիային գոհացնելու համար այս ձեւի հայտարարություններ է անում, անտեսում է հայ ժողովրդի 2/3-ին, որն արտերկրում է ու տարիներով պայքարել է ցեղասպանության համար, վարկաբեկում է ՀՀ բնակչության ջախջախիչ մեծամասնությանը, որը ցեղասպանության ճանաչման ջատագովն է։ Սա անարգանք է նաեւ Արցախի ժողովրդի համար, որը ցեղասպանական էթնիկ զտման ենթարկվեց Թուրքիայի ձեռքով։ Այնպես որ, վարչապետի ասածները բոլորովին անընդունելի, անհասկանալի ու դատապարտելի են մեր կողմից։

-Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ այսօր ի՞նչ աշխատանք է տարվում Հայ դատի կողմից։

-Աշխատանք տարվում է, գործընթացը որեւէ ձեւով կանգ չի առել։ Դուք տեսաք, որ այս տարի ապրիլի 24-ին Եվրոպական խորհրդարանը մեկ լիագումար նիստ տրամադրեց ցեղասպանության հարցը քննարկելու համար։ Բոլորդ տեսաք ու լսեցիք, թե ինչեր ասացին, մենակ մեր վարչապետը չանդրադարձավ դրան։ Աշխատանքը շարունակվում է, եւ նաեւ ունեցանք նոր ճանաչումներ։ Որքան Թուրքիայի վրա այս ճնշումը բանեցվի, այնքան Թուրքիան կկարողանա ուղղվել ու տեսնել անցյալի իր ոճիրը։ Թուրքիայի համար ծանր բեռ է, Եվրոպական միության պայմաններից մեկն էլ այն է, որ Թուրքիան պետք է տեսնի իր անցյալը։ Առանց այդ անցյալը տեսնելու Թուրքիան չի կարող առաջ գնալ։ Եվ սրանք քաղաքական ակտեր են, անհասկանալի է, թե ինչպե՞ս մեր վարչապետը սա չի հասկանում։

-Երբ Հայաստանի իշխանությունը պետական մակարդակով հրաժարվում է ցեղասպանության հարցը միջազգային օրակարգում առաջնահերթ հարց դիտարկել, աշխարհում ի՞նչ արձագանք կարող է լինել։

-Հայաստանի իշխանությունը կարծում է, որ խաղաղություն է բերում, բայց ի՞նչ խաղաղություն, երբ ինքը չի կարողանում երաշխավորել, երբ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության հողերի վրա է։ Եվ թող մեզ պատմություններ չպատմեն, թե մենք էլ ադրբեջանական հողեր ենք գրավել սովետական տարիներին։ Սրանք բոլորը պատմություններ են, որպեսզի ինքը վերարտադրվի հաջորդ տարվա ընտրություններում։ Եվ ինչքան էլ իրենք Արցախի հարցը չեն դնում, միջազգային հարթակում Արցախի հարցը գետնի վրա է, կոնֆերանսների թեմա է։ Ամսի 18-ին Փարիզի Ազգային ժողովում պետք է տեղի ունենա կոնֆերանս, նոյեմբերի 18-19-ին Բելգիայում պետք է ունենանք մեծ կոնֆերանս, նաեւ Եվրոպական խորհրդարանում, Շվեյցարիայի որոշումը հստակ է։ Բելգիայի կառավարության ծրագրի մեջ էլ հստակ նշված է, որ Բելգիան պետք է աշխատի Արցախի ժողովրդի իրավունքների համար։ Այսինքն՝ oտարները հետաքրքրված են մեր հայրենակիցներով, միայն Հայաստանի կառավարությունն է, որ այդքան հասկացություն չունի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930