ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Աբբաս Սալեհի Օմիդին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ջերմ ընդունելության համար, կարևորել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով նաև մշակույթի ոլորտում փոխգործակցության լայն ներուժը։ ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ շեշտել է սեպտեմբերի 6-ին Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգի նշանակությունը՝ որպես Հայաստանի և Իրանի մշակութային բարեկամության խորհրդանշական իրադարձություն։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում Իրանի մշակույթի օրեր և Իրանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։
Կարդացեք նաև
Հատուկ ուշադրություն է դարձվել կինոոլորտին՝ մասնավորապես «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» կինոփառատոների միջև հաստատված հաջող համագործակցության շարունակմանը։ Հայկական կողմն առաջարկել է ընդլայնել համատեղ ծրագրերը՝ ներառյալ ֆիլմերի փոխանակում, համատեղ արտադրություններ և թարգմանություններ։ Նշվել է, որ Իրանում տեղի է ունեցել անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմի ցուցադրությունը:
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում կինոոլորտի օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության պարագայում ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորությունը, որը փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների ոլորտային կառույցների անմիջական և սերտ համագործակցությունը՝ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով:
Նախարարները կարևորել են նաև գրավոր ժառանգության և գրականության ոլորտում համագործակցությունը։ Ընդգծվել է Մատենադարանի և Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության կենտրոնի արդյունավետ գործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև գրականության փոխադարձ տարածմանը․ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանի ազգային գրադարանում առանձնացված է իրանական գրականության նմուշների հավաքածու, իսկ Հայաստանում իրականացվում են իրանական դասական և ժամանակակից ստեղծագործությունների թարգմանություններ։
Հանդիպման ավարտին նախարար Ժաննա Անդրեասյանը Աբբաս Սալեհի Օմիդին հրավիրել է Հայաստան՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու խթանելու Հայաստանի և Իրանի միջև մշակութային համագործակցությունը։
Պաշտոնական այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաեւ Թեհրանի համալսարանի ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ։

Ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդը, ողջունելով ԿԳՄՍ նախարարի այցը, ընդգծել է, որ Հայաստանի բուհերի հետ գործընկերության զարգացումը Թեհրանի համալսարանի համար կարևոր նշանակություն ունի:
Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայաստանի առաջատար բուհերի և Թեհրանի համալսարանի միջև փոխադարձ այցերի, գիտաժողովների ու համատեղ ծրագրերի զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են նաև լեզվաբանական և մշակութային կրթական ծրագրերը, մասնավորապես՝ Թեհրանի համալսարանում հայերենի ուսումնառության հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև ԵՊՀ-ում, ԲՊՀ-ում և ՀՊՄՀ-ում իրանագիտության ու պարսկերենի ուսուցման զարգացումը։
Կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Իրանի բուհերի դիպլոմների փոխճանաչման ապահովումը, կառուցողական երկխոսության և համագործակցության խթանումը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































