Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտան սենյակ, դրոնը տուփով շատ սիրուն դրված էր, դա իմ դրոնն էր, ոչ Վազգենը, ոչ մյուս մեղադրյալներն առնչություն չունեն դրա հետ»

Սեպտեմբեր 08,2025 15:40

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր ընթացավ «Հյուսիսային տերեւաթափի» գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստում հարցաքննվեց վկա Հայկ Ոսկանյանը, որը այս գործով մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի եղբայրն է։

«Կարող եք ձեր եղբոր դեմ ցուցմունք չտալ, հիմա դուք ցանկանո՞ւմ եք ցուցմունք տալ»,- Հայկ Ոսկանյանին դիմեց դատավորը։ «Եղբորս դե՞մ»,- կատակեց Հայկ Ոսկանյանը։ Նա նշեց, որ եղբոր հետ նույն բնակարանում են բնակվել, խուզարկության ժամանակ ինքն էլ է տանը եղել։

Հիշեցնենք, որ «Հյուսիսային տերեւաթափ» անունը ստացած այս գործով, ըստ մեղադրանքի, «մի խումբ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, խմբի կազմում, 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:

Պայթյունները և հանրավտանգ մյուս գործողություններն առավել արդյունավետ իրագործելու համար մշակվել են ինչպես անօդաչու թռչող սարքերի միջոցով պայթուցիկ սարքը որոշակի բարձրությունից նետելու, այնպես էլ՝ հեռակառավարվող այլ սարքերի կիրառմամբ պայթուցիկ սարքը տրանսպորտային միջոցի, այլ թիրախների տակ մտցնելու և գործարկելու ծրագրեր։ Դրանք իրագործելու նպատակով հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել և փորձարկել անօդաչու թռչող սարք, միջոցներ են ձեռնարկել իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական սարքերը, այդ թվում՝ գործարանային արտադրության թռչող սարքը, հանցավոր նպատակների առավել արդյունավետ իրագործման համար հարմարեցնելու, կատարելագործելու, ձևափոխելու և դրա վրա պայթուցիկ սարք տեղադրելու եղանակով այն պայթյուններ իրականացնելու համար պիտանի դարձնելու ուղղությամբ»։

Անդրադառնալով գործով իրեղեն ապացույց հանդիսացող անօդաչու թռչող սարքին՝ վկան ասաց․ «Այդ անօդաչու թռչող սարքը պատկանում է ինձ, այդ սարքն ունեցել եմ մոտ մեկ տարի։ Ընդհանրապես օդային սարքերը իմ հոբբին են, քանի որ ես տուրիզմի ոլորտում եմ աշխատում, ինձ շատ դեպքերում պետք է եղել նկարահանումների համար։ Այսինքն՝ դա իմ առաջին դրոնը չէ, այդ դրոնի հետ ոչ Վազգենը, ոչ մյուս մեղադրյալներն ընդհանրապես առնչություն չունեն եւ չեն էլ կարող ունենալ։ Բացի դրանից, դրոնի միջի նկարները մեր սարքվող ամառանոցի նկարներն են, որոնք ես եմ նկարել»։ Նա ասաց, որ եղբայրը չի օգտագործել այդ դրոնը․ «Տասը տարվա մեջ, երբ ես տարբեր տեսակի դրոններ եմ ունեցել, ոչ մի անգամ չի եղել, որ ինքն ասի՝ տուր մի հատ էլ ես քշեմ։ Իրեն չի հետաքրքրել»։

Հարցին, թե այդ դրոնը խուզարկության ժամանակ տա՞նն է եղել, Հայկ Ոսկանյանը պատասխանեց՝ այո։ «Մտան սենյակ, դրոնը մաքսիմալ բացահայտ տուփով շատ սիրուն դրված էր, վերցրեցին»,- նշեց նա։ Հայկ Ոսկանյանն ասաց, որ խուզարկության ժամանակ վերցրել էին նաեւ իր համակարգիչն ու գումար, մի քանի ամիս հետո համակարգիչն ու գումարը վերադարձրել են, բայց դրոնը՝ ոչ։

Նա ասաց, որ եղբայրը բիզնեսով է զբաղվել։ Հարցին, թե իշխանությունների հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի իր եղբայրը՝ Վազգեն Ոսկանյանը, վկան պատասխանեց․ «Դրական կարծիք չունի, ինչպես լիքը մարդիկ, որոնք պատերազմին մասնակցել են: Կամ ես չեմ ճանաչում մարդու, ով էս վերջին պատերազմի դեպքերից հետո հարում է իշխող ուժին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930