Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի գործով դատախազն ազատվել է աշխատանքից

Սեպտեմբեր 08,2025 16:10

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործով դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը (լուսանկարում) ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց դատախազության ապօրինի գույքի գործով բաժնի պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը։ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի գույքի գործով նա կներկայացնի դատախազության շահերը։ Տիգրան Ենոքյանը միջնորդեց այս գործով նիստերը հետաձգել՝առնվազն երկու ամսով, որպեսզի ինքը հնարավորություն ունենա գործի նյութերին ծանոթանալու։

Վահագն Դալլաքյան

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Ռուբեն Հայրապետյանի պաշտպանական խմբի անդամ Վահագն Դալլաքյանը անդրադարձավ դատախազությունում մի շարք հրաժարականներին։ Ասաց՝ ապօրինի գույքի գործով ՍԴ որոշումից հետո, շատ գործեր, այդ թվում նաեւ Հայրապետյանների ընտանիքի գործը, պետք է այլ ուղղությամբ ընթանային, բայց չեն ընթանում, ուստի, հնարավոր է, որ շատ դատախազներ, այսպես ասած՝ մասնագիտական անհամաձայնության հիմքով, ուժ են գտնում իրենց մեջ եւ հրաժարվում են հետագա աշխատանքից։

Վահագն Դալլաքյանը չգիտի, թե ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների գործը չի գնում ՍԴ որոշման ուղենշած ճանապարհով։ Այս գործի հիմքում, հիշեցնենք, ենթադրյալ հանցանքն է եւ, որը ՍԴ որոշումից հետո դատախազությունը պետք է ապացուցի, ինչը չի կարողանում անել՝ փաստերի բացակայության պատճառով։ Aravot.am-ի հարցին՝ կարո՞ղ ենք փաստել, որ իշխանությունը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քաղաքական վրեժխնդրության վարկածով է առաջնորդվում, Վահագն Դալլաքյանը պատասխանեց՝ ամեն դեպքում, դատախազության մի քանի ամիսների գործողությունները կամ անգործությունը հակասում է եւ շեղվում է ՍԴ-ի գծած ուղենիշից եւ ակնհայտ է, որ դրա համար ինչ-որ պատճառներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Կարապետ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատավարությունը։ Հիշեցնենք, դատախազությունը նոր մեղադրանք էր առաջադրել Ռուբեն Հայրապետյանին, այդ թվում նաեւ ՀՖՖ-ից 150 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակության վերաբերյալ: Ապօրինի գույքի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո, դատախազությունը ժամանակ էր խնդրել՝ մեղադրանքը ՍԴ որոշմանը համապատասխանեցնելու համար։

Ամբողջական տեսանյութը՝՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930