«Վերջին մեկ տարվա ընթացքում սահմանին զոհ չունենք հակառակորդի կրակոցի պատճառով։ Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ սահմանին հիմա խաղաղություն է»,- լրագրողների հարցին՝ Դուք էլ եք համարո՞ւմ, որ արդեն խաղաղություն է, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Հստակեցմանը՝ նախաստորագրված փաստաթուղթն այդքան ուժ ունի՞, որ երաշխավորի խաղաղություն, պատգամավորն արձագանքեց․ «Պետք է աշխատել այդ փաստաթղթի վրա՝ ամեն օր, որ վերջնական խաղաղություն հաստատվի»։ Լրագրողների դիտարկմանը՝ Ադրբեջանը մեր տարածքում է, առանց գերիների վերադարձի ի՞նչ խաղաղություն, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց՝ այդ ուղղությամբ էլ ենք աշխատում։
Զուգահեռ անցկացնելով՝ լրագրողներից մեկը հարցրեց՝ եթե մեկը հարձակվի Ձեր տան վրա, խոհանոցը, տաք, մյուս սենյակները տաք, հետո միջանցքը տաք, ի՞նչ կանեք, Հրաչյա Հակոբյանը վրդովվեց․ «Իսկ ի՞նչ ենք տվել, կասե՞ք»։ Լրագրողը պատասխանեց՝ Սյունիքից տարածք։ Պատգամավորն արձագանքեց․ «Սյունիքից ի՞նչ տարածք ենք տվել։ Էդ տարածք ենք տվե՞լ։ Այդ ճանապարհը վերահսկվելու է ՀՀ օրենքներով, դա Դուք համարում եք, որ էդ ճանապարհը մենք տվե՞լ ենք»։
Հարցրին՝ Արցախը հանձնելու գնո՞վ է խաղաղությունը, Աննա Հակոբյանի եղբայր, ՔՊ խմբակցության պատգամավորն ի պատասխան լրագրողներին հարցրեց՝ գիտե՞ք Արցախն ովքեր են հանձնել, այն մարդիկ, որոնք գնացին, Եվլախում ստորագրեցին։
Կարդացեք նաև
Լրագրողները հակադարձեցին՝ Եվլախում ոչինչ չի ստորագրվել և հարցրին՝ 2023-ին Պրահայում ո՞վ էր Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց․ «Դա Արցախը հանձնել չէր։ Իսկ մինչ այդ ովքե՞ր էին ճանաչում Արցախը․․․»։ Լրագրողները շարունակեցին․ «Մինչև էդ 120 հազար արցախցիներ իրենց հողում էին ապրում»։ Պատգամավորն էլ ի պատասխան ասաց․ «Մենք էլ էինք ասում՝ մնացեք, ապրեք ձեր հողում։ Իսկ հիմա ինչո՞ւ են ասում՝ ինչո՞ւ չեք խոսում մեր վերադարձի մասին։ Էն ժամանակ ասում էինք՝ դուրս մի եկեք, ասում էին՝ մեզ չեն թողնում գանք Հայաստան։ Հիմա եկել են Հայաստան, ասում են՝ չեք թողնում վերադառնանք Արցախ»։
Լրագրողների և պատգամավորի միջև թեժ վեճ ծավալվեց։ Նրանք Հրաչյա Հակոբյանին հարցրին՝ 120 հազար արցախցիները ո՞նց կարող էին ապրել ադրբեջանցիների հետ, նա էլ ի պատասխան ասաց․ «Հիմա ինչո՞ւ են ուզում վերադառնալ Արցախ»։ Արցախցի լրագրողն ի պատասխան ասաց՝ ուզում եմ վերադառնալ իմ հայրենիք ու ապրեմ անվտանգ։ Պատգամավորն էլ ի պատասխան նշեց՝ մենք էլ էինք ուզում, որ դուք ապրեք անվտանգ․ «Ասում էինք՝ գնացեք, բանակցեք ադրբեջանցիների հետ, բայց ոչ վերջում հասցնել էն փուլին, որ Եվլախում ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը»։ Լրագրողները նորից փաստեցին՝ Եվլախում ոչինչ չի ստորագրվել, Սամվել Շահրամանյանը Եվլախում չի էլ եղել։ Պատգամավորը գոչում էր ու անընդհատ հարցնում՝ Եվլախալում եթե չի ստորագրվել, դե ասեք՝ որտե՞ղ է ստորագրվել։
Լրագրողներն ասացին՝ այդ փաստաթուղթը ստորագրվել է Արցախում և Նիկոլ Փաշինյանի իմացությամբ։ Այնուհետև հարցրին՝ չեք կարծո՞ւմ, որ եթե ՀՀ վարչապետը Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեր, վիճակն այդքան չվատանար, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց՝ չեմ կարծում և գերադասեց փակել թեման՝ նշելով՝ ես առանձնապես արտաքին քաղաքական, նմանատիպ հարցերի, որոնք ոլորտային են չեմ պատասխանում։
Լրագրողները փաստեցին՝ ըստ հարցումների՝ բավականին մեծ ընտրազանգված է կենտրոնանում Սամվել Կարապետյանի շուրջ և հարցին՝ «Մեր ձևով» շարժման հետ կապված մտավախություններ չունե՞ք, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Նման հարցում 2021-ի ընտրություններից առաջ պատվիրվել էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի կողմից։ Մենք այդ սցենարը տեսել ենք»։
Փաստելով, որ ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցման արդյունքների՝ ՔՊ-ի վարկանիշը անկում է ապրում, լրագրողները հարցրին՝ չի կարծո՞ւմ, որ գուցե 2026-ին պարտվեն և որպես ընդդիմություն հանդես գան, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ կպարտվենք։ Կապրենք, կտեսնենք»։ Լրագրողների դիտարկմանը՝ վարչական լծակներ ունե՞ք, դրա համար եք այդպես ասում, պատգամավորը հեգնեց՝ լավ էլի։
Լրագրողները հիշեցրին՝ ֆուտբոլի տոմս ստացողները կքվեարկեն ձեր օգտին, պատգամավորն էլ ի պատասխան ասաց․ «Լավ է՝ չեք ասում՝ ընտրակաշառք եք բաժանելու»։ Լրագրողները հիշեցրին՝ տոմս եք բաժանել, Հրաչյա Հակոբյանն էլ արձագանքեց․ «3000 դրամանոց տոմս է եղել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ