Հայաստանի կառավարության կողմից ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրաժի որոշման չկատարումը շատ վատ կանդրադառնա ՀՀ հեղինակության վրա։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։ «Արդարադատության նախարարը կարծես նույնիսկ ուղիղ ասել է, որ իրենք չեն կատարում արբիտրաժի որոշումը։ Սա չլսված հանգամանք է, սա նոր նախադեպ է, հետաքրքիր կլինի, թե այլ երկրներն ինչպես կարձագանքեն դրան»,- նշեց Վարդեւանյանը։
Նա ասաց, որ Սամվել Կարապետյանը միջազգային ճանաչում ունեցող գործարար է՝ «Ֆորբս»-ի ցուցակում ընդգրկված։ «Պատկերացրեք՝ «Ֆորբս»-ի ցուցակում ընգգրկված այլ գործարար, ով կցանկանա Հայաստանում ներդրում կատարել, աշխատատեղեր ստեղծել, հավելյալ արժեք ստեղծել, որից կշահենք բոլորս։ Որ տեսնի «մեր ձեւով» եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու արտահայության համար Սամվել Կարապետյանը 80 օր կալանավորված է, եւ այդ կալանքն էլ Վերաքննիչ դատարանը չի բեկանում, ի՞նչ արձագանք է տալու»,- հավելեց նա։
Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ ասաց, որ արբիտրաժային դատարանները ստեղծված են, որպեսզի միջազգային ներդրողների իրավունքները մաքսիմալ պաշտպանված լինեն։
«Այսինքն՝ միջազգային բիզնեսմենը, երբ գալիս եւ ուզում է ՀՀ-ում ներդրում անել, ինքը գիտի, որ կա Ստոկհոլմյան արբիտրաժային դատարան, եւ անկախ նրանից, թե դու քո դատական համակարգում ինչ հրահանգներ կտաս, կա արբիտրաժային դատարան, որտեղ կարող ես վիճարկել այդ երկրում տեղի ունեցող ոչ իրավաչափ վարքագիծը։ Բայց երբ միջազգային ներդրողները տեսնում են, որ անգամ արբիտրաժային դատարանի վճիռն է ՀՀ-ն խուսափում կատարել, դա շատ վատ ու բացասական հետեւանքներ է բերելու տնտեսության համար։ Առավել եւս մեր տնտեսությունը չի գտնվում լավ վիճակում, գիտենք՝ շատ վատ վիճակ է, ներդրումների ծավալները սարսափելի կրճատվել են, եւ նմանատիպ վարքագծերն էլ ավելի նպաստելու են ներդրումների կրճատմանը կամ եղած ներդրումների՝ Հայաստանից արտահոսքին։ Ոչ մի խոշոր ներդրող չի ցանկանա այնպիսի երկրում կատարել մեծ ներդրում, որտեղ ինքը համոզված չէ, որ իր ներդրումը երաշխավորված է, որ իր հետ օրինական են վարվելու, իր ձեռքից իր բիզնեսը չեն խլելու»,- նշեց Ֆերոյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ