«Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել է՝ կա՞ էդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի։ Դուք էդպիսի՞ դատավոր եք»,- այս հարցն այսօր խորհրդարանում ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում առաջադրված դատավոր Լուսինե Աբգարյանին տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը (լուսանկարում)։
«Որոշումները կայացնում եմ ինքնուրույն, որեւէ միջամտություն չի եղել իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ Իսկ եթե լինի, օրենքով սահմանված կարգի համաձայն ես պետք է դիմեմ ԲԴԽ։ Որ չեմ դիմել՝ նշանակում է՝ չկա»,- պատասխանեց թեկնածուն։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ ԲԴԽ նախագահն անգամ իր անկախությունը չի կարողացել ապահովել եւ մեկ sms-ով ազատվել է աշխատանքից։ Նաեւ հիշեցրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու դատավոր Լուսինե Աբգարյանի որոշումը հաջորդել է նրան, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չկա այնպիսի դատավոր, որն իր ասածը չանի։ Ագնեսա Խամոյանը նաեւ հիշեցրեց, որ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ էր, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել։
Լուսինե Աբգարյանը չմեկնաբանեց Ագնեսա Խամոյանի հայտարարությունները՝ հավելելով, որ օրինական ուժի մեջ մտած վճիռը վերադաս դատարանը չի բեկանել։
Կարդացեք նաև
Ագնեսա Խամոյանը նաեւ համատարած կալանքների պրակտիկային էր անդրադարձել․ «Քաղաքական գործերով տնային կալանքը որպես խափանման միջոց է կիրառվում, մարդկանց տանում են կալանքի, իսկ իրական հանցագործներն ազատ ման են գալիս այլ խափանման միջոցներով, նոր հանցագործություններ գործում»։
Թեկնածուն պատասխանեց, որ վիճակագրական տվյալների չի տիրապետում, չի կարող ասել, թե կալանքի, տնային կալանքի քանի՞ հարց է քննարկվել, բայց իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ են այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հարցերը, կան հստակ չափորոշիչներ, թե որը երբ պետք է կկիրառվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ