Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգում ենք, որ մեր մէջ վառ ու թրթռուն մնայ մեր Արցախ աշխարհը, որ` առօրեան իր դաժան հեւքով ու կշռոյթով այն չհանի ո՛չ մեր լեզուից, ո՛չ մեր մտահորիզոնից»

Սեպտեմբեր 10,2025 14:25

«Ահա երկրորդ տարին է, որ Արցախից հեռու` մենք հաւաքւում ենք ա՛յս պայմաններում: Երգում ենք, որ մեր մէջ վառ ու թրթռուն մնայ մեր Արցախ աշխարհը, որ` առօրեան իր դաժան հեւքով ու կշռոյթով այն չհանի ո՛չ մեր լեզուից, ո՛չ մեր մտահորիզոնից, որպէսզի ամրապնդենք արցախեան մեր կեանքի պայծառ յիշատակները, ու որ` չխամրեն մեր երազանքները: Որ` չզիջենք մեր երազանքները յաջորդ սերնդին, այլ ամէն օր գործենք դրանց իրականացմանն ի խնդիր․․․»:

Զաքար Քեշիշյան

 

1992թ․ Շուշիի ազատագրումից հետո լիբանանահայ երաժիշտ ու հայրենասեր Զաքար Քեշիշյանը եկավ Արցախ ու Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում հիմնեց «Վարանդա» մանկակապատանեկան, երիտասարդական պետական երգչախումբը, որի առաջին համերգը կայացավ Շուշիում, ապա՝ Երևանում՝ 1993 թվականին։ Ու մինչև 2020թ․ սեպտեմբերին սկսված պատերազմը «Վարանդա» երգչախումբը, որ գործում էր մանկական, պատանեկան և երիտասարդական կազմերով, բազում համերգներով հանդես եկավ Արցախում, Երևանում, ՀՀ տարբեր մարզերում, արտերկրում։ Սակայն եղավ պատերազմը, և Շուշին մնաց թշնամու տիրապետության տակ։

Բայց «Վարանդա» երգչախումբն այդ պատերազմից հետո էլ գործեց․ արդեն՝ Ստեփանակերտում։ 2022թ․ Արցախի մայրաքաղաքում երգչախումբը Զ․ Քեշիշյանի գլխավորությամբ վերջին համերգը տվեց՝ «Երգող Արցախ» երգչախմբային ծրագրով։

Արցախի հայաթափումից հետո «Վարանդա» երգչախումբը գործում է արդեն Երևանում՝ 2024-ից շարունակելով «Երգող Արցախ» երաժշտական ծրագիրը։ 2025 թ․ սեպտեմբերի 4-ին «Վարանդա»-ի պատանի երգիչները Զ․ Քեշիշյանի ղեկավարությամբ ելույթ ունեցան Արարատի մարզի Մասիս քաղաքում, 7-ին՝ Գյումրիում։

Սեպտեմբերի 9-ին «Երգող Արցախ»-ը հյուրընկալվեց Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Մոտ 6 տասնյակ պատանիներով համալրված երգչախումբը, գեղարվեստական ղեկավար ու խմբավար Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ, Նադեժդա Հակոբյանի դաշնամուրային երաժշտության ուղեկցությամբ, 10-ից ավելի երգերով հմայեց ու ոգևորեց հանդիսատեսին։

Ներկա էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ կառավարության անդամներ, հայրենի տնից բռնի տեղահանված արցախցիներ, ինչպես նաև մշակութային գործիչներ՝ Երևանից այլ վայրերից։

«Վարանդա»-ի ներկայիս երգչախմբի անդամները հիմնականում արցախցի պատանիներ են՝ ծնունդով Արցախի տարբեր շրջաններից ու Ստեփանակերտից, որ այժմ բնակվում են Երևանում և ՀՀ տարբեր մարզերում։ Երևանյան համերգի ժամանակ հնչեցին արցախյան բարբառով երգեր, որոնց թվում էր արցախյան բանահյուսությունից վերցրած և Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ «Այան մածունը մերալ ա» երգը։

«Պարոն Զաքար և 40 սատանաներ» հումորային երգը, որը գրել է Սերգեյ Մարկոսյանը՝ հատուկ «Վարանդա» երգչախմբի և «Երգող Արցախ» նախագծի համար, սիրով ընդունեց հանդիսատեսը։ «Սա միակ երգն է, որն արդեն կատարվել է անցյալ տարի, և պատանի երգիչների խնդրանքով այս տարի այն կրկին ներառված է երգացանկում», -տեղեկացրեց Զ․ Քեշիշյանը՝ հիշողություն պատմելով երգի ստեղծման մասին։

 

Համերգի ընթացքում բեմ էին բարձրանում երգչախմբին օժանդակող անձինք՝ երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակներ, այլք։ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, մշտապես Արցախին աջակից Գուրգեն Մելիքյանը, ծաղկեփունջ նվիրելով երգչախմբին, կարևորեց Զ․ Քեշիշյանի՝ 30 և ավելի տարիների կատարած և շարունակող աշխատանքը։

Երգչախմբի կատարած յուրաքանչյուր երգից հետո ավելի էր ոգևորվում դահլիճը․ յուրաքանչյուր երգ տունդարձի հույս էր ներշնչում։ Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ներկա էր համերգին, նրա խոսքերով գրված «Արցախ» բանաստեղծությունը, իր հեղինակած երաժշտությամբ երգի է վերածել երգահան Մարտին Վարդազարյանը։ Երգչախմբի կողմից հնչեց այդ երգը, և հեղինակները միասին բեմ բարձրացան, ողջունեցին Զ․ Քեշիշյանի ձեռնարկը։ Խ․ Մանուկյանը, որի որդին մարտիրոսվել է հանուն Արցախի, հավատ ներշնչեց՝ լինելու է վերադարձ տուն՝ Արցախ։

Արցախի Օրհներգով եզրափակվեց համերգը, որին նախորդեցին «Երազ, իմ երկիր հայրենի․․․» և Պարույր Սևակի խոսքերով գրված «Հայաստան» բանաստեղծության՝ Արմենուհի Կարապետյանի գործիքավորմամբ երգերը։

Համերգը նաև առիթ էր, որ իրար երկար ժամանակ չտեսած, կարոտած արցախցիները կրկին հանդիպեցին՝ անցած լավ ու բարի հիշողություններով։ «Ես խորապէս հաւատում եմ, որ բարու, արդարութեան յաղթանակը միայն հեքիաթներում տեղի չի ունենում, եթէ…», -ասել է Զ․ Քեշիշյանը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930