Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնամյակներ առաջվա մեթոդներով չես կարող կրթել ներկայիս սերնդին. Կամավոր ատեստավորված, տարակարգ ունեցող ուսուցիչ

Սեպտեմբեր 12,2025 12:30

Կամ ինչպես լինել մրցունակ եւ պահանջված

 

21-րդ դարի դպրոցն այլեւս չի կարող հենվել նախկին մեթոդների վրա։ Ժամանակակից աշակերտն ակտիվ համացանցային օգտատեր է եւ չի բավարարում պասիվ դիտորդի դերը կրթական գործընթացում։ Այս իրողությունները պահանջում են նոր մեթոդներ, առաջադեմ գործիքակազմ եւ աշակերտակենտրոն մոտեցումներ։

Ավելի քան 6100 ուսուցիչ կամավոր անցել է ատեստավորում՝ ստանալով բարձր աշխատավարձի հնարավորություն, իսկ շուրջ 1300 ուսուցիչ ստացել է բարձրագույն տարակարգ՝ փաստելով իրենց որակավորումները։ Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի, միջազգային փորձառությամբ եւ ներառական կրթության մեջ նորարար մոտեցումներով առաջատար մասնագետ Տաթեւիկ Ադամյանն այդ ուսուցիչներից մեկն է։

Նա մասնագիտական գործունեության մեկնարկից ի վեր առաջնահերթություն է տվել ինքնազարգացմանը, շարունակական կրթությանը եւ  կրթական նորարարական մեթոդների յուրացմանը։

«Սերունդները փոխվում են, եւ 10 տարի առաջ կիրառվող մեթոդները այլեւս չեն բավարարում։ Պետք է անընդհատ զարգանալ, ընդունել փոփոխությունները եւ գտնել նոր լուծումներ՝ արդյունավետ կրթություն ապահովելու համար»։

2014-ից Տաթեւիկը ներգրավված է եղել մի շարք կամավորական եւ մասնագիտական ծրագրերում։ Ինչպես ինքն է նշում, դրանք նրան տվել են ոչ միայն գործիքներ եւ հմտություններ, այլ նաեւ փորձի մեջ կիրառելու հնարավորություն՝ գնահատելու դրանց ազդեցությունն ու արդյունավետությունը։ Պետությունը խթանում է ուսուցիչների որակավորման բարձրացումն ինչպես վերապատրաստումներով, այնպես էլ՝ կամավոր ատեստավորման եւ տարակարգերի միջոցով։ Տաթեւիկը հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորման բարձր շեմը՝ դառնալով իր դպրոցում ամենաբարձր միավորներ հավաքած ուսուցիչներից։ Նա նաեւ ունի միջազգային IELTS վկայական եւ Քեմբրիջի համալսարանի սերտիֆիկատներ։ Մշտապես մասնակցում է վերապատրաստումների՝ պարբերաբար թարմացնելով իր գիտելիքները։

«Ուսուցիչն այսօր պետք է ոչ միայն սովորի, այլեւ սովորեցնի սովորել։ Մասնագիտական փորձի փոխանակումը, գործընկերներին աջակցելը կրթական մշակույթի կարեւոր բաղադրիչներից են»,-ասում է նա։

Անգլերենի գերազանց իմացությունն օգնում է Տաթեւիկին հասանելի դարձնել արդի մասնագիտական գրականությունը, կրթական մոդելներն ու միջազգային հնարավորությունները ինչպես աշակերտների, այնպես էլ՝ նրանց ընտանիքների համար։ Նա մանրամասն ծանոթ է միջազգային բուհերի ընդունելության չափանիշներին, խորհրդատու է FLEX, UWC եւ այլ փոխանակման ծրագրերի վերաբերյալ։ «Ուսուցիչը պետք է լինի նաեւ ուղեցույց՝ մասնագիտական կողմնորոշման, կրթական որոշումների եւ միջազգային ծրագրերում ներգրավման հարցում»,-ընդգծում է մանկավարժը։

Տաթեւիկը նշում է, որ ուսուցման մեջ կարեւոր է փորձով կիսվելը։ Նրա ձեւակերպմամբ, դասագրքային նյութի սահմաններում մնալը բավարար չէ. «Չես կարող մի բանի մասին խոսել, որը ինքդ չես արել։ Միայն Բիգ Բենի նկար ցույց տալով՝ արդյունքի չես հասնի։ Ես պատմում եմ իմ այցելությունների, դիտած ֆիլմերի, հանդիպած մարդկանց մասին։ Այդ ամենը տալիս է ուսուցման գաղափարներ, մոտեցնում է նյութը իրականությանը»։

2025-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Տաթեւիկ Ադամյանը ուսումնասիրել է ԱՄՆ-ում հատուկ կրթության մշակույթը, համեմատել հայկական եւ ամերիկյան մոտեցումները, եւ խորապես ծանոթացել է կիրառական վարքագծի վերլուծության (ABA) մեթոդաբանությանը։ Այս եզակի փորձը հիմք է հանդիսացել ներառական կրթության ոլորտում նորարարական մոդելների ներդրման համար Հայաստանում։

Նա կամավոր հիմքով աշխատել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝ հատկապես աուտիզմ ունեցող երեխաների հետ։ Այդ նպատակով անցել է տասնյակ սեմինարներ եւ վեբինարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ այդ թվում՝ «Աուտիզմի ըմբռնումը աշխատավայրում», «Աուտիզմով մարդկանց համար ներառական հասարակության կառուցում» եւ «Համաշխարհային կրթության տոնավաճառ»։

Նրա մշակած մեթոդաբանության շնորհիվ մինչեւ 70%-ով աճել է աշակերտների ներգրավվածությունը խմբային զբաղվածություններին, իսկ ինքնավստահության մակարդակը՝ առօրյա կյանքում։ Ծնողների ֆիդբեքը եւս փաստում է դրական տեղաշարժերը՝ կրթական արդյունքների, հաղորդակցման եւ մոտիվացիայի մակարդակներում։

Տաթեւիկ Ադամյանի մասնագիտական ներդրումը ճանաչվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Նա արժանացել է «Տարվա ուսուցիչ», «Տարվա ազդեցիկ մանկավարժ» մրցանակների՝ իր նորարարական, ներառական եւ աշակերտակենտրոն մեթոդների համար։ Ավելին՝ ընտրվել է միջազգային կոնֆերանսի բանախոս՝ ներկայացնելու ներառական կրթության իր մշակած մոդելը՝ որպես հաջողված օրինակ։

Նրա հոդվածներն ու մեթոդաբանական նյութերը հրապարակվել են միջազգային մասնագիտական հարթակներում, իսկ մի շարք հեղինակավոր մասնագետներ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից տրամադրել են գնահատող նամակներ՝ հաստատելով Տաթեւիկի աշխատանքի որակն ու արժեքը։

Նրա աշխատավարձը կամավոր ատեստավորման արդյունքում գերազանցում է ոլորտի միջինը շուրջ 25%-ով՝ վկայելով բարձր որակավորում, արդյունավետություն եւ պահանջարկ։ Տաթեւիկ Ադամյանի գործունեությունը հիմնված է շարունակական զարգացման, գիտելիքի տարածման եւ կրթության հանդեպ հավատարմության վրա։ Նրա ազդեցությունը չի սահմանափակվում դպրոցական լսարանով՝ այն տարածվում է համայնքի, կրթական կառույցների եւ միջազգային գործընկերների շրջանում։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.09.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930