«Միասին» համահայկական ՀԿ-ի նախաձեռնած և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-րդ ամյակին նվիրված «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով մշակութային ծրագրի հաջորդ հանգրվանը Իտալիայի Պադովա քաղաքի Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցին էր:
Մխիթարյան Միաբանության հիմնադրման 325-ամյակի շրջանակներում կայացած երեկոյին ներկա էին Մխիթարյան Միաբանության հայրերը, տեղի հոգևորականներ, համայնքային ներկայացուցիչներ և բազմաթիվ իտալացի հանդիսատես։
Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը՝ դաշնակահար Զոյա Թուխմանովա-Կարապետյանի երգեհոնի ուղեկցությամբ, հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները, ինչպես նաև եվրոպական հոգևոր երաժշտություն՝ արժանանալով ջերմ ընդունելության։
Կարդացեք նաև

Գևորգ Չիչյանը երախտագիտության խոսք հղեց նաև Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցուն՝ համերգը հյուրընկալելու և այս նախաձեռնությանը միանալու համար։ Նա հատուկ ողջույնով դիմեց օտարազգի հանդիսատեսին՝ ընդգծելով, որ նրանց ներկայությունը մեծ պատիվ է և հարգանքի արտահայտություն է հայկական մշակույթի, մեր ժողովրդի հոգևոր ինքնության և ստեղծագործ ոգու հանդեպ։
Սան Ֆրանչեսկո եկեղեցու հոգևորական Դոն Մասիմո Դե Ֆրանչեսկին ողջունեց այս նախաձեռնությունը և նշեց, որ այն նպաստում է հոգևոր ու մշակութային արժեքների տարածմանը:
«Իտալիա–Հայաստան ընկերություն՝ իտալա–հայկական բարեկամության համար» ասոցիացիայի ներկայացուցիչ Վարդան Ջաքոմելլին իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Միասին» ՀԿ-ին՝ մշակութային երկխոսության ամրապնդմանը ուղղված նախաձեռնության համար։
Մշակութային ծրագրի ավարտին «Միասին» ՀԿ-ի շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնվեցին Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցուն և «Իտալիա–Հայաստան ընկերություն՝ իտալա–հայկական բարեկամության համար» ասոցացիային։
Վերջում Մխիթարյան Մայրավանքի վանահայր Հայր Գևորգ Վարդապետ Սարգսյանը Մխիթարյան Միաբանության կողմից հուշամեդալ հանձնեց արգենտինաբնակ Անտոնիո Սարաֆյանին՝ Սփյուռքում հայկական մշակույթը պահպանելու, տարածելու և այս նախաձեռնությանն աջակցելու համար։
«Միասին» համահայկական ՀԿ




















































