Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով և առաջարկել է այս նախագծերը զարգացնել PPP ձևաչափով

Սեպտեմբեր 12,2025 16:20

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը մի շարք առանցքային ոլորտներում՝ առևտուր և ներդրումներ, գյուղատնտեսություն և սննդի անվտանգություն, էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն, զբոսաշրջություն։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված տնտեսական կապերի սերտացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և նոր նախաձեռնությունների խթանմանը։

Անդրադառնալով TRIPP հաղորդակցության ծրագրին ու ենթակառուցվածքներին՝ Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով և առաջարկել է այս նախագծերը զարգացնել PPP ձևաչափով՝ ապահովելով մասնավոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև նախաձեռնել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակում։
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման նախագիծ է, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցության խորացմանը և լարվածության նվազեցմանը։ Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է ամերիկյան փորձը և աջակցությունը ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության արդիականացման գործում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930